Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որտեղի՞ց են վերցնում միջին աշխատավարձի ու թոշակի մասին այդ աբսուրդ թվերը». քաղաքագետ

Փետրվար 18,2014 21:08

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու գազի գնին, ասաց. «Վերջերս Ազգային ժողովում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը`Ռոբերտ Նազարյանն էր ելույթ ունենում ու  եվրոպական մի քանի երկրների գազի գինն էր ասում. Դանիայում գազը կարող էր վաճառվել 500 դոլարով, որովհետև Դանիայի քաղաքացին ամսական ստանում է 2500 եվրոյից ոչ պակաս աշխատավարձ: Գիտեք նույնիսկ ամոթ է համեմատվելը, հլը դուք տեսեք մինիմալ աշխատավարձի մասին է խոսքը, ես բուտաֆորիա և աբսուրդային միջինի մասին չեմ խոսում, մեր իշխանությունները շատ են սիրում միջինով խոսել, դատախազի աշխատավարձին կպցնում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակցի աշխատավարձը, որը ստանում է 42 հազար դրամ, և դրանից միջին են հանում: Միջինը ստացվում է, այո, 120 հազար դրամ:

Ի՞նչ միջինի մասին եք խոսում, դուք մինիմալով խոսեք, մեզ միջինով պետք չէ խոսել, ես Գյումրիում տասնյակ հարյուրներով մարդիկ գիտեմ, ովքեր երկրաշարժին հաշմանդամ են դարձել, չեն աշխատել, անաշխատունակ են և ստանում են ամսական 15 հազար բազային թոշակ, մեկ էլ իմանում ես` միջին թոշակը 30 քանի հազար դրամ, որտեղի՞ց են այդ թվերը վերցնում, միջինով չպետք է խոսել, մինիմալով պետք է խոսել »:

Քաղաքագետը անդրադարձավ նաև պարտադիր կենսաթոշակային համակարգին` քննադատելով այն: «Եվ վարչապետը Հայաստանի բուհերի դասախոսների և գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, և հիմա էլ նախագահն բացեիբաց ասացին` նրանք պարտքով 30 տարով գումար են վերցնում ժողովրդից տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար: Եվ եթե պարտքով են վերցնում, կարելի՞ է հարցնել էդ մարդուն ումից պարտքով ես վերցնում` դու համաձա՞յն ես տալ էդ պարտքը: Այ, պարտադիրն է աբսուրդ: Ես նախագահի հետ լիովին համաձայն եմ, որ ոչ մի երկրում էլ էս համակարգի ներդրումը, ընդհանրապես կենսաթոշակային ոլորտի բարեփոխումները շատ հարթ չեն ընթանում: Բայց գիտեք ինչպես. եթե նախագահն գտնում է, որ 80 տոկոսը դեմ են, իսկ ես կասեի 95 տոկոսն են դեմ, ուրեմն դա արդեն տեղիք է տալիս մեր երկրի իշխանություններին մտածելու:

Եվ երկրորդը նախագահը, երևի թե, շատ սխալ է տեղեկացված, որ պարտադիր 5 տոկոսն են վերցնում: Ոչ, բավական շատ են վերցնում. ոլորտներ կան, որտեղ 5-13 տոկոս է վերցվում աշխատավարձի վրայից: Ինչի՞ համար . ունենալով բնակչություն, որի 50 տոկոսը ապրում է աղքատության շեմին մոտ կամ աղքատության շեմից ցածր և նրան պարտադրում են`ասելով 30 տարով ինձ գումար տուր, ես քեզ բացարձակ պատասխան չեմ տալիս, թե ինչ է լինելու ընթացքում, հա՞, հետո՞: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ հիմիկվա տված գումարը վաղը մյուս օր ինֆլյացիայի չի ենթարկվի և թեկուզև տոկոսներով, ավելացումներով, նորմալ գնով հետ կվերադառնա ժողովրդին: Երկար փողերի մասին են խոսում, բայց էդ երկար փողերը մի քիչ էլ ավելի շուտ պետք է հետ վերադարձվի ժողովրդին, ոչ թե 30 տարի հետո, սա է խնդիրը» , -ասում է Գագիկ Համբարյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728