Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողների օրը՝ կռվախնձոր երեք քաղաքական ուժերի միջեւ

Փետրվար 19,2014 17:08

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում հետաքրքրիր իրավիճակ էր: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Տոների եւ հիշատակի մասին ՀՀ օրենքում ավելացնել նոյեմբերի 17-ը՝ որպես Ուսանողների օր, հաշվի առնելով, որ այդ օրը միջազգայնորեն նշվում է որպես ուսանողության օր:

Իր հերթին կառավարությունն օրինագիծ էր բերել, որով առաջարկում էր «Հայաստանում տոների եւ հիշատակի» ՀՀ օրենքում ավելացնել մայիսի 16-ը՝ որպես ուսանողների եւ երիտասարդների օր: Կառավարությունն էլ իր այս առաջարկը հիմնավորում է նրանով, որ այդ օրը հիմնադրվել է Հայաստանի Մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը:

Սակայն սա դեռ ամենը չէ, այն բանից հետո, երբ ԲՀԿ խմբակցության կողմից պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այս  նախագծով հանդես եկավ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում իրենց խմբակցությունն ուներ նմանատիպ նախագիծ, որը չորս տարի հետաձգվեց եւ կորավ: Նա գտել-բերել էր այդ նախագիծը եւ պնդում էր, որ Ուսանողների օրը պետք է նշել մայիսի 7-ին:

Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը հիշեցրեց, որ այդ օրը ռադիոյի օրն է, եւ պետք չի երկու օրերը խառնել իրար:

Վահե Էնֆիաջյանն իր նոյեմբերի 17-ը հիմնավորում էր նրանով, որ դա միջազգայնորեն ընդունված օր է, ավելին, նա ասաց, որ տարիներ շարունակ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը այդ օրը համապատասխանաբար նշել է, հարյուրավոր, անգամ հազարավոր ուսանողների անվանական կրթաթոշակներ է հատկացրել, դրամաշնորհներ է արել եւ համերգներ կազմակերպել: Ինչպես նաեւ այն, որ իրենք խորհրդակցել են Վեհափառի հետ եւ եկել այն եզրակացության, որ Սուրբ Սարգսի օրը կնշեն որպես սիրո եւ երիտասարդության օր, իսկ նոյեմբերի 17-ը որպես ուսանողության օր: Կառավարությունն իր մայիսի 17-ը հիմնավորում էր Մայր բուհի հիմնադրման հիշատակի օր, իսկ Հեղինե Բիշարյանն իր մայիսի 7-ը հիմնավորելու համար հիշեցրեց միայն, որ մայիսը հաղթանակների ամիս է:

Ուսանողների համար այդքան մտահոգ այս երեք ուժերին ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց միավորվել, քննարկել եւ նոր, միասնական նախագծով հանդես գալ. «Չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ դառնա երկու քաղաքական ուժերի մեջ բախման հարց, եւ այնքան շտապ չի, որ ՀայՌուսգազարդի հարցի նման բերեն մի օրում անցկացնել տան»:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դեմ չի լինի այս առաջարկին, եթե կառավարության կողմից հնչի, Աղվան Վարդանյանը (ով ի դեպ, նախկինում սոցապ նախարար է եղել) ասաց, որ ինքը կառավարության անունից է խոսում, ինչին ի պատասխան Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ այդ հայտարարությունից «դեժավյուի» հոտ է գալիս: Սակայն կառավարության իրական ներկայացուցիչը՝ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ դեմ չէր հարցը քննարկելուն եւ միանշանակ դիրքորոշում հայտնելուն:

Իր հերթին պատգամավոր Շուշան Պետրոսյանը կառավարությանն առաջարկեց մի օր հատկացել, որ ուսանողները ծառայեն երկրին՝ «գնան Սեւանի ճանապարհը մաքրեն, եկեղեցիները մաքրեն, թե չէ միայն սփյուռքահայ երիտասարդներն են գալիս մաքրում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, հետաքրքիր զրույց եղավ այն ժամանակ, երբ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Վեհափառի հետ են խոսել եւ որոշել, որ Սուրբ Սարգսի օրը կլինի սիրո եւ երիտասարդության օր: Պատգամավոր Ռուզան Մուրադյանին դուր չեկավ, որ սերն ու երիտասարդությունը նույնականացվում են, նա հիշեցրեց, որ «սերը տարիք չի հարցնում»: Երբ ի պատասխան Վահե Էնֆիաջյանն ասաց՝ «բայց ես Վեհափառի հետ եմ խոսել, վստահենք էլի Վեհափառին….», Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց՝ «վստահենք, բայց ո՞ր հարցում՝ սիրո՞, թե՞ երիտասարդության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728