Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռինգում տղաներն ու աղջիկները պետք է մարզվեն համատեղ

Փետրվար 18,2014 19:28

Aravot.am-ի հետ Հայաստանում կանանց բռնցքամարտի ներկայի եւ ապագայի մասին զրուցելիս, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հաջողության հասնելու բանալին համարեց տղաների հետ համատեղ մարզումները:

«Ինչպես արվում է ամբողջ աշխարհում, ես որոշում եմ կայացրել, որ մեր աղջիկների հավաքականը համատեղ մարզվի համապատասխան տարիքային խմբի տղաների հավաքականի հետ: Կանանց հավաքականի մարզիչները դժգոհ են: Սակայն երբ աղջիկներին բացատրեցի, որ առանց այդ էլ իրենք շատ քիչ են` ամեն քաշում մեկ-երկու հոգի, եւ մարզումային մրցակից որպես այդպիսին չունեն, նրանք դեմ չեղան:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ տղաներն ու աղջիկները մարզվում են համատեղ: Բայց դա չի նշանակում, թե տղաները ռինգում ցուցադրում են իրենց ուժի առավելությունները: Նրանք խնդրին գիտակցաբար են մոտենում: Մեր տղաներն էլ պետք է աղջիկներին օգնեն մրցափորձ կուտակել եւ հաջողությունների հասնել: Վարպետությունը ձեռք է բերվում այդ համատեղ աշխատանքում:

Մարզչի համար տարբերություն չկա` տղաների՞ն է սովորեցնում, թե՞ աղջիկներին: Տեխնիկական բազան նույնն է, հարվածի ձեւն էլ, լարվածությունն էլ, դիմացկունությունն էլ: Տարբերությունը ծանրաբեռնվածությունն է, աղջիկների պաշտպանիչ սաղավարտները եւ մի քանի հատուկ պարագաներ:Կրկնում եմ. նրանք մարզվում են միասին, բայց տարբեր առաջադրանքներ են կատարում: Եվ որքան լավը լինի տղամարդ մարզումային մրցակիցը, այնքան արդյունքն ավելի կլինի:

Երբ ես պրոֆեսիոնալ էի, ռինգում իմ կողքին պարապում էր կանանց պրոֆեսիոնալների աշխարհի չեմպիոնը: Նա խնդրում էր ինձ, որպեսզի հետը մեկ-երկու ռաունդ մենամարտեմ: Հասկանալի է, ես ամբողջ ուժով չէի հարվածում, բայց նա իմ ու, ընդհանրապես,  տղամարդկանց հետ մարզվելով, օգուտներ էր քաղում: Ի դեպ, նա ու մյուսներն էլ նվեր չէին: Լավ էլ հարվածում էին ու տեխնիկա-տակտիկական պատրաստվածության բարձր աստիճան ցուցադրում:

Ամերիկայում, որտեղ բռնցքամարտն առաջատար մարզաձեւերից է եւ այդ երկիրն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում, տղաների ու կանանց համատեղ մարզումները սովորական են, նույնիսկ` մոդայիկ: Մարզադահլիճներում պրոֆեսիոնալների կողքին մարզվում են հոլիվուդյան աստղերը, սովորական աղջիկներ: Ու մեկը մյուսին չի խանգարում: Հակառակը` օգնում է. պրոֆեսիոնալը չի շեղվում իր աշխատանքից, սիրողն էլ մարզվում է նրա կողքին ու շատ բաներ սովորում: Սա է արդյունավետ ճանապարհը», – ասաց Արթուր Գեւորգյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728