Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարվա ազատազրկման է դատապարտվել չբացահայտված գործի պարագայում

Փետրվար 19,2014 14:15

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանին

Հարգելի պարոն, վերջերս հաճախակի է դարձել խոսակցությունը դատախազության աշխատաոճի փոփոխության մասին, խոսվում է, թե այդ փոփոխության արդյունքում դատարանները նույնիսկ անարգել արդարացնող դատավճիռներ են կայացրել: Եթե դա իրականություն է, ապա, ես կասեի, այն Հայաստանի պայմանում քրեական արդարադատության ոլորտի մեծագույն նվաճումն է: Իմ գործընկերներից ոմանք իրենց կայքերում նույնիսկ շնորհակալություն են հայտնել դատախազությունից՝ նկատի ունենալով, որ դատախազությունը, իր կոչմանը համաձայն, սկսել է հավուր պատշաճի հսկողություն իրականացնել քրեական գործերի նախաքննության կատարման նկատմամբ եւ դադարել է ապավինել դատավորների ողորմածությանը ու նպաստում է քրեական արդարադատության ճիշտ կիրառմանը:

Ցանկանում եմ Ձեզ հետ խորհել հանգուցյալ Արտակ Նազարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին: Ի դեպ, հարգարժան գլխավոր դատախազ, երբ Դուք աշխատում էիք որպես զինվորական դատախազ, հայտարարություն տարածեցիք օրենքի ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման մասին: Անկեղծ ասած, մենք չհավատացինք այդ կարգի գործերի վերանայման հնարավորության մասին տարածված լուրերին, չհավատալն ունի իր մեկնաբանությունը, մինչդեռ այժմ, երբ Դուք գլխավոր դատախազ եք եւ փոփոխություն եք կատարել դատախազության աշխատաոճի մեջ, իմ պաշտպանյալը հավատում է, որ Դուք կարող եք նպաստել ճշմարտության բացահայտմանը եւ հավատով սպասում է Ձեր որոշմանը: Մեղսագրված հանցանքը արդյունք է անորակ նախաքննության եւ ապա դատահոգեբանական փորձաքննության, իսկ դատարանները չհամարձակվեցին շտկել նախաքննական մարմնի ակնհայտ սխալը: Ինչ խոսք, ընդդիմախոսելով իմ մեկնաբանություններին, Ձեր աշխատակիցները, ինչպես նաեւ դատավճիռ կայացնող դատավորները, իրենց մեկնաբանություններով կփորձեն այս կամ այն կերպ արդարացնել անարդար դատավճիռը, բայց Ձեզ՝ որպես իրավաբանի եւ որպես գլխավոր դատախազի, ներկայացնում եմ փաստեր, որոնց գնահատումն ու մեկնաբանումը, այդ փաստերի առկայության պարագայում դատավճռի արդարացի լինելու խնդիրը թողնում եմ Ձեր դատողությանը եւ ապավինում եմ Ձեր ողջամիտ վերաբերմունքին: Այժմ մեջբերեմ գործի միայն երկու ապացուցված հանգամանքները:

Դեռեւս դատական քննությունը սկսելուց հայտնի էր, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում խախտել է օրենքով սահմանված մի շարք սկզբունքներ, եւ դատարան է ուղարկել քրեական գործ, որի մի մասը չբացահայտված էր: Մասնավորապես, դատաբժշկական թիվ 704/34 եզրակացության համաձայն, Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերին արձանագրվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վաղեմությունը դասակարգվել է որպես մահվանից 6 ժամ առաջ պատճառված եւ մահվանից ոչ շատ առաջ պատճառված: Մինչդեռ նախաքննական մարմինն առհասարակ այս փաստը քննության առարկա չի դարձրել եւ դատարան է ուղարկել այդ մասով չբացահայտված քրեական գործ: Այնուհետեւ նախաքննական մարմինը չի պարզել, թե Նազարյանի կողմից կատարված ինքնասպանությունը պայմանավորված է մահվանից 6 ժամ առաջ եւ ոչ շատ առաջ պատճառված մարմնական վնասվածքների արդյունքում առաջ եկած, թե սպա Հակոբ Մանուկյանի հետ 19.07.2010թ.-ին, շուրջ 9 օր առաջ տեղի ունեցած վեճի արդյունքում առաջ եկած հոգեվիճակից, այն դեպքում, երբ քննությամբ հաստատվել է, որ նրանց միջեւ տեղի ունեցած վեճը ավարտվել է հաշտությամբ եւ կողմերը սեղմել են միմյանց ձեռքը եւ շարունակել հետագա ծառայությունն առանց միջադեպերի: Այս պարագայում գնահատման արժանի պետք է դառնար նաեւ տեղի ունեցած վեճի պատճառական կապը: Նույն դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ հանգուցյալ Նազարյանի արյան մեջ հայտնաբերվել է 1. 8 պրոմիլլե էթիլ սպիրտ, մեզում` 0.7 պրոմիլլե, որը համապատասխանել է միջին աստիճանի ալկոհոլային խմածությանը, հանգուցյալն այն ընդունել է մահը վրա հասնելուց մինչ 1-1.5 ժամ առաջ: Մինչդեռ դատահոգեբանական փորձագետ Էլդա -Գրին Աբրահամյանը եզրակացություն տալուց այս հանգամանքը գնահատման չի արժանացրել:

Համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ միջին աստիճանի ալկոհոլային հարբածության դեպքում անձի հոգեվիճակի ախտորոշումը հնարավոր չէ՝ գիտականորեն հիմնավորված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով: Տվյալ քրեական գործով ըստ դատահոգեբան փորձագետ Էլդա -Գրին Աբրահամյանի լրացուցիչ գրության՝ միջին եւ ծանր աստիճանի հարբածության վիճակում գտնվող անձի մոտ բացառվում է աֆեկտի ախտորոշումը, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ փոխվում են գործընթացների դինամիկան: Եթե հանցագործությունը կատարվել է միջին եւ ծանր աստիճանի հարբածության ֆոնի վրա, աֆեկտի ախտորոշման հարցը քննարկելն առնվազն անգրագիտություն է:

Այսինքն՝ եւ փորձագիտական կազմակերպությունը, եւ եզրակացություն տվող փորձագետ Էլդա -Գրին Աբրահամյանը հայտնել են, որ միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող անձի հոգեվիճակը բնութագրելն անհնար է, ինչը տվյալ պարագայում վերաբերելի է Արտակ Նազարյանին: Գործում առկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի Հակոբ Մանուկյանի 19.07.2010թ.-ի վեճը պատճառական կապի մեջ է հանգուցյալ Նազարյանի ինքնասպանության հետ, եթե տեղի է ունեցել ինքնասպանություն, հերքվել է իր իսկ փորձագետ Էլդա-Գրին Աբրահամյանի կատարած մեկնաբանությամբ: Դրանից հետեւում է, որ հետմահու համալիր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության դատահոգեբանական մասը, որպես ապացույց գնահատելի չէ եւ տվյալ պարագայում անհրաժեշտ է կրկնակի դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատել կամ ժխտել Մանուկյանի եւ Նազարյանի միջեւ տեղի ունեցած վեճի պատճառահետեւանքային կապը Նազարյանի ինքնասպանության հետ, մինչդեռ մեր միջնորդությունները՝ կրկնակի եւ լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, դատարանի կողմից մերժվել են անհիմն պատճառաբանությամբ: Այսինքն՝ քրեական գործի ինչպես դատական քննությամբ, այնպես էլ նախաքննությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերվել, թե հանգուցյալ Նազարյանի կողմից կատարված ինքնասպանությունը պատճառական կապի մեջ է Հակոբ Մանուկյանի եւ նրա միջեւ 9 օր առաջ տեղի ունեցած վեճի հետ, եւ ընդհակառակը՝ չի ժխտվել, որ հանգուցյալ Նազարյանի ինքնասպանությունը կապ չունի մահվանից 6 ժամ առաջ նրան պատճառված մարմնական վնասվածքների արդյունքում առաջացած հոգեվիճակի եւ մահվանից 1,5 ժամ առաջ ոգելից խմիչ օգտագործած վիճակում գտնվելու հետ:

Հարգարժան գլխավոր դատախազ, քրեական գործում կան բազմաթիվ այլ էպիզոդներ, որոնց ես չեմ անդրադառնում, մինչդեռ այդ էպիզոդները նույնպես քննության առարկա են դարձվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումների պարագայում եւ անդրադարձել են քր. գործի ելքի վրա, որոնք, ինչպես նաեւ մեջբերված երկու ապացույցները, կոչված են հաստատելու, որ Հակոբ Մանուկյանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել չբացահայտված գործի պարագայում, անհիմն: Ես չգիտեմ, թե Ձեզ ինչ կարգով են զեկուցել այս գործը եւ ինչ հիմնավորումներ են բերել, մինչդեռ հավաստիացնում եմ Ձեզ, որ Դուք քրեական գործի նյութերում կգտնեք այն փաստերը, որին ես հղում եմ կատարել, փաստեր, որոնք օրինականորեն զայրույթ առաջացրեցին հասարակության շրջանում եւ ամրապնդեցին այն համոզմունքը, որ հանգուցյալ Նազարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով դատապարտվել են անձինք, որոնք կապ չունեն նրան ինքնասպանության հասցնելու հետ: Գնահատելով Ձեր գլխավոր դատախազի պաշտոնում որդեգրած սկզբունքը՝ ապավինում եմ Ձեր՝ աջակցությանը, կրկին վերանայելու սույն քրեական գործի նյութերը եւ օգնելու անարդար դատավճռի պարագայում անհիմն դատապարտված անձանց, ում ճակատագրերը խեղվել են:

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728