Հատված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցից:
– ԲՀԿ ղեկավարի վերջին ելույթը շատերը գնահատեցին որպես վարչապետ դառնալու հայտ։ Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Ծառուկյանը դառնա վարչապետ։
– Ոչ Կոնգրեսում, ոչ էլ 4-ի ձեւաչափում նման հարց չենք քննարկել։ Մեզ համար առաջնայինն է ռեժիմի վերացումը, եւ մենք հասկանում ենք, որ դրա համար մեզ պետք է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա։ Խորհրդարանում, մասնավորապես այս 4-ի ձեւաչափի միջոցով, փորձում ենք ստանալ առավելագույն կոնսոլիդացիա։ Եթե այսօր դա լինում է կառավարության հրաժարականի շուրջ, մենք ամեն ինչ անում ենք, որ դա կայանա։
Եթե ժողովրդի, այս 4 կուռ ուժերի ճնշման ներքո Սերժ Սարգսյանն ստիպված լինի փոխել կառավարությունը, դա ստեղծում է լրիվ նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում։
Կարդացեք նաև
Թե ով կլինի Տիգրան Սարգսյանից հետո, մենք կքննարկենք անվստահությունը ստանալուց հետո։ Հնարավոր են տարբեր զարգացումներ։
Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Այնտեղ էլ են ցուցարարները հարց դնում Յանուկովիչի հրաժարականի։ Թեեւ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, նա լեգիտիմ նախագահ է, բայց այդ կոչն ստացել է զգալի մասի աջակցությունը։
Չի կարելի ասել, որ կառավարության հրաժարականով որեւէ հարց չի լուծվում։ Հակառակը, այն բանակցությունները, որ նա տանում է ընդդիմության հետ կառավարության ձեւավորման շուրջ, բացում է ինչ-որ հեռանկարներ քաղաքական պրոցեսի համար։
Մենք էլ ենք համարում, որ եթե հաջողվի այս գործը հասցնել կառավարության հրաժարականի հանգրվանի, մենք բացում ենք ինչ-որ հեռանկար հարցը լուծելու համար։ Առնվազն գոնե դուրս ենք գալիս քաղաքական այս ճահճից։
– Երկու տարի առաջ Լեւոն Տեր–Պետրոսյանը ներկայացրեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, որով կանխատեսում էր ԲՀԿ–ի՝ ընդդիմություն դառնալը։ Հիմա ԲՀԿ–ն ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն։
– Քաղաքագիտական հայտնի վերլուծությունը հնչեց 2011 թվականի նոյեմբերի 25-ին, ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, եւ շատ պարզ էր, որ ճակատային գրոհն իշխանության վրա այլեւս արդյունք չտվեց, եւ որ մենք ստիպված պետք է ճեղքվածքներ առաջացնենք իշխանության մեջ, ստեղծենք մի նոր ռազմավարություն իշխանության դեմ պայքարում։ Եթե հիշում եք, այն ժամանակ քաղաքագիտական վերլուծությունը շատ հարձակումների արժանացավ, անգամ մեր որոշ համակիրների կողմից։
Եթե վերլուծենք ԲՀԿ-ի ընթացքն անցած երկուսից ավելի տարիներին, ամեն ամիս կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց։ Մենք տեսնում ենք, թե ինչ հսկա էվոլյուցիա է անցնում ԲՀԿ-ն իշխանության կոալիցիայից դեպի ընդդիմացում։ Վերջին համագումարը լավագույն վկայությունն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն իսկապես աշխատում է։ Երկու ազդակ հաստատում են իմ պնդումը։ Մեկը՝ որ իշխանական մեքենան սկսել է քարոզչական հարձակումներ ԲՀԿ-ի վրա, երկրորդը՝ քաղաքագիտական վերլուծության քննադատները վերջապես լռել են։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում