Փետրվարի 15-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստանի» 7-րդ համագումարն ու Գագիկ Ծառուկյանի ծրագրային զեկույցը առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող «թեժ գարնան» ակնհայտ նախանշաններից են։
Բնական է, որ նման իրադարձություններից առաջ այդ կուսակցությունն ու նրա առաջնորդը նույնպես փորձում են ակտիվանալ եւ որոշակի հավակնություններ դրսեւորել։ Սակայն երբ դրանց բովանդակությունը բաղդատում ենք «Բարգավաճի» ներկա համեստ հնարավորությունների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ առաջիկայում սպասվող իշխանություն-ընդդիմություն պայքարի ընթացքը հունավորող «ծանր նժարի», իսկ միգուցե «ճոճանակի» դերը ստանձնելու Գագիկ Ծառուկյանի հավակնությունները ավելի քան չափազանցված են։
Արտաքուստ թվում է, թե 2012-ի խորհրդարանական ընտրություններում պատկառելի քվեներ ստացած եւ ԱԺ թվով երկրորդ խմբակցությունը ձեւավորած այդ կուսակցությունը նման «առաքելության» իրականացման համար ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ բազմահազարանոց շարքեր, ահռելի ֆինանսական միջոցներ, վերջապես ժողովրդի որոշակի հատվածի համակրանքը վայելող բարեգործ-առաջնորդ։ Սակայն չպետք է մոռանալ, որ անցած խորհրդարանական ընտրություններին հաջորդել է 2013-ի նախագահականը, որտեղ «Բարգավաճը» հանդես եկավ դիտորդի դերում։
Դրա հետեւանքով այն մոտավորապես կես միլիոն ընտրողները, որոնց քվեներով 2012-ին ձեւավորվել էր «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը, դարձան իշխանության ու ընդդիմության հիմնական թեկնածուների «դյուրին որսը»։
Կարդացեք նաև
Եվ այդօրինակ պասիվությունը «հիմնավորվեց» մեր հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնացած «իշխանության այլընտրանքը» լինելու անորոշ ու, մեղմ ասած, ոչ գրագետ հավակնությամբ։
Այսինքն՝ այս լղոզված բանաձեւի միջոցով «Բարգավաճը» հրաժարվեց ոչ միայն իշխանության մասը լինելու գայթակղությունից, ինչով փորձում է հպարտանալ, այլեւ ընդդիմություն դառնալու հեռանկարից, ինչը ցանկանում է մոռացության մատնել։ Ու թեեւ կուսակցությունը այժմ որդեգրում է հավակնոտ կեցվածք, որից խուսափում են անգամ ընդդիմադիր ուժերից շատերը, միաժամանակ բաց է պահում դեպի նախագահականը տանող դուռը՝ «առայժմ» չպահանջելով երկրի առաջին դեմքի հրաժարականը։
Սակայն նման «մանր խորամանկություններից» անդին իր 7-րդ համագումարում «Բարգավաճի» ղեկավարությունը «մարտական» էր տրամադրված, թեեւ չպետք է մոռանալ, որ քաղաքականության մեջ կեցվածքը մի բան է, կոնկրետ քայլերը՝ մեկ այլ բան։ Իսկ քաղաքականության այբուբենն ուսուցանում է, որ հասարակության ու նրանից էլ քաղաքական պայքարի բեւեռացման պայմաններում քաղաքական դաշտում կենտրոնամետ դիրք գրավող ուժերի հետեւից գնացող ընտրազանգվածը հալվում է գարնան ձյան նման։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում