Պատասխաններ՝ ընթերցողի հնարավոր հարցերին
Փետրվարի 8-ն էր, սովորական շաբաթ օր:
Առավոտյան՝ օրվա մամուլին ծանոթանալիս, ապշեցրեց «Առավոտը»:
Լուսանկարս էր, վերեւում՝ ցնցող վերնագիրը. «Նախարարը, «Պիստոն Գարիկն» ու կոտրած ձվերը», հետն էլ՝ ենթավերնագիր. «Վթար` խրախճանքից հետո»:
Կարդացեք նաև
Պարզ է, մի շնչով կարդացի: Ձեզ էլ խորհուրդ կտամ. ի վերջո, ֆանտաստիկայի ժանրից է:
Ընթերցեցի՞ք…
Համոզված եմ՝ հարցեր շատ ծագեցին: Եվ այդ հնարավոր հարցերին է, որ ցանկանում եմ պատասխանել:
– Մի՞թե այս ամենը ճիշտ է,- մտածեցիք:
Պատասխանեմ միանգամից՝ սուտ է, ամբողջությամբ հերյուրանք է, հիվանդ երեւակայության արդյունք, զրպարտանք: Չի՛ եղել նման դեպք, չի՛ եղել նույնիսկ մի այնպիսի միջադեպ, որը շատ «ծաղկեցնելով» հնարավոր լիներ ստանալ այս կարգի «ցնցող» պատմություն:
Այո, սիրում եմ Տավուշի ու Լոռվա բնությունը, ընկերներս գիտեն, որ երբեմն Գյումրիից Երեւան մեկնում եմ ոչ թե ավանդական ճանապարհով, այլ Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սեւան-Երեւան ուղղությամբ: Ովքեր եղել են այդ կողմերում, կհավաստեն, որ իրոք չքնաղ է մեր լեռնաշխարհը, արժե վայելել հրաշք անտառներն ու կիրճերը: Իսկ «վայելելու» համար բնավ հարկավոր չէ ուղեկից ունենալ «թեթեւ վարքի տեր աղջիկների», լինել «անսթափ», ավտովթարի ենթարկվել, ապա՝ միջադեպը կոծկելու համար, դիմել ծանոթ ոստիկանի ու իրավապահներից թաքուն «հոգալ բոլոր վնասները»:
Սա, հարգելի ընթերցող, ինչպես հասկանում եք՝ ոչ թե սովորական հոդվածի պարզ շարադրանք է, այլ կեղծ հաղորդում հանցագործության մասին, որտեղ նշված են «դեպքի» մանրամասները, վարորդի եւ ուղեւորի անուն-ազգանունները եւ նույնիսկ «վթարված» ավտոմեքենայի պետհամարանիշը:
Ի դեպ, ընկերներիցս մեկը, այնուամենայնիվ, փորձել է իրավապահ մարմիններից ճշտել մեքենայի իսկությունը: Ըստ նրա՝ պարզվել է, որ 163 us 65 պետհամարանիշով Ford մակնիշի ավտոմեքենա գրանցված չէ, գոյություն չունի, ուր մնաց թե՝ վթարի ենթարկվի:
Անկեղծ եմ ասում՝ եթե կա մեկը, ով կասի, թե տեսել է այդպիսի մի դեպք իմ մասնակցությամբ, պատրաստ եմ առերեսվելու. թող չմնա ստվերում, թող չքողարկվի «հավաստի աղբյուր»-ի անվան տակ, թող բարձրաձայնի. ես ուզում եմ հասկանալ՝ որն է նրա շահը, ինչու է նա հորինել այս պատմությունը, ինչպես է կարողացել թյուրիմացության մեջ գցել լրագրողին, որը, հավատալով նրա հորինվածքին, առանց այս ու այն կողմ ընկնելու հրապարակել է իր, մեղմ ասած, ոչ այնքան ճշմարտախոս «հավաստի աղբյուրի» փոխանցած հեքիաթը:
Առաջին անգամ չէ, որ իմ մասին հոդված է գրվում, բայց ուշադիր ընթերցողը կնկատի, որ վերջին շրջանում դրանց մի մասում գերակշռում են չարությունը, նախանձը, չկամությունը՝ շատ անգամ գրողի կողմից չարդարացված ու չգիտակցված: Սա, անկեղծ ասած, ինձ չի անհանգստացնում եւ թող ինձ ճանաչողներին էլ բոլորովին չմտահոգի: Անպտուղ զբաղմունք է պարզապես:
Հիմա դառնանք Գարիկ Դալլաքյանին՝ մի նորմալ մարդու, մասնագետի, ում հետ իսկապես մտերմություն ունեմ: Ինչո՞ւ են իրավապահ մարդուն խառնում անիրավ պատմության հետ, անհասկանալի է: Չէ՞ որ այս մտացածին միջադեպին եթե ես, իմ ընտանիքը, կինս ուշադրություն չդարձնենք, ապա ոստիկանության սպա Դալլաքյանը գոնե ղեկավարության առաջ անտեղի հաշվետու լինելուց ու անհարկի խոսակցություններից չի խուսափի:
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ՉԻ ԵՂԵԼ ՆՄԱՆ ԲԱՆ:
Մի՛ թշնամացեք, մի՛ հերյուրեք ու մի՛ փորձեք մրոտել մարդկանց՝ տարիների վաստակով ձեռք բերած անունը: Եթե պետք է օբյեկտիվորեն ներկայացնել եղած լավն ու վատը, ապա ինչո՞ւ հոդվածի վերջում որպես հիշեցում չեք անդրադառնում եղած բազմաթիվ լավ գործերին, այն էլ այն դեպքում, երբ հրապարակել եք չեղած վատը:
Ինչո՞ւ եք ամեն անգամ առիթներ փնտրում հիշեցնելու որդուս հետ կատարվածը:
Այդ դեպքի մասին շատ է գրվել, շատերն են որդուս արարքը դատապարտել, առաջին հերթին՝ ես: Ով հայր է, կհասկանա, կգիտակցի իմ ցավն ու ապրումները: Կարծում եմ՝ կարիք չկար եւս մեկ անգամ ցավ պատճառել ինձ ու ընթերցողին հիշեցնել «սկանդալային պատմությունը»: Հարցին ես հրապարակավ չեմ անդրադարձել եւ չեմ էլ ցանկանում մանրամասնել: Բայց քանի որ այսօր անկեղծացա, կասեմ հետեւյալը. շուտով նրա դատը կլինի, ես, որպես հայր, թեեւ կցավեմ, բայց կատարվածի հետ ստիպված կլինեմ համակերպվել: Նման բան ոչ մեկին չեմ ցանկանա:
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հարգելի նախարար…ՄԻ փորձեք հերքել անհերքելին…https://www.aravot.am/2014/02/08/429686/
Եղել է… եղել է այն ինչ գրված է…. որդու մասին.. ես թմրամոլ կամ նարկոբարոն չեմ…իմ տեսակը չի…ինչը չես ասեի ձեր որդու մասին