Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջ տոնը: Տոնը նորածին Քրիստոսին տաճար ընծայելու հիշատակությունն է և նշվում է հունվարի 6-ից ճիշտ 40 օր հետո:
Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այս օրը հռչակված է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:
Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց նորապսակների օրհնության կարգ:
Այնուհետև Տ. Նավասարդ սրբազանն ընթերցեց աղոթք, որը բառ առ բառ կրկնեցին նորապսակները: «Տեր Աստված մեր, Դու որ ամենազոր ես եւ Արարիչը բոլոր արարածների: Երկրից հող վերցնելով՝ ստեղծեցիր մարդուն քո պատկերով եւ նմանությամբ: Հաստատեցիր նրան երանական դրախտում: Արու եւ էգ ստեղծելով նրանց օրհնեցիր՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը եւ տիրե՛ք դրան»:
Կարդացեք նաև
Այժմ, աղաչում ենք Քեզ, Տեր, օրհնիր նորապսակ մեր ընտանիքը, ինչպես օրհնեցիր մեր նախահայրերին և նախամայրերին, որովհետեւ կամքիդ համաձայն եկանք արժանանալու Քո քաղցր օրհնությանը, եւ մեր գլուխները զարդարեցիր պատվական պսակով, որպեսզի մեր կյանքի ընթացքում լինե՛նք անարատ, իրար սիրենք հոգևոր եւ ապրենք միաբան ու համերաշխ…»:
Հիշեցնենք, որ Տեառնընդառաջի տոնախմբությունները սկսվել են նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո: Ըստ եկեղեցական օրացույցի ժամերգությունից հետո օրը փոխվում է: Եվ հավատավոր մարդիկ եկեղեցու ճրագներից վառած մոմերը տանում են ու իրենց բակերում խարույկներ վառում:
Երեկ երեկոյան Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների բակերում էլ կազմակերպվել են տոնախմբություններ, որին հրավիրվել էին այս տարի ամուսնածաց զույգերը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան