Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության անկեղծ պոռթկո՞ւմը, թե՞ հերթական խորամանկությունը

Փետրվար 19,2014 14:45

ՀՅԴ-ական պատգամավորի վստահությունն ու ՀՀՇ-ական գործչի անվստահությունը

Նախօրեին ԱԺ նախագահը խորհրդարանական ուժերի դատին է ներկայացրել «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանական նախագիծը: Ընդդիմադիրների համանուն առաջարկը նախորդ քառօրյայում մերժվեց: Արդյոք սա ծաղր չէ՞ քաղաքական փոքրամասնության նկատմամբ՝ մեր դիտարկմանը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց. «Նման ածականներով չեմ ցանկանում բնութագրել: Եթե քաղաքական մեծամասնության կողմից ցանկություն կա նման հանձնաժողով ստեղծելու, իսկ ինչո՞ւ՝ ոչ: Լիազորությունների եւ հարցադրումների հստակեցման դեպքում այն կարող է օգտակար եւ արդյունավետ լինել: Առանց վիճարկելու նման ցանկությունն օբյեկտիվորեն արտահայտելու իշխանության ձգտումը՝ գտնում եմ, որ կարեւոր է, որ հանձնաժողովն ունենա հստակ լիազորություններ եւ հարցադրումներ, ու մենք կկարողանանք դրա միջոցով հասարակությանը եւ շատ քաղաքական ուժերի հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տալ»: Դիտարկմանը` եթե քաղաքական մեծամասնության ղեկավարը նման դիրքերից հանդես եկավ, որքանո՞վ է իրատեսական նրա ենթակաների արդար գործունեության հետ հույսեր կապելը, մեր զրուցակիցը հակադարձեց, որ տվյալ պարագայում խոսքը ողջ քաղաքական դաշտի աշխատանքի մասին է, ու քանի որ հանձնաժողովում նաեւ ոչ իշխանական ուժերն են ներկայացված լինելու, ճշմարտությունը ջրի երես դուրս կգա:

Մինչդեռ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իր համար պարզ չէր, թե ի՞նչ էր ուզում ընդդիմությունը, երբ ժամանակավոր հանձնաժողովի հարցը խորհրդարանում բարձրացնում էր: «Խմբակցություններից մեկն ասում էր` Սերժ Սարգսյան, դու դավաճան եւ գող ես, այս գործարքի մեջ կան կոռուպցիոն երեւույթներ, որին մասնակից են նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները եւ այլն, ու միաժամանակ դիմում էին մեծամասնությանը եւ Սերժ Սարգսյանին` հանձնաժողով ստեղծել, որը պետք է ապացուցի, որ իշխանությունը գող եւ ավազակ է: Նման մթնոլորտում հնարավոր չէ գործնական ձեւով հանձնաժողով ստեղծել, այդ լեզվով մեծամասնության հետ խոսելը կառուցողական չէր: Դա համահունչ է փողոցին դիմելու ձեւին»: Իսկ մեծամասնության ձեռնարկը, ըստ մեր զրուցակցի, մեկ նպատակ ունի` առավել մասնագիտական ներկայացնել այն, ինչը ՀՀԿ նախագահն առավել հանրամատչելի ձեւով ներկայացրեց իբրեւ իր իշխանության ձեռքբերում ու տնտեսական հաղթանակ:
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԿՄ համագումարում հնչեցրած տեսակետները` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, «գազային պայմանագրերի», Հայաստանում տնտեսական աճի մասին, ոչ միայն չեն գոհացրել ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, այլեւ նրա մոտ կարծիք են ստեղծել, որ նախագահին փոխանցվող տեղեկատվությունը բացարձակ կապ չունի իրականության հետ, կամ առնվազն խեղաթյուրված տեղեկատվություն է փոխանցվում նախագահին: Նախագահի հնչեցրած պատասխաններում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ցանկալին փորձ էր արվում ներկայացնել իրականության փոխարեն, ինչը ստեղծված իրավիճակին անհամաչափ էր: Մինչ մասնագիտական դիտարկումներին անցնելը՝ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ նախագահը չպետք է իրեն թույլ տար ՍԴ-ում գտնվող գործի նկատմամբ նման կեցվածք ցուցաբերել: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերում, որի առիթով նախագահ Սարգսյանն ասել էր. «Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան եւ երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, եւ զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, եւ որեւէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեեւ գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞, ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որեւէ շահ չունենք, որեւէ ռեսուրս ձեռք չենք բերում»:

Սա, ըստ պատգամավորի, խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը` նախագահի գլխավորությամբ, ցանկանում է, որ ՍԴ-ն իրենց ցանկալի որոշումը կայացնի: Միաժամանակ մեր զրուցակիցը հուսով է, որ ՍԴ-ն, այնուհանդերձ, վեր կկանգնի այս ցանկություններից եւ կբավարարի ժողովրդի մեծամասնության` 80 տոկոսի ցանկությունը: «Սխալ է 80 տոկոսին պարտադրել մի բան, որը միջազգային փորձի շրջանակներում արդյունք չի տվել: Հակառակը՝ միջազգային փորձը վկայում է, որ եթե ժողովրդի մեծամասնությունը դեմ է ինչ-որ բանի, փորձ է արվում կոնսենսուսային լուծումներ գտնել: Այլապես կլինեն նոր հիասթափություններ, նոր բացասական դրսեւորումներ, ինչի արդյունքում տուժում են թե հասարակությունը, թե տնտեսությունը, թե պետությունը»,- ասում է մեր զրուցակիցը:

Ընդդիմադիր պատգամավորն իրականությունից կտրված է համարում նաեւ նախագահի տեսակետը, որ որեւէ մեկը չի խոսել գազի գնի մասին: Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանն ասել էր. «Իմ կարծիքով՝ գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին թող խոսեն գնի մասին եւ ասեն, եթե թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել… Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին: Որովհետեւ այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որեւէ պետության»: Մեր զրուցակցի կարծիքով՝ խնդիրն այն է, որ թե առուծախի պայմանագիրը, թե դրանից ածանցվող գազի գնագոյացման պայմանագիրը լուրջ քննարկման առարկա պետք է դառնային, եւ գազի գնագոյացումը կապել Հայաստանի կողմից ձեռք բերվող գազի հետ՝ առնվազն իրականությունից դուրս հարց է. «Հայաստանը գազի գնորդ չէ, Հայաստանի սպառողներն են գազի գնորդ, ովքեր գազը գնում են շուրջ 390 դոլարով, որը ամենաթանկ գներից մեկն է տարածաշրջանում: Վճարվող սահմանային գինը որեւէ կապ չունի սպառողներին վաճառվող գազի գնի հետ: Հետեւաբար, այս պարագայում պետք է խոսենք սպառողին վաճառվող գազի գնի մասին, իսկ դա ակնհայտորեն այն չէ, ինչի մասին խոսում է հանրապետության նախագահը»:

«Որեւէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն»,- ասել էր նախագահը` «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը քննադատողներին: Ընդդիմադիր պատգամավորը նման մոտեցումը հարիր չի համարում նախագահի կողմից ու նկատում է, որ իշխանությունը հենց նրա համար է, որ պետության շահերը պաշտպանի, ոչ թե մրցակցության մեջ մտնի հասարակության կամ քաղաքական ուժերից որեւէ մեկի ներկայացուցչի կամ որեւէ ուժի հետ: «Բանակցություն վարելու համար որեւէ անձ կամ կազմակերպություն առնվազն իշխանական լիազորություն պետք է ունենա: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում իսկապես բացակայում է արդյունավետ բանավեճի եւ երկխոսության անհրաժեշտ միջավայրը: Ցավում եմ, բայց նախագահի խոսքը թեեւ պետք է հիմնված լիներ հանդուրժողականության, համերաշխության հիմքի վրա, բայց նույն հարցուպատասխանի ժամանակ օգտագործվում էին արտահայտություններ, որոնք բաժանում էին հասարակությունը թշնամիների եւ յուրայինների»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728