Լրահոս
Օրվա լրահոսը

Քարահունջի բնակիչները շարունակում են ապրել սողանքային գոտում

Փետրվար 19,2014 18:18

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում եւս մեկ տուն է փլվել վերջերս: Տան բնակիչները կանխազգալով փլուզման վտանգը՝ մի քանի օր առաջ են դուրս եկել տնից եւ տեղափոխվել հարազատների տուն: Տան տերերը բազմիցս են օգնության համար դիմել տարբեր ատյանների պատասխանատուներին, սակայն անօգուտ:  Այս պահին, ըստ Գորիսի տարածաշրջանի Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի, 170 ընտանիք է ապրում սողանքային գոտում, առավել վատթարային կարգավիճակ ունեցող տների թիվը 20-ն է: «Սողանքի գոտում բնակվող բնակիչներին տնամերձեր տրամադրեցին ու փոխհատուցում ստացան, մի մասը հասցրեց տեղափոխվել, մի մասը՝ չհասցրեց, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպես էլ մնաց այս հարցը», -ասաց Քարահունջի գյուղապետը:

soxanq1

40 տարուց ավելի է, ինչ  Քարահունջի բնակիչները ապրում են սողանքային գոտում՝  վթարային, կիսախարխուլ ու ճաքած պատեր ունեցող տներում:   Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի պատմելով՝ սողանքային գոտու խնդիրը դեռեւս 70-ականներից է առկա: Որոշ ընտանիքներ են միայն հասցրել տեղափոխվել, 2002 եւ 2008 թվականներին 9 ընտանիք պետության կողմից  փոխհատուցում է ստացել եւ տեղափոխվել սողանքային գոտուց, բայց ներկա պահին դեռ 170 ընտանիք շարունակում է ապրել սողքի գոտում, որտեղ ապրելը գնալով ավելի վտանգավոր է դառնում: «Նրանց բնակարանի գնման վկայական է տվել պետությունը, բայց դրանով էլ գյուղը տարաբնակեցնում են, մարդիկ սեփականաշնորհված հող ունեն, անասուն ունեն: Ավելի նպատակահարմար է ոչ թե բնակարանի վկայական տան՝ գյուղը  տարբնակեցնեն, այլ մեր նոր գյուղատեղիում տնամերձեր տան, որ մարդիկ կարողանան իրենց համար բնակարան կառուցեն ու ապրեն: Սա գլոբալ խնդիր է, պետական հոգածություն է պահանջում: Ամեն մի փոքր տուն կառուցելու համար պետությունը բնակչին 8-10 մլն դրամի չափ գումարով գոնե աջակցի՝ սողանքի գոտուց տեղափոխվեն նոր գյուղատեղի» , – նշեց Լուսինե Ավետյանը եւ հավելեց, որ անզեն աչքով են տեսնում, թե ինչպես են տները թեքվում կամ փլվում, իսկ բնակիչները բնակվելու այլ կացարաններ չունեն: Գյուղապետը այս խնդիրը բարձրացրել է նաեւ վերջերս Սյունիքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ, իսկ մինչ այդ նույն հարցով բնակիչները նաեւ ուղերձով դիմել էին մարզպետ Վահե Հակոբյանին:

soxanq3

Զրուցակցիս խոսքով՝ տարածքը մարզպետարանի միջնորդությամբ ժամանակին հետազոտել են, նույնիսկ ճապոնացիներն են համապատասխան ուսումնասիրություններ կատարել,  բնակիչներն էլ շարունակաբար դիմել են կառավարությանը, սակայն  վերջիններս մշտապես պատասխանել են, որ բյուջեում համապատասխան գումար չկա նախատեսված:  Այժմ քարահունջցիները հույս ունեն, որ նոր մարզպետի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728