Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Վահագն Մինասյանի գործով. Վարչական դատարանում կրքերը թեժացան (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 15:25

Այսօր Վարչական դատարանում, դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ, քննվեց ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործը:

Նշենք, որ Վահագն Մինասյանի փաստաբան Արտակ Զեյնալյանը ներկայացրել էր հակընդդեմ հայց` ճանաչել Վահագն Մինասյանի խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքների փաստը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն իր խոսքում նշեց. «Վահագն Մինասյանն անընդմեջ կոչեր անելով խանգարում էր քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Ոստիկանները պահանջ են ներկայացրել, ինչը նա հրաժարվել է կատարել, ուստի բերվել է ոստիկանության բաժին: Նրանից բարձրախոսը վերցվել է, որպեսզի կանխվեին հետագա իրավախախտումները»:

Այս առիթով պարոն Զեյնալյանն ասաց, որ խախտվել է Վահագն Մինասյանի սեփականության իրավունքը: Այնուհետև փաստաբանը մանրամասնեց. «Վահագն Մինասյանին զրկել են սեփականության իրավունքից, զրկել խոսքի ազատությունից: ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմքի արգելել է նրան իրականացնել ազատ հավաքներ անցկացնելու իր իրավունքը և երեք ժամով նրան ազատազրկել: Ուստի բազմաթիվ իրավունքների խախտումով իրականացված վարչական վարույթը չի կարող լինել իրավաչափ»:

Պարոն Զեյնալյանն ասաց, որ նույնիսկ պարզ չէ՝ ինչ տեսակի և ինչ չափով պատասխանատվության մասին է խոսքը:

Դատական գործի քննության ընթացքում հանդես եկավ վկա Գոռ Սահակյանը, որն ասաց, թե օգոստոսի 23-ին ծառայության մեջ է գտնվել քաղաքապետարանի դիմաց: Նա նշեց, որ երկու անգամ են բերման ենթարկել Վահագն Մինասյանին: Հարցերին նա հիմնականում ոչ հստակ, ընդհանուր բնույթի պատասխաններ էր տալիս:

Արտակ Զեյնալյանի հարցին՝ արդյոք առանց Վահագն Մինասյանին բերման ենթարկելու կարո՞ղ էր իրավախախտման մասին արձանագրություն կազմել տեղում, վկան ասաց, թե արձանագրություն կազմելու միջոցներ ուներ իր մոտ, բայց տեղում դա անելը հարմար չէր:

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքին՝ պարոն Զեյնալյանն ասաց. «Որևէ անգամ չնշվեց, որ ոստիկանությունը պատասխանատու էր մեր վստահորդի խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքն ապահովել: Ավելին, թույլ չեն տվել իմ վստահորդին ոստիկանությունում օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից»:

Արտակ Զեյնալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վահագն Մինասյանի ազատազրկումը հակասահմանադրական է. «Սա հաստատվել է նաև Լևոն Բարսեղյանի գործով վճռով: Փաստ է, որ ոստիկանությունը մեր վստահորդին ազատազրկել է բերում ռեժիմով՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով: Բայց անգամ այս օրենքով մեկուկես ժամից ավելի շտաբում գտնվելու իրավունք չկա, մինչդեռ Վահագն Մինասյանը պահվել է ոստիկանական բաժանմունքում երեք ժամ: Նաև չկա փաստ, որ փորձել է արվել տեղում կազմել արձանագրությունը, ուստի նույն վստահորդին ազատազրկելը եղել է ոչ իրավաչափ: Նպատակը եղել է մեր վստահորդի՝ խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելը: Բացի այդ, մեր վստահորդին դուրս են հանում ոստիկանության մուտքի մոտ, բայց չեն տեղափոխում այնտեղ, որտեղից բերման են ենթարկել: Սա ազատ տեղաշարժման իրավունքի ոտնահարում է»:

Արտակ Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց հայցվոր կողմի այն դիտարկմանը, թե բարձր աղմուկ է հնչեցվել: Բարձր աղմուկ անելու հանգամանքի մասին ասաց, թե աղմուկը բարձր կամ ցածր չի լինում: Հայցվոր կողմը պատասխանեց, թե բնական ձայնով և բարձրախոսով աղմուկը միմյանցից տարբերվում են:

Պարոն Զեյնալյանն ասաց, որ ավելի քան վեց հարյուր հազար դրամի տուգանքի ռիսկ կա այն դեպքում, երբ իրենց վստահորդը իրականացրել է խաղաղ հավաքներ իրականացնելու իր իրավունքը:

Դատավոր Արման Թովմասյանը որոշեց դատական նիստը հետաձգել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728