Կիևի բախումների ժամանակ գիշերվա ընթացքում 20-ից ավելի մարդ է զոհվել, սակայն ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով փետրվարի 18-19 մահացել է 9 ոստիկան: Առողջապահության նախարարությունը ամսի 18-ի 23:00 դրությամբ (Երևանի ժամով 21:00) գրանցել է 11 ցուցարարի մահ, իսկ 114 հոգի հիվանդանոց է տեղափոխվել:
Սակայն գիշերը տեղեկություն է հայտնվել, որ ևս մի քանի ցուցարարներ են զոհվել: Նրանցից մի քանիսի դիակները գտնվում էին Միխայլովսկի վանքում, որտեղ ստեղծվել է դաշտային հիվանդանոց:
Տարբեր գնահատականներով վիրավորների թիվը տատանվում է մի քանի հարյուրից մինչև հազար հոգի:
Կարդացեք նաև
Կիևում բախումները վերսկսվել են փետրվարի 18-ին այն բանից հետո, երբ ցուցարարները երթով գնում էին դեպի խորհրդարանի շենքը, որտեղ պետք է քննարկվեր 2004թ. սահմանադրության վերադառնալու հարցը, բայց այն այդպես չմտավ օրակարգ: Ոստիկանները արգելափակել էին նրանց ճանապարհը, իսկ ցուցարարները փորձում էին ճեղքել շղթան: Ժամը 20:00-ից հետո (երևան՝ 18:00) ոստիկանությունը արշավ է սկսել Անկախության հրապարակի վրա՝ հայտնելով հակաահաբեկչական գործողությունների սկսելու մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ