Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն, մեկ տարի անց. «Իմ մասնակցությունը ընտրություններին`քայլ էր Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ»

Փետրվար 18,2014 20:44

«2012 թվականին մեր երկրում ստեղծվել էր որոշակի քաղաքական իրադրություն, որը ես կգնահատեմ կարճ` քաղաքական որոշ ուժերի քաղաքացիական զգալի մասի կոնսենսուս` ԵՄ-ի հետ ասոցացման հարցում: Այդ կոնսենսուսի առկայության մասին վկայում է Եվրոխորհրդարանի 2012 թվականի ապրիլի 18-ի բանաձեւը, որտեղ նշվում է, որ ՀՀ-ում այդպիսի կոնսենսուս կա: Միաժամանակ կա խնդիր, որ մեր հանրությունը տեղեկացված չէր, ԵՄ-ի հետ ասոցացումը Հայաստանի համար ենթադրում է կոնկրետ քաղաքական պայմաններ եւ այդ իմ վկայակոչած բանաձեւի մեջ շարադրված են եղել պայմանները, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ զիջումների միջոցով, Իրանի հետ արտաքին քաղաքականությունը, Հայաստանի, Եվրոպական, ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության հետ համադրելու, այդպիսի պահանջները ընդունելու միջոցով ՀՀ-ն ստանում էր հնարավորություն` ունենալ մեծ ֆինանսական աջակցություն`ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար եւ ըստ էության` հանրությունը դրա մասին տեղյակ չէր: Եվ այդ կոնսենսուսը, որը ձեւավորվել էր քաղաքական ուժերի, այդ եվրոինտեգրման բանաձեւի շուրջ` ըստ էության ենթադրում էր, որ փորձ է արվում կատարել գործարք`ժողովրդի մեջքի հետեւում:

Նման պայմաններում կար մի իրադրություն, որը ես կգնահատեմ իբրեւ բոլոր ուժերի պայմանավորվածություն` մեկ քաղաքական ծրագրի շուրջ, որը եւ հանդիսացավ հիմնական պատճառ ինչին  2013 թվականի նախագահական ընտրություններին ոչ մեկ չփորձեց ներկայացնել այլընտրանք ծրագիր, ոչ մեկ չփորձեց ցույց տալ, որ կա այլ ծրագիր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցյալ տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններին այս տեսակետը հայտնեց, այդ ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Անդրիաս Ղուկասյանը:

Նրա համոզմամբ`Հայաստանը ունի երկու ճանապարհ` կամ զիջումների միջոցով անդամակցել Եվրոպական ընտանիքների կազմում, կամ` փորձել գտնել ինքնուրույն ազգային անկախ զարգացման ճանապարհը: Ըստ նրա`երրորդ տարբերակը`Ռուսաստանի հետ համագործակցելով ապրելը` զարգացման ճանապարհ չէ, դա ընդամենը վկայում է, որ մեր ժողովրդի մոտ չկա կամք` առաջ շարժվելու: «Այս պատկերացումները քաղաքական համակարգի դասավորության մասին, դրդեցին ինձ հանդես գալ ընտրություններում`կոնկրետ ծրագրով: Ես գտնում եմ, որ նման տեսակի հարցերը, որոնք վերաբերվում են ժողովրդի ճակատագրին, պիտի լուծվեն ազատ ընտրությունների միջոցով: Դրա համար, իմ առաջ տեսա կարեւորագույն խնդիր, որպես կարեւոր հարց բարձրացնել մեր երկրում, ազատ ընտրություն անելու խնդիրը: Եվ իմ մասնակցությունը ընտրություններին, ըստ էության, քայլ էր Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ, որովհետեւ ես տեսնում էի, որ մնացած բոլոր ուժերը մեծ հաշվով մասնակցում են ոչ թե հակադրվելով Սերժ Սարգսյանին, այլ փորձելով  իրենց համար խնդիրներ լուծել, այնինչ`դա կարեւոր ժամանակահատված էր ժողովրդի համար: Ես հասկացա, որ անհրաժեշտ է այդ այլընտրանք չունեցող ընտրություններին հակադրվել եւ բնականաբար դնել խնդիր, որ ընտրությունները պետք է լինեն, ժողովրդավարական, ազատ, եւ ընտրակաշառք բաժանող կուսակցությունները չպետք է մասնակցեն»:

Անդրիաս Ղուկասյանը ընտրությունների արդյունքներին տվեց հետեւյալ գնահատականը. «Տեսնում էի, որ ՀՀԿ-ն այս ընտրություններով փորձելու է լուծել հինգ հարց: Առաջինը`ստանալ դրական գնահատական` միջազգային դիտորդների կողմից, երկրորդը`ընտրությունների արդյունքում զրոյացնել մարտի մեկի հետ կապված ոստիկանության գործողությունների քննության անհրաժեշտությունը, երրորդը`լեգիտիմություն ձեռք բերել 2012-ի մայիսին  ձեւավորված կառավարության համար, չորրորդը` ճանապարհ բացել արեւմուտքից ֆինանսական օգնություն ստանալու համար եւ հինգերորդը` ընդդիմադիր դաշտում ստեղծել նոր ընդդիմադիր կենտրոն, կերպար, որը  հետին պլան կմղեր Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով`եթե համեմատենք, թե ինչի հասավ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում, ապա տեսնում ենք, որ այդ խնդիրներից ոչ մեկը լուծված չէ, դիտորդների գնահատականը պիտանի է միայն երկրի ներսում օգտագործման համար, մարտի մեկի հետ կապված ոստիկանության գործողությունների հետաքննության պահանջը շարունակում է ակտուալ լինել քաղաքական համակարգում, գործող կառավարության կոռումպացված լինելը պարզ է ամբողջ աշխարհին, բնական է ֆինանսական օգնության մասին արեւմուտքի կողմից խոսք լինել չի կարող, եւ չկարողացան  ստեղծել արհեստական ընդդիմադիր նոր կենտրոն ընդդիմության դաշտում. «Ես համարում եմ, որ ՀՀԿ-ին ուղված բոլոր խնդիրները տապալվել են: Այսօր իշխող համակարգում ճգնաժամ է օլիգարխիայի շարքերում, որովհետեւ այն քաղաքական համակարգը, որ 2012-ին ստեղծվում էր`ակնհայտորեն քաղաքական իրականությանը չի համապատասխանում: Ունենք ՀՀԿ-ն, որը Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի անդամ է, բայց քայլեր է անում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ, այսինքն` մի այլ բլոկին միանալ եւ ստեղծել ընդհանուր տնտեսական, ռազմական եւ հոգեւոր մի տարածք, այստեղ ակնհայտ հակասություն կա: Մյուս կուսակցությունն էլ`«Բարգավաճ Հայաստանը», որը ի պաշտոնե «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ռազմավարական գործընկերն է Հայաստանում, սակայն դեմ է դուրս գալիս ՌԴ շահերին, Հայաստանում էներգետիկ ոլորտում վերաբերվող հարցերում: Այսինքն` այս քաղաքական համակարգը, որը 2012 թվականին ստեղծվում էր այդ սցենարի համար` իրողությանը չի համապատասխանում եւ Սերժ Սարգսյանը այն փոխելու խնդիր ունի, բայց քանի որ պատգամավորները, նախարարները արդեն վճարել են իրենց պաշտոնների, մանդատների համար`բնականաբար ոչ մեկ չի ուզում գնալ փոփոխության եւ  ծավալվում է մի նոր հակադրություն: Սերժ Սարգսյանը իր իշխանության ուզուրպացիան փրկելու համար կամ պետք է ոչնչացնի մինչեւ 2012 թվականը իր ձեռքերով ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգը, կամ` այդ համակարգը դեն կշպրտի Սերժ Սարգսյանին որպես մի գործչի, որը կորցրել է իր ակտուալությունը: Ես դիտարկում եմ այս իրադրությունը Հայաստանում, որպես մի պրոցեսի, որը տանում է փոփոխության եւ, որը տանում է կառավարման ճգնաժամի»:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ կարեւորում է հեղափոխությունը Հայաստանում, որովհետեւ ժողովուրդը պետք է դառնա պետության տերը եւ ի վերջո հաստատվեն ժողովրդավարական կառավարման հիմքեր: Նա համարում է, որ եւ ընտրությունները, եւ հետընտրական գործընթացները զարգանում են այն ուղղություններով, որը եւ ինքը, եւ իր գործընկերները կանխատեսում էին մեկ տարի առաջ:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728