Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սփյուռքահայ Միշել Սարկոյանի վաճառակետում։
Վերջինս պատմեց, որ ընտանիքը մեկ տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան։ Բնակություն են հաստատել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, որտեղ էլ, տանը կից, հիմնել է ավտոմասերի առք ու վաճառքի փոքրիկ կետ։
Հենց այդ վաճառակետում էլ, Միշել Սարկոյանի խոսքով, տեղի է ունեցել միջադեպը։ Ըստ այդմ, նա երիտասարդ հաճախորդին ավտոմաս է վաճառել ու խոստացել այն վերցնել ու գումարը վերադարձնել, եթե վաճառված սարքը մեքենային չհամապատասխանի։
Սարկոյանի պատմելով, վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ հաջորդ օրը երեկոյան երիտասարդ հաճախորդը ավտոմասը փոխարինել է մեկ այլ չաշխատող մասով եւ փորձել այն հետ վերադարձնել։ «Իր խոսակցությունը դուրս չեկավ, ասեցի՝ հեռացի։ Զենքով եկան՝ սպառնալով, թե ինձ կսպանի, ես էլ ինձ պաշտպանեցի՝ իր ընկերոջով, ով դիմելով ընկերոջն ասում էր՝ մի՛ խփի, ինձ կկրակես։ Ես անընդհատ գոռում էի՝ ոստիկանություն կանչե՛ք։ Տեսնելով, որ զենքն էլ չի օգնում, սկսեց մեքենայով վրաս քշել, ընկերոջ վրա էլ քշեց ու փախավ»,- միջադեպը նկարագրեց սփյուռքահայ Միշել Սարկոյանը։
Կարդացեք նաև
Վերջինս փոխանցեց, որ ոստիկանությունից եկել են, իրեն հարցաքննել եւ այդ ավտոմասը տարել փորձաքննության։
Նա զայրացած կրկնում էր, որ եթե արդարությունը չվերականգնվի եւ մեղավորները չպատժվեն, նա կրկին կլքի Հայաստանը եւ հեռվից կպայքարի արդարության հասնելու համար։ «Ես գիտեմ, որ եթե նման բան լինի Եվրոպայում, ապա մեղավորները պետք է կալանքի տակ մնան, բայց այդ երիտասարդը մինչեւ հիմա ազատության մեջ է։ Ես չգիտեմ՝ մամայի բալիկ էր, պապայի բալիկ էր, չեմ ճանաչում իրան։ Ես չգիտեի, որ Հայաստանում զենքերով են ֆռում, առաջին անգամ ես դա տեսա։ Որպեսզի աղջիկս հայկական դպրոց հաճախեր, եկանք այստեղ, բայց եթե արդարությունը չվերականգնվի, կլքեմ Հայաստանը»,- զայրացած պատմում էր Միշելը։
Երեկ զրուցեցինք նաեւ այդ երիտասարդի՝ Վահագնի հետ, ով, տեղեկանալով, որ «ՀԺ»-ից են իր հետ խոսում բուռն բացականչեց. «Վախ հորս արեւ, ինչ եք ուզում, ձեր ցավը տանեմ։ Նենց եմ հոգնել էս միջադեպից»։ Այնուամենայնիվ, վերջինս ի պատասխան մեր հարցին նշեց հետեւյալը. «Էդ մարդուն (նկատի ունի Միշել Սարկոյանին -հեղ.) համարը կայքով գտել եմ, զանգահարել եմ, մի մեքենա կար, ավտոմաս էր պետք։ Գնացել եմ առել եմ այն պայմանով, որ եթե այդ մասը չաշխատի մեր մեքենայի վրա, հետ պիտի տամ իրան, ինքն էլ համաձայնվեց։ Էդ մասի վրա նշան արեց։ Հետո էդ նույնը տարել հետ ենք տվել, ասում ա՝ ուրիշ մաս եք բերել։ Հիմա փորձաքննությունը կպարզի, որ ես ուրիշ ավտոմաս չեմ տարել, որ ինչ-որ միջուկ չեմ փոխել։ 1000 դրամի պատմություն ա էդ ավտոմասը, ես դրա համար չէի գնա հասնի Էջմիածին, որ սենց պատմության մեջ ընկնեի։ Իսկ գիտեք, որ իմ մեքենան ինձ մոտ չի, տարել են ոստիկանության տուգանային հրապարակ, քանի որ այդ մեքենան վնասված ա, քարով վնասել ա ինքը, բայց ես չեմ բողոքում իր դեմ։ Սուտ ա ինքը պատմում»։
Վահագնի խոսքով, նա ոստիկանությունում մի քանի անգամ հարցաքննվել է, խուզարկել են իր բնակարանը, սակայն ոչ մի զենք չեն զտել։ Պատասխանելով մեր հարցին՝ նա նաեւ հավելեց, որ զենքով չեն սպառնացել, այլ քարով. «Քարով ենք սպառնացել, որ ինքը թողնի մենք փախնենք։ Թե ինչի՞ պետք ա զենք հանեինք։ Սուտ բաներ ա ասում»:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում