Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաղթեց, Հայաստանի անկախականների անելիքը ավելի ու ավելի է դժվարանալու. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2014 11:01

Ուկրաինայում որոշվում է, թե ինչ է Ռուսաստանը. ուղղակի մեծ պետությու՞ն, թե՝ իսկական կայսրություն։ Ահա և հասանք ուկրաինական իրադարձությունների առնչությանը Հայաստանի հետ։ Որովհետեւ Հայաստանի կարգավիճակի ընկալումը Ռուսաստանում մեծապես կախված է նրանից, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում ինքն իրեն։ Եթե կայսրություն, ուրեմն Հայաստանին վերապահված կարգավիճակը կլինի գուբերնիան, իսկ եթե Ռուսաստանը լինի մեծ պետություն, Հայաստանն էլ կլինի փոքր պետություն։ Փոքր և ինքնիշխան։ Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանի կարգավիճակը կախված է բացառապես նրանից, թե ինչպես է մեզ ու մեր երկիրն ընկալում Մոսկվան։ Բայց այս գործոնի դերը չի կարելի թերագնահատել, մանավանդ, որ Հայաստանի քաղաքական վերնախավում քիչ չեն մարդիկ, ովքեր իրենք են Հայաստանն ընկալում այնպես, ինչպես Ռուսաստանն է անում։

Ինչ խոսք, Հայաստանի ապագայի իրական կրողները նրանք են, ում համար Հայաստանի ինքնիշխանությունը սակարկության առարկա լինել չի կարող։ Եվ հենց նրանց տեսակետից էլ է կարեւոր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունը։ Եթե Ռուսաստանը Ուկրաինայում պարտվի, այսպես թե այնպես չի կարող դառնալ կայսրություն եւ ուրեմն՝ նրա ձգտումները Հայաստանում մի փոքր ավելի մեղմ կլինեն։ Իսկ եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաղթեց, Հայաստանի, այսպես կոչված, անկախականների անելիքը ավելի ու ավելի է դժվարանալու։

Պետք է խոստովանել, որ Հայաստանում շատերն են կարծում, որ Ռուսաստանի՝ կայսրություն դառնալը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Սրանք, սակայն, այն մարդիկ են, որ ազգային շահ ասելով՝ նկատի չունեն պետական շահը։ Ազգային շահի տեսակետից սովորական մի բան է, որ հայերը գոյություն ունեն եւ գոյատևում են Ռուսաստանի հովանու ներքո, որովհետեւ չկա այլևս որեւէ ուժ, որ մեզ կարողանա պաշտպանել «թուրքերից»։ Պետական շահը մի փոքր այլ նրբություն ունի, սա ենթադրում է, որ Հայաստանի պետությունը պիտի դառնա այն հզոր ուժը, որ մեզ պաշտպանի «թուրքերից»։ Իսկ այդպիսի ուժ դառնալու համար հարկավոր է լինել ինքնիշխան, ասել է, թե՝ ազատ։ Հայաստանի ազատության հարցը լուծվում է նաեւ Ուկրաինայում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728