Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին շենգավիթցիները որդով ու ավազով ջուր են խմում (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 14:25

Վերին Շենգավիթի 1-ին փողոցի 13 ընտանիք այս 21-րդ դարում, ապրելով մայրաքաղաքում, ամիսներով չեն լողանում, երեխաներին որդնած ջուր են խմեցնում, որդ ու բլոճով ճաշ են եփում:

Վերին շենգավիթցիները 10 տարուց ավելի է՝ ջրագծերի խնդիր ունեն, այդ պատճառով էլ ամիսներով ջուր չեն ունենում: Եթե բախտները բերում է՝ ջրի ճնշումը կարգավորվում է, օրվա մեջ ծորակից մի փոքր ջուր է գալիս, ամաններով ու շշերով ջուր են հավաքում, բայց եկած ջուրն էլ փտած խողովակների պատճառով խմելու համար պիտանի չէ: Բնակիչների խոսքերով՝ քանի որ ի վիճակի չեն ամեն օր ջուր գնելու, ստիպված հավաքում են անպիտան ջուրը եւ օգտագործում՝ եռացնելուց հետո:

Shengavit-1

Մեր այցելության պահին երկու փոքրիկ թոռնիկ ունեցող տիկին Պալինան՝ կաթի շշերը ձեռքին, ընկած էր դռնեդուռ, որ մաքուր ջուր գտնի՝ թոռների համար կեր պատրաստելու: Բնակիչները օգտվում են նաեւ հարեւանությամբ գտնվող ծորակից, որը, սակայն, միշտ չէ, որ ջուր է տալիս:

«Առավոտի» հետ զրույցում մեկ այլ բազմանդամ ընտանիքի մայր՝ տիկին Նարինեն պատմեց, որ թոռները ամիսներով չեն լողանում: Մեծահասակներն օգտվում են հասարակական բաղնիքից, սակայն երեխաներին չեն ուզում ձմռան ցրտերին բաղնիք տանել եւ միայն ոտք ու ձեռ են լվանում: Ջուր չլինելու պատճառով լվացքի մեքենաներն այս թաղամասում կահույքի մի մաս են կազմում, եւ մարդիկ ստիպված լվացքն էլ են հավաքած ջրով անում: «Անընդհատ գլխներիս տակ փափուկ բարձ դնելով՝ 10 տարի անցավ, չի կարելի մարդուն անմարդկային վերաբերմունքի արժանացնել, գոնե այն, ինչ իրենց պարտականությունն է, անեն, մնացածը մենք մի կերպ կանենք»,- ասում է Մելանյա Մկրտչյանը, որի տանն ընդհանրապես ջուրը բացակայում է եւ միայն դրսի ծորակից է օգտվում:

Այս ընտանիքները մի օր պարզել են, որ իրենց տները կառուցված են ջրագծերի վրա, որոնք անցյալ դարի 20-ական թվականներին են շահագործման հանձնել, ուստի 100 տարվա հնության խողովակներից չէր էլ կարող մաքուր ջուր գալ:

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին բնակիչները, տարբերակն այն է, որ մաշված ջրագծերը փոխվեն, հակառակ դեպքում հին ջրագծերով ո՛չ ջրի ճնշումը, ո՛չ էլ որակը նորմային չեն համապատասխանի:

Վերին շենգավիթցիներն այս հարցով տարիներ ի վեր ում ասես՝ չեն դիմել՝ ջրամատակարար ընկերությանը, Երեւանի քաղաքապետին, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարին, անգամ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բնակիչների նամակները պտտվել-պտտվել՝ մի կառույցից մյուսին են հասցեագրվել: Ջրամատակարար ընկերությունը՝ «Երեւան Ջուրը», հայտնել է, որ պատասխանատվություն չեն կրում, քանի որ պայմանագրով չունեն նման պարտավորվածություն: Վերջերս էլ ի պատասխան Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ վարչապետին ուղղված տիկին Մելանյայի դիմում բողոքին՝ «Երեւան Ջուրը» հայտնել է, որ «Ըստ վարձակալության պայմանագրին կից 16.10.2007 թվականի համաձայնագրի՝ պատասխանատվություն չեն կրում մինչեւ վարձակալության պայմանագրի կնքումը ջրագծերի սանիտարական եւ պահպանման եւ անօտարելի գոտիներում կատարած ինքնակամ գործողությունների հետեւանքների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության խախտումներով կառուցված շենքերին եւ շինություններին սպառնացող վտանգի կամ վթարների դեպքում պատճառված վնասների համար»:

Չնայած դրան՝ 2006 թվականին, երբ բնակիչները կրկին այս առիթով բողոքել էին, նույն ջրամատակարար ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցելու՝ պայմանով, որ Շենգավիթի թաղապետարանը եւ բնակիչները ֆինանսավորեն: Սակայն թաղային իշխանություններից բնակիչներն այդպես էլ որեւէ օգնություն չեն ստացել: Մի առիթով Շենգավիթի թաղապետարանը խոստացել էր 2007 թվականի ծրագրերի մեջ ներառել նաեւ այդ ջրագծերը փոխելու հարցը, սակայն խոստացել են ու «գրել սառույցին»:
Դրանից առաջ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ջրմուղ-կոյուղուն» հասցեագրված բնակիչների բողոքին ի պատասխան, ընկերությանը վստահեցրել է, որ կոյուղատարի վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2005 թվականի հունիսի 17-ին, իսկ մաշված ջրագծերի փոխարինման աշխատանքները՝ նույն թվականի հունիսի վերջին:
Քոչարյանի եւ «Ջրմուղ-կոյուղու» խոստումներից տասը այդպիսի հունիս է անցել, սակայն վերին շենգավիթցիների հարցն այդպես էլ չի լուծվել:

Բնակիչները դեմ չեն գոնե իրենց տուն տանող ջրագծի համար վճարել, սակայն ընդհանուր՝ 170 մետր երկարության ջրագիծը, որը պետք է հասնի մինչեւ մարդկանց բնակարաններ, բավականին ծախսատար է, եւ բնակիչները չեն կարող ամբողջությամբ վճարել դրա համար:

«Մենք ինչ իմանայինք, որ տները ջրագծի վրա են կառուցված: Ինչքանով ենք մեղավոր, որ մեր պապերը տները սխալ տեղ են կառուցել, եւ 100-ամյա հնության խողովակներից այլեւս պիտանի ջուր չի գալիս: Ում տնից էլ որ ջուր է գալիս՝ կեղտաջրից բացի՝ բերում է ավազ ու որդ»,- ասում է Մելանյա Մկրտչյանը:

Տիկին Պալինայի խոսքերով էլ. «Մենք որ հնարավորություն ունենայինք, հենց մենք էլ կանեինք, եւ այդքան քաշքշուկի մեջ չէինք ընկնի, բայց այստեղ բնակվում են նաեւ ծայրահեղ աղքատ ընտանիքներ, ինչպե՞ս մեր ուժերով փոխենք: Երեխան այսօր դպրոց չի գնացել, կեղտոտ ջրից փորն անընդհատ ցավում է»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728