Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թադեւոսյան. «Այսօր մեր խնդիրն է հնարավորինս մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը»

Փետրվար 19,2014 14:46

Գործարար միջավայրի բարելավման միջոցառումներին անդրադառնալով, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն առանձնացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում են քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Օրենքի փոփոխությունը միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը: «Անձամբ ես` այս փոփոխությունը շատ եմ կարեւորում, քանի որ դրա շնորհիվ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանվել են մի շարք օբյեկտների շինարարության և դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեություն»,-ասաց Սամվել Թադեւոսյանը։

Այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ շինությունները, 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության շինությունները։ Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց նաեւ, որ կիրառության մեջ է բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծեր, այժմ էլ նախատեսվում է գործողության մեջ դնել նաեւ գյուղատնտեսական արտադրության ՓՄՁ (պահեստների, գյուղմթերքների վերամշակման արտադրամասերի, ջերմատների, չորանոցների) օրինակելի նախագծերի միասնական ալբոմ –կատալոգը, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի` նախագծման առաջադրանք, նախագծային փաստաթղթերի պատվիրում, փորձաքննություն: Իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։

Արդյունքում՝ կառուցապատողը կխնայի զգալի միջոցներ եւ ժամանակ՝ ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացի խթանմանը, միաժամանակ հանդիսանալով երկարաժամկետ տնտեսական աճի կարեւոր գրավական։

Նախարարն առանձնացրեց նաեւ սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սեփական բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ 2013 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են շուրջ 6 800.0 մլն դրամի շինարարական եւ նախագծման աշխատանքներ, ավարտին են հասցվել հիմնանորոգված 14 օբյեկտներ եւ ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները:

Պարոն Թադեւոսյանը նաեւ հիմնականում կարեւորեց կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը եւ պարզեցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացները կատարելագործելու նպատակով` կավտոմատացվի ներդրված «Մեկ պատուհան» համակարգի ողջ գործընթացը, կմշակվի համակարգչային մոդելը, գծագրերի վերբեռնումը, անհրաժեշտ բոլոր թույլատվությունների ստացումն ու փաստաթղթերի տրամադրումը:

Մշակված նոր ռազմավարությամբ շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվելու են. ավելի մեծածավալ եւ առավել հուսալի միջոցառումներով, որոնք հետագայում կապահովեն սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները, ավարտին կհասցվեն տարիներ շարունակ ձգվող օբյեկտների շինաշխատանքները:

Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, կազմվել են առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման եւ արդիականացման ենթակա կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների ցանկերը: Այդ ցանկերում ներառվել են 514 կրթական, 358 մշակութային եւ 63 մարզական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, տրվել են շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների և ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները: Ցանկերում ընդգրկված օբյեկտների գերակշիռ մասը գնահատվել է վնասվածության 2 – 3-րդ աստիճանով, ուստի ողջ համալիրը դասակարգվել է որպես վերակառուցման ենթակա՝ սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ 2013 թվականի ընթացքում մշակվել են թվով 36 համայնքների գլխավոր հատակագծերի նախագծեր, որից. 8 համայնքների նոր գլխավոր հատակագծերի եւ 11 գլխավոր հատակագծերի փոփոխությունների նախագծեր հաստատվել են համայնքների ավագանիների կողմից: Ընդհանուր առմամբ, հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագծեր ունեն 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից` միայն 30-ը:

Քաղաքաշինական պետական տեսչությունը 2013 թվականին իրականացրել է 778 ստուգում, որի արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է շուրջ 52 մլն դրամի տուգանք, հայտնաբերվել են 39 ինքնակամ շինության դեպքեր, ինչպես նաև ուսումնասիրություններ են կատարվել նախարարության «Թեժ գծով» ստացված շուրջ 50 հեռախոսազանգերի հետքերով :

Ներկայում, քաղաքաշինության բնագավառում գործում են մոտ 2366 կազմակերպություններ, որոնք ունեն թվով 2545 լիցենզիաներ: 2013 թվականին 12 լիցենզավորման նիստերի ընթացքում տրամադրվել են թվով 242 լիցենզիաներ: Պետական բյուջե մուտք է եղել 290 մլն. դրամի տարեկան պետական տուրք:

2013 թ հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում և պետական տուրքի չվճարման հիմնավորմամբ կասեցվել է  շուրջ 1030 լիցենզիա:

Անդրադառնալով տնտեսական աճում շինարարության ցուցանիշների նվազման խնդրին` նախարար Թադեւոսյանը հայտարարեց. «Այսօր մեր խնդիրն է հնարավորինս մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը»: Ըստ նրա, 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինարարության ոլորտում նվազում է արձանագրվել ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ երկրներում, զարգացած ու զարգացող երկրներում:
Նա տեղեկացրեց, որ 2013-ին բնակչության կողմից իրականացված շինարարության ոլորտում արձանագրվել է 12,4 տոկոս աճ: Ս. Թադևոսյանի խոսքով, շինարարության ոլորտում այս տարի կանխատեսում են 4-5 տոկոս աճ:

Հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից, ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ամփոփվել և ներկայացվել են կառավարություն: ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել թվով 8 շինարարական նորմերի մշակումը: Այս տարի նախատեսվում է մշակել թվով 9 շինարարական նորմեր: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է, ուստի երկու խնդիրներն էլ 2014 թվականին ևս ՀՀ կառավարության կողմից հաստատվել են որպես ոլորտի գերակա խնդիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728