Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություն եւ անակնկալներ՝ օպերային թատրոնում

Փետրվար 19,2014 13:54

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով փետրվարի 17-ից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:

Հրաչ Գրիգորյանը օպերային թատրոնում է դեռեւս 1980-ականների սկզբից՝ որպես նվագախմբի երաժիշտ, իսկ փոխտնօրենի պաշտոնում՝ 1999-ից: Նա միաժամանակ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային-կամերային ամբիոնի դոցենտ է:

Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից «Առավոտը» հետաքրքրվեց, թե նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի հեռանալը կապ ունե՞ր փետրվարի 10-ին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ թատրոնի արտիստների բողոքի հետ, երբ տապալվեց Տիգրանյանի «Անուշը»: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Կամո Հովհաննիսյանն այլեւս չի վարում այդ պաշտոնը՝ կենսաթոշակի անցնելու պատճառով»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օպերայում հայտնի դեպքից հետո վերականգնվել են բնականոն աշխատանքները եւ խորհուրդ տվեց հանդիսատեսին՝ հետեւելու խաղացանկային ներկայացումների գովազդին: Հրաչ Գրիգորյանը հիշեցրեց նաեւ, թե ներկայացումներին զուգահեռ՝ թատրոնում կընթանան «Համերգ ճեմասրահում» եւ «Օրկեստր +» համերգային նախագծերը: Հարցին, թե թատրոնը չի՞ պատրաստվում վերականգնել ցերեկային ներկայացումները, մեր զրուցակիցն առանց մանրամասներ հայտնելու պատասխանեց, որ այդ հարցը քննարկվել է թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ եւ առաջին ցերեկայինը կկայանա մարտին: Դարձյալ անուն չնշելով՝ հայտնեց, թե ընթացիկ տարում թատրոնն անակնկալ ունի փոքրիկ հանդիսատեսի համար: Հավելեց, թե հյուրախաղերով Երեւանի թատրոնում հանդես կգան արտերկրյա ճանաչված անուններ, նախատեսված են նաեւ թատրոնի որոշ արտիստների հյուրախաղեր արտերկրում: Հիշեցնելով մեր օպերային թատրոնում հայտնի անուններ՝ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով Խաչատրյանի «Սպարտակ», Մարիո Կորրադիի՝ Վերդիի «Աիդա», Իրկին Գաբիտովի «Ալեկո» իրականացրած ներկայացումները, հավաստիացրեց, որ թատրոնն այսուհետ նույնպես կհրավիրի նման անունների, շեշտելով, թե դա չի նշանակում, որ կանտեսվեն մեր տեղացի ռեժիսորները:

«Թատրոնի որոշ մեներգիչների եւ գլխավոր դիրիժորի հաճախակի բարձրակարգ ելույթներից արտերկրում, այդ թվում՝ Մարիինյան, Մեծ թատրոն, «Արենա դի Վերոնա», Կազանի թատրոն եւ այլն, կարող ենք համոզված ասել, որ Երեւանի օպերային թատրոնի անունը ոչ միայն հոլովվում է նշանավոր այդ մշակութային օջախներում, այլեւ, փաստորեն, մենք դրսում սպասված ենք ու ցանկալի,- նշեց պարոն Գրիգորյանը, փաստելով,- գերմանաբնակ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը հենց Երեւանի օպերային թատրոնն է ընտրել այն վայրը, որտեղ պատրաստվում է իրականացնել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու իր փորձը. ջութակահարը փետրվարի 20-ին, մեկ երեկոյի ընթացքում, օպերային թատրոնի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) կներկայացնի Պագանինիի ջութակի եւ նվագախմբի համար գրված 6 կոնցերտները: Փաստորեն, Երեւանն իր վրա կսեւեռի աշխարհի երաժշտական հանրության ու երաժշտասերների ուշադրությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728