Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը. Թող թռչկոտեն, մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն. «168 ժամ»

Փետրվար 20,2014 10:25

«168 ժամ»-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

– Պարոն Սահակյան, պնդում եք, որ ՀՀԿ-ն մենակ չէ այսօր: Բայց եթե համեմատենք ոչ իշխանական ուժերի հետ, ովքեր համախմբված են, միասնական օրակարգ են ձևավորում, իսկապես չե՞ք կարծում, որ մենակ եք մնացել դաշտում, չկա մի քաղաքական ուժ, ում հետ դուք համագործակցում եք:

– Մենք երկու անգամ իրանցից շատ ենք, ո՞նց եք միայնակ: Իրենց հզորություններից մենք ավելին ենք: Իսկ այդ միասնական օրակարգը, որ ասում եք՝ քաղաքական շոու է: Ենթադրենք՝ կառավարությանն անվստահություն ներկայացրին, վարչապետի հրաժարականը պահանջեցին, բայց իրենք կանխավ գիտեն, չէ՞, որ դա հնարավոր չէ: Վերջին հաշվով, եթե նույնիսկ այդ ճանապարհով գնան, էլի մենք ենք առաջադրելու, չէ՞, վարչապետ: Ընդդիմությանն այս երկու օրը կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ՝ այ, եթե այդ չորս ուժերով ներկայացնեք հասարակությանը, ձեզնից ո՞վ պիտի վարչապետ դառնա, միանգամից արդեն քննարկելի կդառնա ձեր հարցը: Բայց մարդիկ գլխի ընկան, որ իրենք չեն կարող, այնքան ամբիցիաներ ունեն, որ չեն կարող այդ չորս ուժերով մի վարչապետի թեկնածու տալ:

– Այսինքն՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է քննարկել վարչապետի փոփոխության հարցը, եթե ոչ իշխանական ուժերը ներկայացնեն գործադիր ղեկավարի իրենց թեկնածուին:

– Այսպես թե այնպես, կանոնակարգը թույլատրում է: Կբերեն, բնականաբար, մերժելու ենք, իրենք էլ գիտեն, որ մերժելու ենք ու նորից քոռուփոշման, էդպես պիտի նստեն, ուրիշ հնարք գտնեն: Հիմա գազից թռնում են կուտակային, կուտակայինից թռնում են Որոտան, ու տենց թռչկոտելով, թռչկոտելով… զգացվում է, որ սկսել են, դրանք մոռացել են, հիմա նոր բան են ման գալիս:

– ՀՀԿ-ն մեծամասնություն է, քվեարկում է այնպես, ինչպես ուզում է: Ընդդիմությունն ինչպե՞ս վարվի այս պարագայում, ոչինչ չձեռնարկի՞, ինչ է՝ Հանրապետականը դեմ է քվեարկելու:

– Պիտի այնպես անեն, որ իրենք էլ դառնան ինչ-որ պահի մեծամասնություն: Այնպես չի լինում, որ ընդդիմությունն առաջարկում է, ձեռքերը ծալում-նստում է, որ պատասխանատվությունը նորից ընկնի քաղաքական մեծամասնության վրա: Դրա համար այդ ընդդիմությունից մի երկու հոգու կարելի է գործուղել գյուղեր, որ ուսուցչությամբ զբաղվեն, գոնե տարին մեկ անգամ մի գյուղ գնան, տեսնեն՝ այդ հողագործն ի՞նչ է անում: Կարկուտի համար սքանչելի ակորդներ բաց թողեցին, կարծես թե իշխանությունն էր կարկուտը բաց թողել, բայց երբ հայտարարեցինք, որ փորձելու ենք օգնել այդ մարդկանց, մի տեսակ էդ ընդդիմադիրները ոչ մի լումա չտվեցին: Թող թռչկոտեն, մենք գոնե այնպես ենք անում, որ իրենց թևերը չպոկվեն: Ընդդիմությունը չի կարողանում իր դերակատարումն ապահովել քաղաքական դաշտում, լուսանցքում թռչկոտելով է զբաղված: Դրա համար ոչ թե պիտի խոսեն, այլ գործ անեն, որ ինչ-որ մի ենթադրյալ ժամանակ իրենք էլ մեծամասնություն դառնան: Իսկ մեծամասնությունը պատասխանատվություն է, դա այն չէ, որ շատ են:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728