Հատված Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ հարցազրույցից:
– Ենթադրում եմ, որ ձեզ համար արդեն գրեթե ամբողջական է ուսումնասիրությունների պատկերը։ Ի՞նչ եք կանխատեսում, ըստ ձեր վերլուծությունների, կլինի՞ ուղեվարձի բարձրացում։
– Ես ուղեւորահոսքի վերլուծության արդյունքները չունեմ։ Երբ ունենամ, առանց կանխատեսելու կներկայացնեմ՝ ինչ է ստացվել։ Այդ նիստի ժամանակ (որը տեղի կունենա հետազոտության արդյունքները հայտնի դառնալուց հետո -խմբ.) միանգամից ինքնարժեքը կերեւա։ Նիստից հետո կնայենք՝ ինչ ծախսեր ենք կարողանում օպտիմալացնել, նվազեցնել։ Ենթադրում եմ, դրանից հետո մի ամսվա մեջ էլ մեր հանձնաժողովի աշխատանքը կավարտվի։
Բայց դա դեռ չի նշանակում, որ սակագինը բարձրացավ։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում առաջարկ է ներկայացվելու։ Այսինքն՝ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո նվազագույն օրենսդրական օրերով հաշված, առնվազն մի ամիս պահանջվելու է, որպեսզի առաջարկի հիման վրա որոշում կայացվի՝ հանրային քննարկման դաշտն էլ անցած: Հանձնաժողովը կփորձի աշխատանքները հնարավորինս շուտ ավարտել, եթե իհարկե, չքննարկենք խոցելի խավերի հնարավոր արտոնությունների տրամադրման հարցը, որովհետեւ դա էլ է բարդ խնդիր։ Եթե դրա վրա կանգ չառնենք, ինձ թվում է, մի ամսվա ընթացքում մեր աշխատանքները ավարտին կմոտեցնենք։
Կարդացեք նաև
Արտոնություններին բոլորը կողմ են, բայց դրա կիրառման դաշտում լուրջ խնդիրներ կան, քանի դեռ չունենք էլեկտրոնային տոմսային համակարգ։ Արտոնությունն ուղղակի ենթադրում է չարտոնված անձի կողմից վճարում արտոնվածի փոխարեն։ Ինչքանո՞վ է մեր բնակչությունը պատրաստ վճարել մեկը մյուսի համար։ Արտոնություններ սահմանելու դեպքում ուղեվարձը համապատասխանաբար բարձր կլինի։
– Սուբսիդավորման տարբերակը բացառվո՞ւմ է:
– Ես կարող եմ խոսել միայն Երեւան համայնքի ռեսուրսների մասին, ի պաշտոնե պատասխանատու եմ ֆինանսական բնագավառի համար։ Երեւան համայնքի ռեսուրսները չեն կարող բավարարել որեւէ տիպի սուբսիդավորման
համար՝ տրանսպորտի ընդհանուր համակարգում։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում