Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից հետո ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջականերում համագործակցությանը եւ նոր հնարավորություններին: Արտակ Զաքարյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրամիություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրամիության անդամ երկրների հետ ձեւավորված փոխգործակցությունը՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, գիտամշակութային եւ այլ հումանիտար ոլորտներում:
Արտակ Զաքարյանը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Լատվիայի նախագահության ընթացքում հնարավոր առաջնահերթությունները: Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու բոլոր նախաձեռնությունները՝ բացասական ազդեցություն ունենալով վստահության մթնոլորտի ձեւավորման գործում:
Անդրադարձ կատարվեց Լատվիայի նախագահության հաջող ընթացքի համար նախատեսվող մի շարք ծրագրերի:
ԱԺ
Մամլո հաղորդագրություն