Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Մայրը» ներկայացման մեջ դաստիարակվում է մարդկային և ազգային արժանապատվությունը»

Փետրվար 19,2014 15:37

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը և դերասան Արմեն Կարապետյանը:

Հանդիպման թեման փետրվարի 20-ին`ժամը 18:00-ին  կայանալիք «Մայրը» ներկայացումն էր, որը նվիրվում է Արմեն Մազմանյանի հիշատակին: Ներկայացումը տեղի է ունենալու Ուսումնական թատրոնում: «Փետրվարի 21-ին ԵԹԿՊԻ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Մազմանյանը պետք է նշեր իր ծննդյան 54-ամյակը: Այդ առիթով մենք որոշեցինք բեմադրել չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսը և նվիրել Արմեն Մազմանյանի հիշատակին»,- ասաց ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:

Մինչ այս, նախորդ ներկայացումը նվիրված էր ազգային հերոս Մովսես Գորգիսյանին: «Ներկա էին նրա դուստրը, հարազատները, զինակից ընկերները: Եվ որոշվեց, որ այսուհետ «Մայրը» ներկայացումն ամեն անգամ պետք է նվիրենք մեր հերոսներից կամ ազատամարտիկներից մեկին: Եվ այս անգամ, ցավոք, այնպես ստացվեց, որ ներկայացումը նվիրեցինք Արմեն Մազմանյանին»,- ասաց պրն Բարսեղյանը:

«Կգա մի պահ, որ կարող է մոռացվեն այդ հերոսները: Մենք մեր հոգու պարտքն ենք կատարում՝ ամեն անգամ նրանց հիշատակելով: Ներկայացումը միջոց է դառնալու նրանց մասին խոսելու»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:

Նա նաև նշեց, որ պիեսի վերջաբանը ներկայացման մեջ այլ է: «Պիեսում մայրը զենքը տալիս է որդուն, իսկ մեր բեմադրության մեջ մայրը որդուն ճանապարհում է, և դրանով ավարտվում է ներկայացումը: Այսինքն, գաղափարն այն է՝ ես չեմ գնում պատերազմելու, ես պաշտպան եմ  կանգնում իմ հայրենիքին: Այս ներկայացման մեջ դաստիարակվում է մարդկային և ազգային արժանապատվությունը»,- ասաց տիկին Մնացականյանը:

«Այս ներկայացումը հատկապես պետք է նայեն երիտասարդները, որովհետև հասուն տարիքում մենք գիտենք, թե ինչ է կյանքը, իսկ երիտասարդները դեռ մինչև վերջ չգիտեն: Ներկայացման մեջ դրված են ներանձնական, ընտանեկան, եղբայրական հարաբերություները, նրանց ջերմությունը, մեկը մյուսին փայփայելը»,- ասաց ներկայացման գլխավոր դերակատար Արմեն Կարապետյանը:

Նշենք նաև, որ հրավեր են ստացել Չեխիայի Հանրապետությունում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանից, և «Մայրը» ներկայացումը հանդես է գալու այնտեղ:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728