Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն այցելեց Բերդի տարածաշրջան

Փետրվար 18,2014 18:53

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ տարածաշրջանում իրականացվող ճանապարհաշինական  եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին: Փոխվարչապետին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ)  գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Փոխվարչապետն այցն սկսեց Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքից, որտեղ ՀՍՆՀ ծրագրով կառուցվում է նոր մանկապարտեզ: Ա. Գեւորգյանին ներկայացվեց շինարարական աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է, որ նոր շենքը շահագործման կհանձնվի ամռանը: Ավելի քան 120 մլն դրամ արժեքով ծրագրին համաֆինանսավորման եղանակով մասնակցում է նաեւ համայնքը:

Փոխվարչապետն այնուհետեւ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն – Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Զեկուցվեց, որ  արդեն իրականացվել են շուրջ 240 մլն դրամի  աշխատանքներ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Ներքին Կարմիր աղբյուր եւ Վերին Կարմիր աղբյուր համայնքներ: ՀՍՆՀ –ն  այս համայնքներում եւս սոցիալական ենթակառուցվածքների  վերականգնման ծրագրեր է իրականացնում: Ներքին Կարմիր աղբյուրում  արդեն կառուցվել է  համայնքային նոր կենտրոնի շենքը: Ծրագրի  իրականացման համար պահանջվել է  122 մլն դրամ, որին իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը: Վերին Կարմիր աղբյուրում ներկայումս ընթացքում են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները:  Այս ծրագրի արժեքը նույնպես շուրջ 122 մլն դրամ է կազմում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շենքը պատրաստ կլինի շահագործման արդեն այս տարվա օգոստոսին: ՀՍՆՀ  գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի կիրականացվի նաեւ տարածաշրջանի մեկ այլ` Այգեպար համայնքի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որի  արժեքը կկազմի շուրջ 85 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց վերանորոգվող եւ նոր կառուցվող մանկապարտեզների ֆինանսավորման եւ պահպանման խնդրին` ընդգծելով համայնքային բյուջեներում այդ նպատակով համապատասխան միջոցների նախատեսման կարեւորությունը:

Նշված համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ,  ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը: Նրանք  առաջին հերթին կարեւորեցին  անվտանգության ապահովումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Դրական գնահատելով կառավարության կողմից  վերջին շրջանում իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը եւ նշելով, որ իրենց հիմնական եկամտի աղբյուրը  գյուղատնտեսությունն է` բնակիչները բարձրացրեցին մատչելի գնով գյուղտեխնիկայի, մասնավորապես, կոմբայնների ձեռք բերման հարցը: Բարձրացվեց նաեւ ոռոգման ցանցի բարելավման խնդիրը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա ոռոգելի դարձնել 35-40 հա խաղողի այգի: Բնակիչները կարեւորեցին  տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Նրանք  դրական գնահատեցին 2013թ. սահմանամերձ համայնքների համար հողի հարկի փոխհատուցման եւ  ոռոգման ջրի  վարձավճարի արտոնությանը վերաբերող կառավարության որոշումը:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախատեսում   է  այս տարի եւս շարունակել նույն ծրագիրը, եւ առաջիկայում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի: Նա նաեւ խոստացավ, որ  բարձրացված մյուս  հարցերը  եւս կքննարկվեն կառավարությունում:

Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց նաեւ <<Հայխնայբանկ>>-ում ավանդների փոխհատուցման գործընթացի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Ա. Գեւորգյանը կանգ առավ  Նավուր համայնքում, որտեղ ծանոթացավ վերանորոգման կարիք ունեցող դպրոցի շենքային պայմաններին: Քննարկվեց շենքի նորոգման հարցը հետագա ծրագրերում  ներառելու հնարավորությունը:

Բերդ քաղաքում փոխվարչապետը շրջայց կատարեց վերանորոգված մանկապարտեզի շենքում, հանդիպեց աշխատակիցների հետ: Շենքի հիմնանորոգումն իրականացվել է   մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  եւ ՀՍՆՀ-ի ծրագրերով: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ստեղծված պայմանների կապակցությամբ` հույս հայտնելով, որ մարզում  անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը  նոր հնարավորություններ կստեղծի բնակչության համար:

Բերդում փոխվարչապետն այցելեց նաեւ քաղաքային հիվանդանոց, որը հիմնանորոգվում է Համաշխարհային  բանկի աջակցությամբ իրականացվող  առողջապահական համակարգի արդիականացման ծրագրով: Նախատեսվում է երկու մասնաշենքի հիմնանորոգում եւ մեկ նոր մասնաշենքի կառուցում, ինչպես նաեւ վերազինում: Շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 674 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա  ամռանը, եւ բնակչությունը հնարավորություն կունենա տեղում  առավել որակյալ բուժծառայություններ ստանալ:

Փոխվարչապետը  եղավ նաեւ  Բերդի համայնքապետարանի նախկին վարչական շենքում, որտեղ տեղակայված են  գրադարանը, համայնքային այլ կառույցներ, ծանոթացավ շենքային պայմաններին, տեղում պատասխանատուների հետ քննարկվեցին շենքի վերանորոգման  հնարավորությունները:Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Բերդում կառուցվող  Սուրբ Գեւորգ եկեղեցու շինհրապարակ, տեղեկացավ աշխատանքների ընթացքին:

Այցի ավարտին փոխվարչապետը ծանոթացավ նաեւ Իծաքար- Գանձաքար ճանապարհահատվածի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներին:  Ներկայումս իրականացվում են ճանապարհի  որոշ հատվածների  լայնացման եւ բարեկարգման աշխատանքներ:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    Եթե փոխվարչապետի Բերդի տարածաշրջան կատարած այսօրվա այցը նույնիսկ ոչինչ չտա, ապա բավարար է միայն այն, որ Տավուշի մարզպետը վերջապես այցելել է սահմանամերձ գյուղեր, կարևոր չէ, որ զինվորական համազգեստով և սև ակնոցներով չի եղել: Մնացած հարցերի մասին խոսելն անիմաստ է և ավելորդ, քանի որ ոչինչ տեղից չի շարժվում:

  2. Garegin says:

    Եթե փոխվարչապետի Բերդի տարածաշրջան կատարած այսօրվա այցը նույնիսկ ոչինչ չտա, ապա բավարար է միայն այն, որ Տավուշի մարզպետը վերջապես այցելել է սահմանամերձ գյուղեր, կարևոր չէ, որ զինվորական համազգեստով և սև ակնոցներով չի եղել: Մնացած հարցերի մասին խոսելն անիմաստ է և ավելորդ, քանի որ ոչինչ տեղից չի շարժվում:

  3. marat says:

    Մեկ տարի հետո Տավուշին վերաբերվող հաշվետվությունում կնշվի 25 միլիարդ
    դրամի ներդրում կապիտալ շինարարության բնագավառում 2013 թվականի 21.5
    միլիարդ դրամի փոխարեն:Արմեն Ղուլարյանի,Զաքարյան Իշխանի աչքը լույս:Որ-
    տեղ է 21.5 միլիարդ դրամի ներդրումը կատարվել:Մարզի շինարարները սննկացել
    են:Մարզպետի շինարար խնամին արդեն կարող է նրանց հոգու հանգստության
    համար մոմ վառել:

  4. Arman says:

    Փետրվարի 12-ին ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն այցելեց Վազաշեն գյուղ, իսկ դրանից 6 օր հետո՝ փետրվարի 18-ին տեղի ունեցավ փոխվարչապետի այցը Բերդի տարածաշրջան: Այս երկու այցելությունների թերևս միակ կապը հակառակորդի կողմից Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի ուղղությամբ կրակոցներն են: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարզային իշխանավորներն այս կրակոցների համար նախապայմաններ ստեղծելով հիմնավորել են ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշումը՝ Վազաշեն – Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար, չնայած ոչ-ոք չի ուզում հասկանալ, որ նշված այլընտրանքային հատվածի կառուցումն իրականում անիմաստ է, եթե նախագծային փոփոխություններ չարվեն, քանի որ այն իր վտանգավորության աստիճանով չի զիջելու գործողին: Ինչևէ, պ-ն Գևորգյանը պետք է առավել ուշադրություն դարձնի Իծաքար-Գանձաքար ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, քանի որ Վազաշենի այլընտրանքայինը միևնույն է հակառակորդի կրակի տակ է լինելու և ինքը, եթե շարունակի պաշտոնավերել, անհրաժեշտության դեպքում ստիպված է լինելու Բերդի տարածաշրջան այցելել Գանձաքարով:

  5. Աննա says:

    Ես համոզվեցի,որ մեր երկրում որևէ ճշմարիտ կարծիք հաշվի չի առնվում,ոչ մի դրական տեղաշարժ Տավուշի մարզում չի սպասվում:Մի պաշտոնյան գալիս է,մյուսը գնում է,նկարված թվերը մեծանում են, այնպիսի տպավորություն է,որ Տավուշում կոմունիզմի հաղթանակ է տոնվում:Բայց ցավոք իրականանում՝ ,,նույն գարշահոտ ջուրն է ու նույն ջրաղացը,, նույն ողբալի իրավիճակն է,նույն ակադեմիկոս մարզպետը՝միայն իր գրպանի մասին մտածող,նույն խորհրդականն ու ,,կիսագրագետ,, աշխատակիցները: Կարող եմ հստակ հայտնել իմ կարծիքը՝ ոչ մի դրական շարժ չի ակնկալվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728