Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի առաջարկին ԱԺ տնտեսական հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 14:58

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՅԴ խմբակցության նախագիծը՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հենց սկզբից ասաց, որ նպատակահարմար չի գտնում այս նախագիծը ԱԺ մտցնել այս պահին, երբ «Ռոսնեֆթ» ընկերության հետ բանակցություններ են գնում՝ «Նաիրիտի» վերագործարկման մասին:

Ըստ Վ. Այվազյանի՝ «Նաիրիտի» հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն այս պահին որեւէ հարց չի կարող լուծել, փոխարենը՝ դրա շուրջ, անկասկած, քաղաքական շահարկումներ կարվեն եւ դա կվնասի բանակցություններին:

Arcvik MinasyanԱրծվիկ Մինասյանը չէր համաձայնում այս տեսակետին, ասելով, որ այն բոլոր տեղեկությունները, որոնց հիման վրա իրենք հանձնաժողով են ցանկանում ստեղծել, բոլորին հայտնի են, իսկ «Նաիրիտի» պոտենցիալ գնորդները՝ շատ ավելի խորը եւ համապարփակ տեղեկատվություն ունեն:

Վարդան Այվազյանը նկատեց, որ հարցը ինֆորմացիայի պակասը չէ, այլ քաղաքական շահարկումը. «Դո՞ւք պատկերացնում եք, որ սա մտնի քառօրյա, երեսունհինգ մարդ ուրիշ խմբակցություններից ելույթներ են ունենալու, շահարկումներ են անելու՝ քաղաքական շահարկումներ: Գնորդը էդ ամեն ինչը լսելով ձեռքը թափ կտա, կասի՝ պետք չի: Իսկ հիմա ներկա պահին բանակցում են պրոֆեսիոնալները, հաշվարկում են, մեխանիզմները գիտեն: Ես ձեզ առաջարկում եմ՝ ՀՅԴ-ն թող դիմի Ազգային անվտանգություն, իրավապահ մարմիններին այդ բոլոր հարցերով, հանձնաժողով ստեղծելու ձեր նախագիծն էլ դրական եզրակացությամբ թողնենք մեծ օրակարգում, որ օրը որ բանակցություններն ավարտվեն, հենց նույն օրն էլ դնենք քառօրյա: Ամենաուշը հունիսին բանակցությունները կավարտվեն: Իսկ հանձնաժողովը առնվազն 8-9 ամիս կաշխատի, եթե ոչ՝ մի քանի տարի: Ի՞նչ է դա տալու»:

Արծվիկ Մինասյանը, ասելով, որ իրենք ամենեւին նպատակ չունեն շահարկումների, այլ միակ ցանկությունը՝ «Նաիրիտի»՝ ամիսներ շարունակ բողոքող, աշխատավարձ չստացած աշխատակիցներին օգնելն է, որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում էր հարցը մտցնել քառօրյա, սակայն չքննարկել, թողնել աշնանը:

Վարդան Այվազյանը չէր համաձայնվում, ասելով, որ եթե անգամ Արծվիկ Մինասյանը՝ չէ, ապա մյուս ընդդիմադիրները կասեն՝ բա ինչո՞ւ այս քառօրյայի մեջ եղած հարցը չեք դնում քննարկման, ավելին` նա վստահեցնում էր, որ հանձնաժողովի ստեղծումը որեւէ ձեւով օգուտ չի տա «Նաիրիտի» բողոքավոր աշխատակիցներին, սակայն եթե բանակցություններին չխանգարեն, ապա «Նաիրիտը» լուսավոր ապագա կունենա:
Ի վերջո, ընդհանուր հայտարարի չգալով, հանձնաժողովը քվեարկեց եւ մերժեց այս նախագիծը եւ այն կմտնի օրակարգ՝ բացասական եզրակացությամբ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728