Red Hot Chili Peppers-ը հայտարարել է, որ պատրաստվում է քուն մտնել եւ սկսել աշխատել նոր ձայնասկավառակի վրա, տեղեկացնում է Rolling Stone ամսագիրը: Այս հայտարարությունը խումբն արել է փետրվարի 1-ին՝ Նյու Յորքի Barclays կենտրոնում, որտեղ խումբը 17 երգից բաղկացած ծրագիր է նվագել: Դիմելով հանդիսատեսին` Red Hot Chili Peppers-ի բաս կիթառահար Ֆլին ասել է. «Մենք պատրաստվում ենք քնափության ժամանակաշրջան մտնել եւ նոր ձայնագրություն անել»: Նա նաեւ ասել է, որ խումբն «առաջընթացի» կարիք ունի եւ նկարագրել է համերգը որպես «մեկ վերջին պոռթկում» նոր սկավառակի ձայնագրությունների մեկնարկից առաջ: Դրա հաջորդ օրը քառյակը կատարել է Give It Away երգը՝ ամերիկյան ֆուտբոլի Սուպեր գավաթի XLVIII խաղարկության ընդմիջման ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Red Hot Chili Peppers-ը հանդես կգա որպես այս տարվա Isle Of Wight հեղինակավոր փառատոնի առաջատար: Խմբի ելույթը կկայանա հունիսի 14-ին՝ փառատոնի հիմնական բեմում: Այս կապակցությամբ խումբը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, որ դա կլինի 2007-ից ի վեր նրանց առաջին փառատոնային եւ 2014-ի միակ ելույթը Մեծ Բրիտանիայում: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանդես գալ Isle Of Wight-ում որպես առաջատար՝ հնարավորություն է, որ տրվում է կյանքում միայն մեկ անգամ` քայլելու The Doors-ի եւ Ջիմի Հենդրիքսի հետքերով: Երբ մենք ելույթի առաջարկ ստացանք, մենք ուղղակի նետվեցինք այդ հնարավորության վրա… Դա կլինի մեր միակ շոուն Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում այս տարի… Այնպես որ, մենք մտադրված ենք այն իրոք յուրահատուկ դարձնել»: Այս տարվա Isle Of Wight փառատոնը անցնելու է հունիսի 12-ից 15-ը:
Red Hot Chili Peppers-ի վերջին ձայնասկավառակը` I՚m With You-ն լույս է տեսել 2011-ին, ինչից հետո երաժիշտները համաշխարհային շրջագայության մեկնեցին` ելույթներ ունենալով գրեթե բոլոր խոշոր միջազգային փառատոների շրջանակներում: Billboard ամսագրին տված հարցազրույցում խմբի հարվածահար Չադ Սմիթը խոսել էր I՚m With You-ին հաջորդող ալբոմ ձայնագրելու` խմբի նախագծերի մասին: «Մենք նվագում ենք տարբեր բաներ, այնպես որ, միշտ ունենք այդ փոքր երաժշտական կտորները, բայց մենք չունենք ամբողջական ձեւավորված երգեր: Մենք նախապատրաստվում ենք նորից անդրադառնալ գրելուն, – ասել է Սմիթը, – գաղափարները միշտ պտտվել են մեր շուրջ, բայց հարկավոր է, որ մենք չորսս միասին մի սենյակում հայտնվենք. միայն այդ ժամանակ դրանք կսկսեն իսկապես ձեւավորվել: Մենք հիմա միայն սկսում ենք, ուղղակի հավաքվում ենք: Մենք մտադիր ենք մի փոքր այլ մոտեցում ունենալ գրելու գործընթացին, բայց սովորաբար միայն, երբ մենք միասին ենք, այդ ժամանակ է ամեն ինչ սկսվում: Իսկապես զվարճալի կլինի նորից հայտնվել միասին ջեմ անելու հունի մեջ` բոլորս կրկին մեկ տեղում: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք դրան»:
Հայկական ռոք ասոցիացիա