Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ համագյուղացի Մամիկոն Խոջոյանի մասին ոչ մի տեղեկություն չկա: Գյուղապետի խոսքերով՝ ինքը այդ հարցով մշտապես կապի մեջ է Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցների մասին, ովքեր եւս Մամիկոնի մասին նոր տեղեկություններ չունեն: Գյուղապետն ասաց, որ Մամիկոնի հարազատները Կարմիր Խաչի միջոցով նամակ են ուղարկել նրան, սակայն Մամիկոնը ֆիզիկական վիճակի պատճառով ի վիճակի չէ անձամբ պատասխան նամակ գրելու: Կամո Չոբանյանը հայտնեց, որ Վերին Կարմիրաղբյուրում ապրում են Մամիկոնի տղան եւ հարսը, նրանք զբաղվում են հողագործությամբ:
Հիշեցնենք, որ 1937թ. ծնված Մամիկոն Խոջոյանը 2013թ. հունվարի 28-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Մամիկոնը տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ, սակայն որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Ադրբեջանի քարոզչամեքենան ծեր, հիվանդ մարդուն ներկայացնում է որպես հայ դիվերսանտ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ