Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում այսօր աշխարհը քաղում է 2008 թվականին Հայաստանից երես թեքելու արդյունքները

Փետրվար 19,2014 19:28

«Թե ի՞նչ ընտրություն է կատարում Ուկրաինան, ի՞նչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է ընտրում`դա ոչ ԵՄ-ի գործն է, որ ՌԴ-ի, որ էլ Եվրոպական խորհրդի: Դա բացառապես Ուկրաինայի սուվերեն ժողովրդի եւ նրա ընտրված իշխանության գործն է: Ընդ որում, այդ որոշումը պետք է հիմնված լինի որքան հնարավոր է լայն հասարակական կոնսենսուսի վրա»,- վերջերս նման տեսակետ ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը`Ուկրաինայի թեմայով քննարկման ժամանակ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին երկու օրերին Ուկրաինայում ծավալված ողբերգական իրադարձություններին, Լեւոն Զուրաբյանը մեջբերեց իր այդ ելույթից այլ դիտարկումներ էլ:

«Ելույթումս ասել եմ, որ ԵՄ-ն եւ ՌԴ-ն`Ուկրաինայի հետ միասին, պետք է աշխատեն, որ Ուկրաինան չվերածվի ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հակամարտության ռազմադաշտի: Այն, ինչը հիմա մենք տեսնում ենք, ըստ էության: Ասել եմ, որ շատ կարեւոր է, որ ԵՄ-ն եւ ՌԴ-ն ներդաշնակեցնեն իրենց շահերը եւ համագործակցեն Ուկրաինայում: Ասել եմ, որ այլընտրանքը աղետալի է լինելու նախ Ուկրաինայի համար, բայց նաեւ ՌԴ-ի եւ Արեւմուտքի լարված հարաբերությունների համար: Միեւնույն ժամանակ, այդ ելույթում ես ընդգծել եմ, որ ԵԽ-ն պետք է միջամտի, եթե խախտվում են քաղաքացիական ազատությունները, ժողովրդավարական ազատությունները, մասնավորաբար, մարդկանց կյանքի իրավունքը եւ հավաքների ազատության իրավունքը: Այս առումով, ես համարում եմ, որ կոնֆլիկտի էսկալացիայի առումով, Ուկրաինայի իշխանությունները լրջագույն պատասխանատվություն են կրում, մասնավորապես, ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառման համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Մեր զրուցակցի կարծիքով, եթե մինչ այսօր հույս կար, որ կարելի է կոնֆլիկտը լուծել քաղաքական, բանակցային տարբերակով, այսօր արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բռնության կիրարկումը երկու կողմից է եւ եթե այսպես շարունակվի, արդեն պատասխանատվության հարցն էլ դժվար կլինի որոշել. «Այսօր երկու կողմն էլ պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը`բռնության չկիրառման եւ հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու համար»: Ուկրաինայում կատարվածը հայ պատգամավորը համարում է ողբերգություն, որի լուծումն այդքան էլ հեշտ չի համարում. «Հակամարտության լուծումն այլեւս հեշտ չի կարող լինել: Ես միայն կարող եմ մաղթել իմաստնություն`բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այսօր վճռում են Ուկրաինայի բախտը»:

Ինչ վերաբերվում է ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառմանը, Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում էլ դիտարկում է արել. «Եթե Հայաստանի դեպքում իշխանության կողմից մահաբեր ուժի կիրառմանը տրվեր ադեկվատ արձագանք եւ եթե ԵԽ-ն մինչեւ վերջ հետամուտ լիներ մեղավորներին պատասխանատվության բերելու գործին`իշխանության վրա լրջագույն ճնշումներ գործադրելու միջոցով, մենք կարող է այսօր այլ Եվրոպայում ապրեինք: Մի Եվրոպայում, որտեղ իշխանությունները, կառավարությունները շատ ավելի զգույշ կլինեին եւ շատ ավելի պատասխանատու`ուժային մեթոդներ կիրառելու որոշում ընդունելուց առաջ»: Լեւոն Զուրաբյանն առաջարկ էլ է արել, որը բավականին մեծ արձագանք է ստացել: Նա առաջարկել է, որպեսզի ԵԽ-ն հատուկ զեկույց պատրաստի`ցուցարարների դեմ մահաբեր զենքի գործածման մասին եւ, բնականաբար, Հայաստանի`2008 թվականի մարտի 1-ի դեպքերը եւ Ուկրաինայում ընթացող դեպքերը պետք է արտացոլված լինեն այդ զեկույցում:

«Նորից ուզում եմ շեշտել`եթե ժամանակին ադեկվատ արձագանք տրվեր հայաստանյան իրադարձություններին`այսպիսի շարունակություններ այսօր մենք հնարավոր է չունենայինք Ուկրաինայում: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Ինչո՞ւ չէր կարելի նույն բանն անել 2008 թվականին: 2008 թվականին աշխարհը երես թեքեց Հայաստանից եւ Հայաստանի ժողովրդավարությունից: Այսօր այդ երես թեքելու պտուղները քաղում են»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728