Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանում չհնչեց հարցի պատասխանը, թե ինչ իրավական հիմքով են ակտիվիստ Կարեն Հարությունյանին բերման ենթարկել (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 17:35

Այսօր Վարչական դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով քննվեց ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ ակտիվիստ Կարեն Հարությունյանի գործը:

Նշենք, որ հայցվոր կողմը հանդես է եկել հակընդդեմ հայցով «Կարեն Հարությունյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու, Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 12.09.2013թ հայցն ընդդեմ Կարեն Հարությունյանի, մերժելու» պահանջով:

Նիստի սկզբին կողմերը դատավոր Արման Թովմասյանի հետ միասին հետազոտեցին հայցվոր կողմի ներկայացրած այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ակտիվիստ Կարեն Հարությունյանին` առանց նշելու իրավական հիմքը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, կենտրոն բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը դատարանին պատմեց, որ օգոստոսի 27-ի գիշերը Կարեն Հարությունյանը ու բողոքի ակցիայի այլ մասնակիցներ պառկել են քաղաքապետարանի աստիճանահարթակին, պատրաստվել են գիշերել այդ հատվածում: Ոստիկանները պահանջել են հեռանալ, քանի որ հակաօրինական է:

Կարեն Հարությունյանի փաստաբան Արտակ Զեյնալյանը հարց հնչեցրեց` ոստիկանները ո՞ր իրավական նորմին են հղում կատարել նրան բերման ենթարկելիս: Հայցվոր կողմն այդպես էլ չկարողացավ ոստիկանության պահանջի օրինականությունն ապացուցող իրավական որևէ նորմ ներկայացնել: Այս առիթով ոստիկանության ներկայացուցիչները միջնորդեցին, որպեսզի դատական նիստին որպես վկա ներկայանան ոստիկանության այն ծառայողները, որոնք ներկայացված տեսանյութում երևում են:

Հայցվոր կողմը համարում է, որ օգոստոսի 27-ի գիշերը կատարվածը եղել է հերթական բեմադրությունը: Կապված Կարեն Հարությունյանին բերման ենթարկելու փաստի վերաբերյալ՝ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասաց, որ դա արվել է, «նախ, որ չի թույլատրվում պառկել անթույլատրելի վայրում, հետո անվտանգության տեսանկյունից ելնելով»:

Կարեն Հարությունյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հարցրեց` Կարեն Հարությունյանը անվտանգության որևէ սպառնալիք ներկայացրե՞լ է, ինչո՞ւ են նրան տարել բաժին: Սոնա Մելիքյանն արձագանքեց, թե գուցե «մոտը բան էր պահում»: Այնուհետև միջամտեց ոստիկանության մյուս ներկայացուցիչը` նշելով, թե ոստիկանի վարչական պահանջը չկատարելու համար է նա տարվել բաժին` ըստ էության հակասելով անվտանգության տեսանկյունից ելնելով դիտարկմանը:

Մյուս խնդրահարույց հարցն այն էր, արդյոք Կարեն Հարությունյանը բերման ենթարկելիս պառկա՞ծ էր, թե՞ ոչ: Ոստիկանության ներկայացուցչները պնդում էին, որ պառկած էր: Դատավորը հարց հնչեցրեց`ինչո՞վ եք ապացուցում, որ պառկած է եղել: Հարցին հստակ պատասխան չտրվեց:

Արտակ Զեյնալյանը իրավական գնահատական տալով կատարվածին՝ այն համարեց «հակասահմանադրական» ու մանրամասնեց. «Տեղի ունեցածը հակասում է Սահմանադրությանը: Ոստիկաններն իրենց գործողություններով խոչընդոտել են Կարեն Հարությունյանի` խաղաղ հավաքների անցկացման ազատությանը, խոսքի, անձնական ազատության անձեռնմխելիության իրավունքներին: Հարց է առաջանում` արդյոք այդ միջամտությունը եղե՞լ է իրավաչափ: Եթե իրավաչափ է եղել արդյոք միջամտությունը համաչա՞փ է եղել և անհրաժեշտ ժողովրդավարական համակարգում»:

Մինչդեռ ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ Կարեն Հարությունյանի և նրա ընկերների գործողությունները եղել են դիտավորյալ: Արտակ Զեյնալյանը հակադարձեց. «Մեր վստահորդը խաղաղ հավաքների ազատության իր իրավունքն է իրականացրել: Առնվազն երեք ժամով մեր վստահորդի բողոքի ակցիան ընդհատվել է և այդ երեք ժամվա ընթացքում նա հնարավորություն չի ունեցել ազատորեն իրականացնել իր իրավունքը: Այդ պահին Կարեն Հարությունյանը պառկած ու քնած չի եղել: Բողոքի ակցիայի մասնակիցները պառկած են եղել հարթակի եզրերին և մարմնով ուղղահայաց են պառկել վարչական շենքին: Քաղաքապետարանի մուտքը ազատ է եղել»:

Հավելելով՝ պարոն Զեյնալյանն ասաց, որ ոստիկանները չեն ապահովել խաղաղ ցուցարարների խաղաղ քունը, նրանց համար նախատեսված կացարանում ոստիկանների աչքի առջև, ծառայություն իրականացման պայմաններում նրանց բազում անգամներ ենթարկել են ծեծի»:

Դատական նիստի ընթացքում պետք է լսեին նաև գործում ներգրավված վկաներին: Սակայն նախագահող դատավորը կողմերի համաձայնությամբ որոշեց նիստը հետաձգել և հաջորդ դատական նիստում վկաներին միասին լսել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728