ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն` Հայաստանն առաջին անգամ դասվել է երկրների 1-ին խմբում, ինչը բոլոր շահագրգիռ կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքն է:
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը տեղեկություններ ներկայացրեց «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» նոր օրենքի նախագծի մասին` նշելով, որ փաստաթղթի նպատակը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, ինչպես նաեւ աջակցության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրման ապահովումն է: Նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ: Վ. Կաժոյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբին (ԳՐԵՏԱ-ի) եւ ԱՄՆ պետքարտուղարությանը` փորձագիտական գնահատականների ստացման համար: Խորհրդի նիստին ներկա ԳՐԵՏԱ-ի փորձագետը որոշ նկատառումներ ներկայացրեց նախագծի վերաբերյալ: Փոխվարչապետն առաջարկեց փաստաթուղթը լրամշակել` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ այն եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ:
Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի մասին լավագույն լրագրողական աշխատանքների ընտրության ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպմանը: Որոշվեց, որ 2013թ. աշխատանքների ընտրության մրցույթը կհայտարարվի փետրվարի վերջին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին