ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առաջարկում է այս օրը՝ փետրվարի 18-ը, ազատության օր հռչակել: Այսօր ԱԻՄ համախոհները նշում էին Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ, ազատասիրությունը խորհրդանշող 1921 հակառուսական հակաբոլշեւիկյան հաղթական ապստամբության տոնը:
Ազատության հրապարակում պարոն Հայրիկյանը հավաքվածներին դիմավորեց Հայաստանի հիմնով ու աղոթքով: Հետո ԱԻՄ առաջնորդը պատմեց, որ առավոտյան Ծիծեռնակաբերդում նորընտիր ԱԻՄ-ականները ներկայացան հավերժական կրակի մոտ՝ ասելով ես ԱԻՄ-ական եմ. «Երդումը մեր բառապաշարից հանել ենք, որովհետեւ Աստված ասում է ձեր այոն՝ այո , ոչը՝ ոչ լինի, խոսքդ խոսք պետք է լինի»:
Հետո նա ասաց, որ մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը. «Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսևորման՝ երեք բռնապետների դաշինք Մաքսային միությանը բռնակցվելու վտանգի առջև, մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը և առաջնորդվել մեր արժանավոր նախնիների դասերով»:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե ինչպես 1921թ. փետրվարի 18-ին հայերն ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ և ազատագրեցին Երևանը: Հիմա էլ ակցիայի մասնակիցներին նա առաջարկեց համախմբվել և «ո՛չ» ասել բոլշևիկյան բռնապետ Ռուսաստանի Դաշնությանը. «ԱԻՄ-ն ավելի քան երկու տասնամյակ կոչ է անում հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը՝ փետրվարի 18-ը, ազդարարել Ազատության օր»:
Նրա խոսքով, ժամանակին իրենց ասում էին՝ ինչքան հնարավոր է «անկախությո՜ւն-անկախությո՜ւն» գոչել եւ 4 տարի այդ մասին խոսելուց հետո հասարակությունը 1991-ին հանրաքվեի ժամանակ «այո» ասաց անկախությանը:
Նրա կարծիքով, հիմա էլ ազատության մասին պետք է այնքան խոսել, մինչեւ փետրվարի 18-ը հռչակվի ազատության օր. «Հայրենիքի համար կռված զինվորներին կոչում են ազատամարտիկ, նրանք պակաս գործ չեն արել, հայրենիքի համար են կռվել, բայց ասեք հայրենիքի զինվոր. Ինչո՞ւ եք ասում ազատամարտիկ: Ազատությունն այլ բան է, իրենց խորթ բան է, ուզում են պղծել ազատությունը, բայց հայ ժողովուրդն արժանի է ունենալու իր ազատության տոնն ու այս օրը ամենաճիշտ օրն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ