Այսօր Վարչական դատարանում քննվեց ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործը:
ՀՀ ոստիկանության կողմից դատարանի դահլիճում որպես վկա ցուցմունք տվեց Գոռ Սահակյանը:
Aravot.am-ը դատական նիստի ավարտից հետո Վահագն Մինասյանից հետաքրքրվեց` համամի՞տ է վկայի ներկայացրած փաստերին, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը: Վահագն Մինասյանը պատասխանեց. «Ժամի հետ կապված որոշակի շեղում կար: Վկան մատնանշեց, թե առաջին անգամ 13.20-ի սահմաններում են ինձ բերման ենթարկել, երեք ժամ պահել են բաժնում 16.20-ին բաց են թողել, 16.30-ին ես եղել եմ քաղաքապետարանի դիմաց ու սկսել բարձրախոսով կոչեր անել: Բայց ես բարձրախոսով 18.05-ից սկսած եմ հայտարարություն արել` որպես բարի կամքի դրսևորում միտում ունենալով քաղաքապետարանի այն աշխատակիցների աշխատանքը չխանգարել, որոնք իրավասու չէին մեր բարձրացրած խնդրի լուծումը տալ: Իսկ Գոռ Սահակյանը նշեց, որ կենտրոնից վերադառնալուց անմիջապես հետո էլ սկսել եմ հայտարարություններ անել, ինչը չի համապատասխանում իրականությանը»:
Դատավարության ընթացքում Գոռ Սահակյանը հայտարարեց, թե հարմար պայմաններ չկային վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու համար, այդ պատճառով էլ Վահագն Մինասյանին բերման են ենթարկել: Վահագն Մինասյանից հետաքրքրվեցինք՝ իրո՞ք նման պայմաններ չկային: Նա պատասխանեց. «Միանշանակ կային: Առանց բերման ենթարկելու, անձի հետ կապված վարչական իրավախախտումների մասին արձանագրություն գրելու համար ամենակարևոր նախապայմանը անձը հաստատող փաստաթղթի առկայությունն է, ինչը հուլիսի 26-ից սկսած մինչև նստացույցի ավարտը, գրեթե բոլոր մասնակիցների մոտ եղել է: Բացի այդ, կապված ոստիկանության` արձանագրություն կազմելու համար հարմարավետ պայմանների մասին դիտարկմանն, ասեմ, որ նրանք իրավասու էին քաղաքապետարանի շենք հանգիստ մուտք գործել, իսկ այդտեղ հենց առաջին հարկում կային սեղան աթոռներ, որտեղ հանգիստ կարող էին արձանագրություն կազմել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ