Հայաստանի կողմից զգոնությունը չէր խանգարի
Վերջերս Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը մի առիթով անդրադառնալով Արեւելյան գործընկերությանը՝ նշել էր, թե ԵՄ-ն դրան վերաբերող երկարաժամկետ հարցերին ու հեռանկարին կվերադառնա մինչեւ Ռիգայում 2015թ. կայանալիք համաժողովը. «Այսօրվա դրությամբ ավելի հրատապ են Ուկրաինան, Ռուսաստանի գործադրած ճնշումները, Մոլդովայում վիճակն ապակայունացնելու փորձերը եւ ճնշումը, որը, հավանաբար, կբանեցվի Վրաստանի նկատմամբ»։
Օրերս American Foreign Policy Council-ի Ռուսաստանի հարցերով մասնագետ Սթիվեն Բլենկը Wall Street Journal-ում «Եվրոպայի համար վերջին շանսն Ուկրաինայում» վերտառությամբ հոդվածում կարծիք էր հայտնել, թե Եվրոպան 1990-ականներին Հարավսլավիայում դիվանագիտության ձախողումից հետո ստացել է հաջող դիվանագիտական ռազմավարություն ցուցաբերելու երկրորդ հնարավորությունը: Հեղինակը գտնում է, որ Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը կանի հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու իր քաղաքական դիրքերն Ուկրաինայում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չկարողանան միասնաբար գործել Ուկրաինայում: «Ուկրաինայում կրկնվում է նույն իրավիճակը, ինչը Վրաստանում. հազարավոր ռուսական անձնագրեր են տրամադրվում Ղրիմի բնակիչներին, իսկ կառավարամետ ջոկատները, որոնք ստեղծվում են արեւելյան տարածաշրջաններում, կարող են հակամարտության դեպքում հանդես գալ Ռուսաստանի կողմից»,- նշել էր ամերիկացի փորձագետը:
Օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի կողմից էլ ավելի մեծացող ճնշումների գործածման հավանականությանը սկսել են ավելի ու ավելի հաճախ անդրադառնալ, ընդ որում՝ չբացառելով անգամ Վրաստանի նկատմամբ ճնշումների գործադրումը: Մինչդեռ Թբիլիսին ոչ միայն Մաքսային միությանն անդամակցելու մտադրություն չունի, այլեւ ավելին` հետեւողականորեն եւ բավական արագ տեմպերով գնում է դեպի ԵՄ ասոցացում, շրջանառվում են տեղեկություններ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը կստորագրի արդեն այս տարվա օգոստոսին:
Այս ֆոնին վերջերս թեժացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման թեման: Սոչիում վրացական ԶԼՄ-ներին ՌԴ նախագահն անգամ հավաստիացրեց, թե պատրաստ է հանդիպել Մարգվելաշվիլիի հետ, եթե նա ցանկանա: Գեորգի Մարգվելաշվիլին էլ իր հերթին չբացառեց այդ հանդիպման հնարավորությունը, սակայն նաեւ հավելեց, որ եթե նման հանդիպումը կարող է դրական լիցք հաղորդել վրաց-ռուսական հարաբերությունների զարգացմանը, եթե ՌԴ-ի կողմից խնդրահարույց թեմաները քննարկելու ցանկություն կա, ապա լուրջ խորհրդակցություններ կկազմակերպվեն: «Վրաց-ռուսական հարաբերությունները մեր օրակարգի ամենալուրջ պրոբլեմն են, ուստի մենք պետք է կարողանանք լրջորեն վերլուծել Պուտինի կողմից հնչեցված այս ռեպլիկը»,- նշել էր Մարգվելաշվիլին: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` նշելով, որ պատրաստ են բանակցային սեղանի շուրջ նստել Պուտինի հետ: Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի կարծիքով էլ՝ Պուտին-Մարգվելաշվիլի հանդիպումը բխում է երկկողմ հարաբերությունների ներկա տրամաբանությունից. «Պետք է հստակորեն ըմբռնել, որ այդ հանդիպման կազմակերպումը բավական շատ ժամանակ ու ջանք է պահանջելու: Նախագահների հանդիպումը այսօր կամ վաղը կայանալ չի կարող: Եթե մենք սկսենք աշխատել այդ ուղղությամբ, դրան պետք է կոնկրետ արդյունքներ հետեւեն: Վրաստանի ղեկավարությունը, սակայն, նման հանդիպման պատրաստ է»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ձմեռային Օլիմպիադայի օրերին բացված Թբիլիսի-Սոչի ուղիղ ավիաչվերթը կշարունակի գործել նաեւ խաղերի ավարտից հետո՝ այս մասին հայտնել էր անձամբ Պուտինը Սոչիի Օլիմպիադայի նախապատրաստմամբ զբաղվող հանրային խորհրդի նիստում: «Այս ամենը լավ նախադրյալներ կստեղծեն հարաբերությունների կարգավորման համար: Վրաստանը մեր մերձավոր հարեւանն է, մենք փոխկապակցված ենք շատ սերտ ու վաղեմի հարաբերություններով: Հուսով եմ, որ նախորդ տարիների ողբերգությունները կմնան անցյալում»,- ասել էր Պուտինը:
Պաշտոնական Թբիլիսին ու Մոսկվան պատրաստվում են լրջորեն քննարկել նախագահներ Պուտինի եւ Մարգվելաշվիլիի հանդիպման կազմակերպման հնարավորությունը՝ մի քանի օր առաջ հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը` հավելելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ պատրաստվում են հանդիպել մարտի սկզբին:
Դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կունենան ռուս-վրացական բանակցությունները նախագահների հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, եւ եթե այդ հանդիպումը կայանա` ռուս-վրացական հարաբերությունները ինչ հունով կընթանան:
Դժվար է կանխատեսել, թե ինչ է ծրագրել Պուտինը Թբիլիսիի պարագայում, եւ արդյոք Կրեմլում մտորո՞ւմ են առաջիկա ամիսներին խափանել նաեւ Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Բայց այն, որ ուկրաինական իրադարձությունները նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ռուսական նոր կոշտ քաղաքականության մասին են վկայում` դա արդեն միանշանակ է:
Հայաստան-Վրաստան հարաբերություններն այս առումով կարող են հայտնվել բավական նուրբ իրավիճակում: Ընդդեմ Վրաստանի հայկական գործոնի օգտագործումը, կարիք չկա բացատրելու, թե որքանով կարող է կործանարար լինել հարեւան երկրի հետ մեր փոխհարաբերություններում: Հայաստանի կողմից զգոնությունը, թերեւս, ամենեւին էլ չէր խանգարի, եթե Ռուսաստանի իշխանությունների ծրագրերը մի օր էլ հեռուն գնան նաեւ Վրաստանի պարագայում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Автору есть, что конкретно сказать или просто пишим и говорим да!?