Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին

Փետրվար 18,2014 18:57

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պահածոյագործների միության ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ բանջարեղենային և մրգային խյուսի, պահածոների, ինչպես նաև մրգահյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների խնդիրներին և քննարկել դրանց պետական աջակցության հնարավոր եղանակները:

Խորհրդակցության մասնակիցները կառավարության ղեկավարին են ներկայացրել ոլորտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Նշվել է, որ ներկայումս Հայաստանում գործում է մրգային և բանջարեղենային պահածոներ ու մրգահյութեր արտադրող մոտ 40 ընկերություն, որոնք հիմնականում աշխատում են թերի ծանրաբեռնվածությամբ: Պատճառներն են՝ շրջանառության միջոցների պակասը, արտադրանքի սպառման փոքր ծավալները և ոչ բավարար առաջնային հումքը (տեխնիկական միրգ, հատապտուղներ, բանջարեղեն): Դրանք էլ, իրենց հերթին, պայմանավորված են համապատասխանաբար վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով, ոչ լրիվ արտադրողական հզորությամբ աշխատանքով և ցածր բերքատվությամբ (եղանակային վատ պայմանների պատճառով), գյուղատնտեսական հողերի անարդյունավետ օգտագործմամբ, գյուղացի-վերամշակող ձեռնարկություն չկանոնակարգված հարաբերություններով:

Վարչապետը, լսելով հնչեցված հարցադրումները, նշել է. «Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի մասնավոր հատվածը համախմբված ձևով այս խնդիրները լուծի և պատրաստակամ է աջակցել ձեր նախաձեռնություններին, եթե դրանց շուրջ լինի մասնավոր հատվածի ձեռնարկությունների միասնական մոտեցումը: Այսօր ՀՀ պետական բյուջեից տրվող սուբսիդիաների մեծ մասն ուղղվում է գյուղատնտեսությանը: Սուբսիդավորվում են ոլորտին հատկացվող վարկերի տոկոսադրույքները, վառելիքը, սերմացուն, պարարտանյութը: Սա այն ոլորտն է, որն իսկապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»:

Արտադրանքի սպառման ծավալի ավելացման և արտահանման կազմակերպման նպատակով կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել հայկական արտադրանքի բրենդավորման կոնկրետ բիզնես-ծրագրի մշակումը, որում սահմանված կլինեն պետություն-մասնավոր հատված փոխադարձ պարտավորությունները, համատեղ աշխատանքի ձևաչափը, թիրախավորված ապրանքատեսակները, դրանց ներկայացվող որակական չափանիշները,  արտահանման լոգիստիկան: Տիգրան Սարգսյանն առաջարկել է քննարկումը շարունակել նեղ կազմով և արդեն մշակված միասնական մոտեցումներով փաստաթուղթը ներկայացնել կառավարությանը: 

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728