Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի դրամի հետ Մաքսային միություն մտնելուց հետո (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 16:22

Մաքսային միություն մտնելուց հետո, եւ Ռուսաստանի հետ ռուբլով առեւտրի դեպքում, դրամն իր դիրքերը կզիջի ռուբլուն, այսինքն` Հայաստանում ռուբլու գործոնը կուժեղանա: Այսօր նման կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կլինի հայկական դրամի հետ Մաքսային միություն մտնելուց հետո:

«Դրամի կայունությունը, բացի ներքին շուկայի վիճակից, գնաճից եւ այլնից, պայմանավորված է, թե արտարժույթը ինչպիսի հոսքեր ունի տվյալ երկիր, դեպի ներս, կամ հակառակը: Ես ենթադրում եմ Ռուսաստանի հետ այս առեւտուրը կբերի ռուբլու գերակշռման, Հայաստանում ռուբլու ֆակտորը կուժեղանա, որովհետեւ  ռուսները մեզ դոլար չեն տալու, իրենց փողը ռուբլին է, մենք այնտեղ ապրանքը վաճառելով ռուբլիով ենք գումարը ստանալու, հետո ռուբլին գալու է Հայաստան ու փոխվի դրամի: Սրանով Ռուսաստանն իր ռուբլու կայունացման խնդիրն է լուծելու, դրա տակ խորը միտք է դրել`ռուբլու կայունացումը ի հաշիվ ղազախական եւ բելառուսական արժույթի: Ռուբլին կսկսի հակակշռել դոլարին եւ եվրոյին, հետեւաբար ինքը կարող է հավասարակշռությունը որոշակի փոխել»,-նկատեց պարոն Մակարյանը:

Դիտարկմանն էլ,  թե կարծիք է հնչել, որ միասնական արժույթի գոտի մտնելն օգուտ է Հայաստանին, ինչպես օրինակ Եվրամիության որոշ երկրների համար, պարոն Մակարյանն ասաց. «Եվրոպական որոշ երկրներ, որոնք նոր են եվրոն ընդունել, օրինակ` Լատվիան եվրոյի անցավ հունվարի 1-ից, բայց իրենց լատը 2 անգամ եվրոյից ուժեղ է, ադրբեջանական մանաթը 1,5 անգամ է ուժեղ եվրոյից: Միասնական արժույթի գոտի մտնելը ձեռնտու է այն երկրներին, որոնք ուժեղ արժույթ ունեն, նրանք կշահեն, իսկ թույլ արժույթ ունեցողները կտուժեն:  Հայաստանի դրամը կտուժի, 1 դոլարը 410 դրամ է, 1 եվրոն` 560 դրամ, այնպես չէ, որ մտնենք միասնական արժույթի գոտի, միանգամից շահելու ենք: Նույնն էլ ռուսական ռուբլու գոտին է. այն փորձում է որոշակի կայունություն պահել, եւ դա չի նշանակում, որ հենց անցնենք ռուբլու, միանգամից դրամը շահելու է: Դրամի գնողունակությունը դոլարի եւ եվրոյի նկատմամբ բավականին ցածր է»:

Մեր այն հարցին էլ, թե ՄՄ մտնելուց հետո 3-րդ երկրների հետ մեր առևտուրն ինչ հետեւանքներ կունենա, հաշվի առնելով այդ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալն ու բանակցությունները զգայուն ապրանքների շուրջ, պարոն Մակարյանը նկատեց, որ Եվրամիության հետ մեր առեւտուրը 27%-է, Շվեյցարիայի հետ մոտ 30%, 21.3%` Ռուսաստանի. «Այսինքն, մոտ 52% Եվրամիություն, սրան գումարած Ռուսաստան, մնացածը  այլ երկրների հետ: Մեր առեւտրում եղանակ ստեղծողները՝ Իրան, ԱՄՆ, Թուրքիա, Չինաստան, որոշակի նաեւ Ուկրաինա: Այսինքն, կարեւոր է, թե Հայաստանն ինչպես կկարգավորի իր առեւտուրն այս երկրների հետ Մաքսային միություն մտնելուց հետո: Հիմա օրինակ՝ Իրանի հետ կապված  ճնշումները թուլանում են, ենթադրում եմ, Իրանի դերակատարումը տարածաշրջանում էականորեն կբարձրանա: Աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ Իրանի դերն այնքան մեծանա,  որ թելադրի` իմ գազը պիտի առնե’ք: Այսինքն, չպետք է ձեռք քաշենք իրանական գազից, ինչ է թե «Գազպրոմի» հետ 30 տարով պայմանագիր ենք կնքել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728