Լրահոս
Օրվա լրահոսը

180 միլիոն դոլար տրանսվերտ Հայաստան չի մտնի. Գագիկ Մակարյան (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 14:29

Ռուսաստանից 170 հազար հայ միգրանտների վերադարձով այդքան աղքատությունն ու գործազրկությունը կավելանա

«Ռուսաստանը մեզ տվել է մի կոնսպեկտ եւ մենք դրա վրա ենք աշխատում»,-այսօր «Հայացք» ակումբում Մաքսային միության հետ բանակցվող զգայուն ապրանքների ցանկի մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` այդ զգայուն ապրանքների ցանկն այնպիսին է, կարծես թե Ռուսաստանը մեզանից լավ գիտի մեր տնտեսությունը. «Ցուցակն այնպիսին է, որը ակամայից առաջացնում է հարկադրական մեխանիզմներ. այսինքն, եթե դու այդ բաները մեծաքանակ ներմուծում ես, ուզես, թե չուզես, այդ ներմուծումը պիտի շարունակես, որովհետեւ քո ներքին արտադրությունը թույլ չի տալիս առայժմ չներմուծել, հետեւաբար, եթե դու ներմուծում ես, 2 տարբերակ է առաջարկում. ասում է`եթե մեզանից ես վերցնում չի թանկանա, եթե մեզանից չես վերցնում 10% կթանկանա: Այսինքն, այդ 10%-ի ռեժիմը ստացվում է հարկադրաբար: Ռուսաստանն ուղղորդում է, որ իրենից անպայման վերցնես, ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին»:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` զգայուն ապրանքների ցանկի շուրջ բանակցություններում Հայաստանը պետք է հավասար իրավունքների կողմ հանդես գա, ոչ թե Ռուսաստանն ինչ ասի, ենթարկվի` վախենալով կամ խուսափելով գնաճից: Այսինքն, ըստ պարոն Մակարյանի, պետք է կոնսենսուսի սկզբունքով բանակցել եւ մենք էլ մեր առաջարկները ներկայացնենք. «Մենք պետք է ցուցակ ներկայացնեինք, որ եթե դուք այս ապրանքները Հայաստանից չեք վերցնում, ապա նույն ձեւով էլ մենք ենք 10%-մաքսատուրք ավելացնելու, այնպես, ինչպես դուք եք անում: Ռուսական կողմը շատ վարպետորեն է ընտրել այդ ապրանքները ցուցակում»:

Ըստ պարոն Մակարյանի, ՄՄ-ի հետ այսպես ասած` պարտադրված առեւտրի դեպքում, մենք ստիպված ենք լինելու ընտրել անորակ կամ կասկածելի որակով ապրանքներ. «Ստացվում է, որ եթե կառավարությունը անհանգստանում, վախենում, խուսափում է մեր երկրում գնաճից, ուրեմն շատ մեծ նախադրյալներ կան, որ կառավարությունը կգնա այն քայլին, որ ձեռք բերի Ռուսաստանից, որպեսզի 10% արհեստական գնաճ չլինի մաքսատուրքերի հետեւանքով»:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության փոփոխություններին, որի արդյունքում 170 հազար հայ միգրանտներ ռիսկի խմբում են եւ համարվում են օրինախախտ, հետեւաբար պետք է վերադառնան Հայաստան, պարոն Մակարյանն ասաց, որ այս առումով էլ Հայաստանին բացառություն չի սպասվում: Բացի այս, քանի տրանսվերտների մեծ մասը Ռուսաստանից է գալիս, պարոն Մակարյանի հաշվարկներով, այդ 170 հազար միգրանտների վերադարձի արդյունքում մոտ 180 միլիոն դոլար տրանսվերտ Հայաստան չի մտնի, այդքան ընտանիքներ կաղքատանան, 180 միլիոն դոլարի շրջանառություն Հայաստանի շուկայում կնվազի: Բացի, այս, 170 հազար միգրանտներ, եթե վերադառնան Հայաստան, սա, ինչպես ասաց պարոն Մակարյանը. դժգոհ եւ գործազուրկ մարդկանց թիվը Հայաստանում եւս 170 հազարով կավելանա. «Թե կառավարությունն ինչ ճկունություն է դրսեւորելու, անորոշ է, բոլորը հանգիստ են, կարծես թե իրավիճակին լիարժեք տիրապետում են, բայց այդ հանգստությունը խաբուսիկ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728