«Գագկաշենը շատ ավելի բարդ կառույց է իր չափերով, այսինքն՝ Զվարթնոցի կրկնօրինակն է»,- այսօր՝ փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Եկեղեցու մասին նկարահանված եռաչափ ֆիլմի` «Գագկաշեն եկեղեցու» շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Հայաստանի ճարտարապետների միությունում, իսկ առցանց հասանելի կլինի փետրվարի 21-ին:
Ֆիլմը պատրաստվել է 40 օրվա ընթացքում, նրա տեւողությունը 7 րոպե 50 վայրկյան է: Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, եռաչափ մոդելավորողը՝ Պարգեւ Ֆրանկյանը, իսկ ձայնային ռեժիսորն Այդին Դավուդին է:
Գագկաշեն եկեղեցին կառուցվել է 1000-1020թթ. ընթացքում Անի մայրաքաղաքում՝ Բագրատունի թագավոր Գագիկ Ա-ի կողմից: Այդ ժամանակահատվածում շատ ժամանակ չէր անցել Զվարթնոցի քանդվելուց, եւ Գագիկ Ա-ն ուղարկել է Տրդատ ճարտարապետին՝ ուսումնասիրելու փլատակված Զվարթնոցի տաճարը, որից հետո արդեն տաճարը կառուցվել է: Այն օծվել է Ս. Գրիգոր Լուսավորիչի անվամբ: Պարոն Կարապետյանը նշեց, որ Տրդատ ճարտարապետը ճարտարապետական որոշ նորամուծություններ էր կատարել.
Կարդացեք նաև
«Մինչ դա Տրդատ ճարտարապետը եղել էր Պոլսում՝ Բյուզանդիայի մայրաքաղաքում եւ, ըստ երեւույթին, մի քիչ ազդված էր, տպավորված էր Պոլսի այն օրերի ճարտարապետությամբ եւ փորձել էր այս կառույցի մեջ՝ ի տարբերություն Զվարթնոցի, կիրառել այն տարրերը, որով տպավորված էր եղել Պոլսում շրջելիս: Նա ավելի բարակացրել եւ ավելի սլացիկ էր դարձրել եւ ավելի նեղ, եւ սա բերել է նրան, որ կառուցման ավարտից հետո ճաքեր են առաջացել: Եվ արդյունքում մոտ կես դար հետո տաճարի մի մասը փլվում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ