Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը պատասխանում է ԱԼԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի մեղադրանքներին

Փետրվար 19,2014 17:22

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին խնդրեց մեկնաբանել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների տարածած հայտարարությունն այն մասին, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ:  Հայտարարության մեջ անդրադառնում են ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորվող ապօրինություններին, Շանթ Հարությունյանին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ էլի ուրիշների, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, դրանք համարում են քաղաքական հետապնդում: Իշխանություններից պահանջում են սթափվել, գիտակցել երկրի համար օրհասական պահը եւ չխաթարել պետության հեղինակությունն ու ապագայի տեսլականը:

Հովհաննես Սահակյանի խոսքով` հայտարարության ոչ պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրա է. «Ոչ առիթ կա, ոչ էլ անհրաժեշտություն, առավել եւս մենք տեսնում ենք, որ այսօրվա գործող իշխանությունը այդ քայլերից բավականին հեռու է, եւ, եթե այսօր մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, ապա այդ պլատֆորմի ներկայացուցիչները պետք է ազնիվ լինեն ու նշեն, որ ցանկացած քաղաքացիական հասարակության խոսք, քայլ առանց արձագանքի չի մնում: Եվ  եթե երկու-երեք տարի առաջ հետ գնանք եւ վերհիշենք այն գործողություններն ու միջոցառումները, որ իրականացվել են քաղաքացիական հասարակության ակտիվիստների ակտիվ գործունեության արդյունքում, ապա կհասկանանք, որ իրականության հետ այդ հայտարարությունը որեւէ աղերս չունի:

Մենք հասկանում ենք, որ այժմ մի ժամանակահատված է, որ այդ պլատֆորմի ներկայացուցիչները որոշակի քայլեր պետք է անեն, հայտարարություն տարածեն, բայց ես չեմ կարծում, որ նրանք դա պետք է անեն ամեն գնով, կամ` ամեն ինչի վրայով անցնելով, որովհետեւ մենք պետություն ու երկիր ենք կառուցում, ու դրա ճանապարհին գոնե այն ձեռք բերածը, արժեքավորը, որը մեր բոլոր համար է` չպետք է ոտնահարել, կամ դրա վրայով անցնելով ինչ-որ հայտարարություն տարածել»:

Դիտարկմանն էլ՝ ինչպես կմեկնաբանեք վերոնշյալ քաղաքական հետապնդումները, Հովհաննես Սահակյանն ասաց. «Եվ Շանթ Հարությունյանի եւ մյուսների քայլերն ու գործողությունները մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, բոլորս ականատես ենք եղել դրան եւ, եթե կա որեւէ ապօրինություն, ապա կարող են բողոքարկել, դիմել ավելի բարձր ատյաններ, որպեսզի իրենց ոտնահարված իրավունքը չոտնահարեն: Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է, կամ իրականության հետ որեւէ կապ ունի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Երկու- երեք տարի առաջ էլ, դրնից առաջ էլ` դուք եք եղել իշխանության ղեկին: Դաժան հալածանքներն ու հետապնդումները սկսել են դեռևս 2008-ից, երբ պետական հիմնարկներում
    անասելի լկտիություններ էին կատարվում նույնիսկ ամենաստորին իշխանիկի մակարդակով, որը հովանավորվում էր հհկ-ի կողմից:
    37թ. ոգով ու ցինիզմով աշխատանքից ազատվում ու հացից զրկվում էին նրանք, ովքեր ոչ յուրային էին դիտվում…
    Եվ քաղաքացիական շարժման ակտիվացումը ուղիղ համեմատականն է երկրում մոլեգնող դաժան հալածանքների ու հետապնդումների: Եթե բարձր ատյանը դուք եք` գալուստականներով` ապա արդարադատությունն էլ ձեր պատկերով է քաշված…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728