Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ Կիևում. կան զոհեր և վիրավորներ. «Ազատություն»

Փետրվար 18,2014 20:21

Երեքշաբթի օրը Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցան վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղ բախումները: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել, ավելի վաղ հաղորդվում էր մեկ տասնյակ ցուցարարի և յոթ ոստիկանի վիրավորվելու մասին:

Օրվա առաջին կեսին հազարավոր ցուցարարներ Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից շարժվեցին դեպի խորհրդարան՝ Գերագույն ռադայից պահանջելու սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար երկրի նախագահի լիազորությունները:

Ընդդիմադիրների նախաձեռնած «Խաղաղ հարձակում» կոչված երթը, սակայն, ընդամենը կես ժամ խաղաղ բնույթ ունեցավ: Բախումներ սկսվեցին նրանց ճանապարհը փակած ոստիկանների հետ: Երթի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական շղթան, բարձրացան ճանապարհը փակող մեքենաների վրա, գրավեցին ոստիկանական մեքենաներից մեկն ու հեռացրեցին ճանապարհից: Ոստիկաններին օգնության հասան «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները, գործի դրվեցին մահակներ, խլացնող նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ:

Ցուցարարները քարեր ու այրվող շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, նրանք հրկիզեցին ոստիկանական երկու ավտոմեքենա:

Ցույցին մասնակցող ընդդիմության առաջնորդներից «Ազատություն» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը հայտարարեց, որ իշխանություն ձևավորող ժողովուրդը պետք է ճնշում գործադրի խորհրդարանում իր ներկայացուցիչների վրա՝ այդ որոշումները ընդունելու համար: «Կլինի դա երեքշաբթի, չորեքշաբթի թե հինգշաբթի, բայց ավելի լավ է դրանք ընդունվեն այսօր», – ասաց նա:

Ցուցարարները պահանջում են վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, ինչպես նաև պատժել Եվրոմայդանի ցուցարարների նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ կիրառած ոստիկաններին: Նրանք բավարար չեն համարում նաև իշխանությունների օրերս հայտարարած համաներումը: Վերջին օրերին իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի ցուցարարները ազատեցին գրաված վարչական շենքերը, այդ թվում՝ Կիևի քաղաքապետարանը, իսկ իշխանությունները ազատ են արձակում կալանավորված ցուցարարներին: Իշխանությունների հայտարարած համաներումով 268 ցուցարար ազատվում է քրեական պատասխանատվությունից, իսկ արդեն հարուցված 108 քրեական գործեր փակվելու են մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդդիմության Ազգային դիմադրության շտաբը պահանջում է ավելին՝ փակել Մայդանի ակտիվիստների դեմ հարուցված 2 հազար քրեական գործերը, իսկ 243-ին՝ արդարացնել:

Լուսանկարը` censor.net.ua

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728