Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ոչ իշխանական ուժերն ունեն հասարակության շրջանում սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր». «Հայոց աշխարհ»

Փետրվար 19,2014 12:51

Հատված Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:
Համաձա՞յն եք այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կոալիցիոն նախկին գործընկերները` ՀՀԿն ու ԲՀԿն, այլեւս բարիկադների տարբեր կողմերում են, ու չնայած ԲՀԿն դարձյալ խուսափեց «ընդդիմություն» անվանումից՝ հավատարիմ մնալով «այլընտրանք» ձեւակերպմանը, այնուհանդերձ երկու ուժերի միջեւ պայքարն անխուսափելի է դառնում:

-Ճիշտն ասած, նման իրավիճակ` բարիկադների տարբեր կողմերում գտնվելու, ես չեմ տեսնում: Թերեւս այդ տպավորությունը պայմանավորված է քաղաքական դաշտում ԲՀԿ-ի գրաված դիրքով, որը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այլընտրանքային է, ինչը վաղուց ասել ենք՝ անհասկանալի մի բան է: Սովորաբար քաղաքական ուժերը, ինչպես նշեցիք, լինում են բարիկադի այս ու այն կողմերում, քաղաքական լեզվով ասած` դիմություն եւ ընդդիմություն: Մնացած բնորոշումները, կարծում եմ, լուրջ չեն:
Անդրադառնալով համագումարին՝ ասեմ, որ ես չլսեցի մի այնպիսի մտահոգություն, որը բարձրաձայնած չլիներ Հանրապետականը` թե՛ կառավարության միջոցով, թե՛ ՀՀԿ պատգամավորների կողմից: Ի՞նչ է ստացվում. ԲՀԿ-ն որդեգրել է երկրում գոյություն ունեցող խնդիրների շուրջ միայն խոսողի, դրանք մատնացույց անողի գործելաո՞ճ։
Բայց արդյոք նույն բանն անվերջ կրկնելով՝ քարը տեղից կշարժվի՞: Չէ՞ որ մատնացույց անելուն պետք է հաջորդեն կոնկրետ առաջարկներ, ծրագրեր եւ ամենակարեւորը՝ համագործակցային աշխատանք: Ի դեպ, հենց սա էր «Բարգավաճ Հայաստանից» ակնկալում լսել մեր հանրությունը, նրա բազմաթիվ ընտրողները, մինչդեռ դա տեղի չունեցավ:

   –Փոխարենը, Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողն ու կառավարության բոլոր որոշումներին այլընտրանք տարբերակներ ներկայացնի: Գուցե ԲՀԿ-ն նպատակ ունի այլընտրանքային կառավարությո՞ւն ձեւավորել` Րաֆֆի Հովհաննիսյանի «հրապարակի նախագահ» տարբերակով, փորձելով փողոցում հասունացնել նոր կառավարության գաղափարը:

-Մի խոսուն փաստ բերեմ «Բարգավաճ Հայաստանի» «այլընտրանքային տարբերակ» ասվածի մասին: Երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, ԲՀԿ խմբակցության քարտուղարը ելույթ ունենալով՝ հայտարարեց` այո՛, դա ճիշտ համակարգ է, վաղուց պետք է այն ներդրվեր։ ԲՀԿ-ից չհնչեց ոչ մի հակադիր ելույթ. խմբակցությունն ամբողջ կազմով կողմ քվեարկեց:

   –Մնում է ճշտել ժամանակը, ե՞րբ է ԲՀԿ-ն նման փութաջանորեն պաշտպանել սույն օրինագիծը: Չնայած դժվար չէ կռահել` կոալիցիայի անդամ եղած ժամանա՞կ:

-Այո, այո, շատ տեղին էր հարցը, հենց իշխանություն եղած ժամանակ: Ի դեպ, կառավարության կազմում ներգրավված ԲՀԿ-ական սոցապնախարարն էլ բավական աշխատանք է կատարել այդ համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ այսօր հակառակն են խոսում: Սա է ԲՀԿ-ի «այլընտրանքային վարքագիծը»: Քանի դեռ իշխանության մեջ էին, ողջունեցին, երբ այլեւս իշխանություն չեն` զբաղված են ամեն ինչ սեւացնելով:
Ինչ վերաբերում է հրապարակներում այլընտրանքային կառավարություն ձեւավորելուն, ապա առհասարակ նման «ձգտումներն» ի հայտ են գալիս այն դեպքում, երբ քաղաքական ուժը զգում է, որ հողն իր ոտքերի տակ ամուր չէ: Այսօր ոչ իշխանական ուժերն ունեն հասարակության շրջանում սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր, ինչին էլ միտված են երկրում ամեն ինչ մուգ գույներով ներկայացնելու նրանց ճիգերը, իշխանության հասցեին տարաբնույթ մեղադրանքներ հնչեցնելը: Մոռանալով, որ ընտրողը վաղը` հերթական ընտրությունների ժամանակ, գնահատելու է իրենց կատարած գործին համարժեք:
«Այլընտրանքային տարբերակների», «միասնական օրակարգի», «միասնական գործողությունների» ու «համախմբումների» մասին տարաբնույթ կոչերը հոգնեցնում են, որովհետեւ օդում ասված խոսքը, եթե այն գործ չի դառնում, մաշվում է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    Այո, ,,համախմբում,, ,միասնական օրակարգ,, ,,միասնական գործողություն,, բառակապակցությյունները հհկ-ի սրտով չէ, նրան հոգեհարազատ է ,,չարություն,, ,,նախանձ,,
    ,,չարամիտ,, և համանման արտահաբտությունները, որոնցով ապականել ու այլասերել են քաղաքական դաշտն ու մարդկանց առօրյան….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728