Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ուկրաինայի համար շատ ավելի բարդ օրեր կարող են լինել»

Փետրվար 19,2014 17:49

«Այն, ինչ կատարվում է հիմա Ուկրաինայում, բավականին բարդ եւ տեւական գործընթացների արդյունք է: Ասել, որ դա նոր է սկսվել` ճիշտ չէ: Ներքաղաքական գործընթացներն ուկրաինական պետությանն ուղեկցում են հետխորհրդային ողջ ժամանակահատվածում: Հիմա շատ լարված վիճակ ստացվեց`կապված քաղաքական-տնտեսական կողմնորոշման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին ուկրաինական Մայդանում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Մեր զրուցակիցը նկատում է, որ Ուկրաինայում կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման վրա: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ի՞նչ քաղաքական տնտեսական կողմնորոշումով Ուկրաինան դուրս կգա այս իրավիճակից, մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսել: Մի բանում, սակայն, վստահ է. «Վստահաբար ասել, որ սա վերջն է`այդպես էլ չէ: Կարծում եմ, որ Ուկրաինային, ցավոք, դեռ բավականին իրադարձություններ են սպասվում: Միայն կարող եմ ցանկանալ, որ մարդկային զոհերը դաս կլինի բոլորի համար եւ զգոնության, սթափության ազդակ, ու ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա»:

Ի՞նչը նկատի ունի «բարեհաջող ավարտ» ասելով մեր զրուցակիցը`Ուկրաինայի եվրոպակա՞ն, թե՞ ռուսական կողմնորոշումը`դիտարկմանն էլ արձագանքեց. «Ես նկատի ունեմ, որ Ուկրաինայի իշխանությունն ու հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկեն, այնպիսի դիրքորոշում որդեգրեն, որը մեծամասնության համար հասկանալի եւ ընկալելի կլինի»:

Հնարավոր տարբերակ համարո՞ւմ է Սամվել Նիկոյանը, որ իրականություն կարող են դառնալ Ուկրաինայի մասնատման տարբերակները: «Ուկրաինայում բավականին բարդ խնդիրներ կան` նաեւ պատմականորեն ձեւավորված: Եվ ընդհանրացնող եւ տարանջատող գործոններ կան. ուկրաինացի ժողովուրդը պետք է հստակ գիտակցի այն մարտահրավերը, որը կանգնած է պետության, պետականության եւ միասնության առջեւ: Սա վերջը չէ, Ուկրաինայի համար շատ ավելի բարդ օրեր կարող են լինել, եթե եւ իշխանությունը, եւ հասարակությունը չսթափվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728