Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Թումանյանի բարձրացրած հայկական թեման համաշխարհային է»

Փետրվար 19,2014 12:40

«Այսօր իսկապես տոն է: Թումանյանը մեծ գրող և մեծ քաղաքացի է»,- ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ առիթով տիկնիկային թատրոնը բեմադրելու է Հովհ. Թումանյանի 6 ստեղծագործություն՝ «Անհաղթ աքլորը», «Սուտլիկ որսկանը», «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն», «Անխելք մարդը» և «Անբան Հուռին»:

«Թումանյանի անունը կրելը որոշակի պարտավորություն է դնում թատրոնի առջև. միշտ լինել ժամանակակից, միշտ առաջնորդվել նրա հումանիստական սկզբունքներով, որով ապրում և ստեղծագործում էր, պրոպագանդել Թումանյանին ամբողջ աշխարհում»,- ասաց պրն Բաբայանը: Սակայն նա նաև նշեց. «Մենք շատ քիչ ենք զբաղվում դրանով և կարող ենք արձանագրել, որ աշխարհը Թումանյանին չգիտի»:

Նա ասաց, որ «Անխելք մարդը» ստեղծագործությունը բեմադրել են աշխարհի մոտ 10 երկրներում՝ Հնդկաստանից մինչև Միացյալ նահանգներ: «Ամեն տեղ, որտեղ խաղում էինք այդ ներկայացումը, բոլորը նայում և ասում էին՝ «Սա մեր մասին է»: Թումանյանի բարձրացրած հայկական թեման համաշխարհային է, համամարդկային»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մի դեպք պատմեց, որ տեղի է ունեցել թատրոնում, երբ գերմանացի հյուրերին ներկայացրել է Թումանյանի կյանքը և ստեղծագործությունները: Երբ պատմել է «Սուտլիկ որսկանը», գերմանացիները զարմացել են և հարցրել, թե երբ է գրվել այն: «Պատասխանը լսելուց հետո նրանք ասացին. «Թումանյանը եվրոպական աբսուրդ գրականության հիմնադիր է»: Թումանյանը բոլոր ժամանակների համար է»,- ասաց պրն Բաբայանը:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728