Ասում են՝ Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռեւս Տիգրան Մեծի ժամանակվանից: Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգեւոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում: Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում:
Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն:
Կարդացեք նաև
Երուսաղեմցի պատմաբան, հասարակական գործիչ, պրոֆեսոր Գեւորգ Հինդլյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Իսրայելում 9000-10000 հայ կա, 1000 հայ էլ Երուսաղեմում է բնակվում, որտեղ գտնվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:
Պատմաբանի ձեւակերպմամբ, ներկայումս միջազգային դիրք ունենք, բայց դա պահպանելու համար լուրջ ջանքեր են պետք: Նա ցավով փաստում է, որ Երուսաղեմի հայ գաղութը աշխարհի ամենամեկուսացած գաղութն է՝ ֆիզիկապես եւ աշխարհագրորեն: Նախկինում գոնե Միջինարեւելյան բնական միջավայրից՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից հոսք կար դեպի Երուսաղեմ, իսկ այսօր՝ ոչ: Ըստ էության, լուրջ պահանջ կա՝ ուսուցիչների, տնտեսագետների, կալվածային հարցերի մասնագետների, մարդկանց, որոնք կկարողանան դիմագրավել տնտեսական, քաղաքական, հասարակական, կրոնական մարտահրավերներին: Հավելենք, որ 750000 քրիստոնյա է ապրում Երուսաղեմում, 250000 արաբ, կես միլիոն հրեա, մինչդեռ ընդամենը 9000-10000-ն է հայ:
«Առավոտի» հետ զրույցում, այլ երուսաղեմահայեր էլ նշեցին, թե 1000 հայը քիչ են հայապահպանությամբ զբաղվելու համար, մանավանդ «լռելյայն կամ անտեսանելի մրցակցություն մը կա»: Տարիներ շարունակ բեյրութահայությունն ու պոլսահայությունը հոգեւոր եւ մարդկային ռեսուրսների, այդ թվում՝ ուսուցիչների աղբյուր են եղել Երուսաղեմի հայ համայնքի համար, այսօր աշխարհաքաղաքական ու այլ զարգացումների արդյունքում պատկերը էականորեն փոխվել է: «Բարեբախտաբար 1991 թվանակեն ի վեր Հայաստանը մեր որոշ ռեսուրսները կհայթայթե, բայց չմոռանանք, որ տարբերություններ կան: Օրինակ, Բեյրութի հայը ավելի բազմալեզու է, ավելի ծանոթ է արաբ միջավայրին, Հայաստանեն եկածը պետք է անգլերեն սովորի, արաբերեն, եբրայերեն, եւ ոչ միային լեզուն, այլեւ հոգեբանությունը: Հիմա մեր առօրյա կարիքները հոգ կտանինք, բայց պետք է միշտ ունենանք կոնկրետ պատրաստվածություն, մակարդակ, որ մեր միջազգային դիրքը եւ վարկը արդարացնենք»,- ասում է Հինդլյանը:
Երուսաղեմի հայերը Հայաստանից ակնկալիքներ ունեն: «Երուսաղեմը զուտ այցելության հաճելի վայր մը չէ, ասիկա պարտավորություններ կդնե»,- ասում է նրանցից մեկը: Ինչ վերաբերում է Գեւորգ Հինդլյանին, նա առաջարկում է բարձրակարգ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ պատրաստել, որպեսզի յուրաքանչյուր սերունդ ունակ լինի հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնել իրականությունը եւ հայոց ներկայությունը Սուրբ երկրում: Հինդլյանը այլ առաջարկ էլ ունի. «Հայաստանի համալսարանը կամ կարգ մը կառույցներ, այդ թվում նաեւ արտաքին գերատեսչական, պիտի նկատի ունենան, ասենք հիմնեն կառույցներ կամ հիմնարկներ արտասահմանի հայության պատմության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Երուսաղեմին: Հարկ մասնագետներ ունենանք, որոնք ոչ միայն թե բարեպաշտական ձեւով Երուսաղեմով հետաքրքրվին… Ի վերջո, եթե Երուսաղեմը զորավոր ըլլա, Հայաստանը զորավոր կըլլա, Հայաստանը զորավոր ըլլա, Երուսաղեմը զորավոր կըլլա: Հայաստանը մեզի կհայթայթե ռեսուրսներ, մենք ալ հավատի ճամփով օգտակար ենք, բայց պիտի մտածենք նաեւ գործելու իմաստով: Եթե միջազգային դաշտի մեջ ես, ուրեմն կա՛մ մակարդակ ունիս, կամ չունիս, եթե մակարդակդ կորցնես, երկրորդական կհամարվես»:
Ըստ Հինդլյանի, դեռեւս ձգտում ենք պահպանել մեր առաջնակարգ դիրքը՝ շատ բաներ նախկինից ժառանգած լինելու շնորհիվ, մինչդեռ այսօր պետք ունենք նոր ուժերի, երիտասարդների:
Երուսաղեմում ապրող հայերից շատերը մեզ հետ զրույցում ասում են, որ չնայած վիճակը ծանր է, սակայն իրենց դեռեւս պահում է հայի հպարտությունը եւ ազգային ինքնության պահպանության ցանկությունը: Ցավոք, հայերը միջազգայնորեն չճանաչված այդ երկրում գրանցում եւ կարգավիճակ չունեն, եւ անկախ ստացած բարձրագույն կրթությունից, չեն էլ կարող պաշտոններ զբաղեցնել կամ լավ աշխատանք ունենալ: Հիմնական զբաղմունքը առեւտուրն է, սպասարկման ոլորտում՝ աշխատանքը: Հայ երիտասարդների համար խնդիր է ամուսնանալը, կան նաեւ խառն ամուսնություններ քրիստոնյա արաբների հետ, սակայն, ըստ մեր զրուցակիցների, դրանք ի նպաստ հայերի են:
Պարզեցինք, որ տեղի Սրբոց Թարգմանչաց վարժարանում 140 հայ աշակերտ է սովորում, 100 աշակերտ էլ՝ օտար դպրոցներում: Ընդամենը 6-7 հայ ուսանող էլ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչպես երուսաղեմահայերն են ասում՝ քանակային, որակական եւ ապագայի մտահոգություն ունեն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Պարոն Հինդիլյանի բարձրացրած հարցերը իրոք մտահոգիչ են,մենք շատ հեշտությամբ կորցնում ենք մեծ դժվարություններով ձեռք բերածը և գանգատվում, խռովում մեր բախտից: