Ինչպիսին կլինի Թուրքիայի հետ Հայաստանի առեւտուրը Մաքսային միություն մտնելուց հետո, այսօր էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանից ասուլիսի ընթացքում հետաքրքրվեցին լրագրողները:
Փոխնախարարի խոսքերով` «Թուրքիայի հետ չունենք երկկողմ որեւէ իրավական փաստաթուղթ, երկկողմ առեւտրում ունենք խնդիրներ. մեկ փաստաթղթերն ընդունվում են, մեկ` չեն ընդունվում, մեկ`Վրաստանի միջոցով են կատարվում, եւ այլն: Մաքսային միությունը Թուրքիայի հետ ունի առեւտրային որոշակի ռեժիմ, լինելով Մաքսային միության անդամ: Սա նշանակում է ունենալ նման ռեժիմ, որը այս պահին Մաքսային միության կանոնակարգումների համաձայն, Թուրքիային տրվում է GSP համակարգ, սա ենթադրում է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի նկատմամբ, այս համակարգում ներառված երկրները պիտի ունենան փոքր ինչ իջեցված դրույքաչափեր: Ես կարծում եմ, այստեղ մեզ համար ձեռնտու չէ կիրառել այդ իջեցված դրույքաչափերը Թուրքիայի մասով: Հատկապես, այն, ինչ սպառողական ապրանքներին է վերաբերում, Հայաստանը պետք է շարունակի կիրառել ամբողջական դրույքաչափերը, դա մեր բանակցությունների օրակարգում է»:
Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առեւտրային ռեժիմը չի կարող վատթարանալ Իրանի եւ Վրաստանի հետ, քանի որ Մաքսային միությունը այդ երկրների հետ ունի նույն առեւտրային ռեժիմը, ինչը որ Հայաստանն ունի. Վրաստանի հետ՝ ազատ առեւտրի ռեժիմ, Իրանի հետ՝ առավել բարենպաստ ռեժիմ:
Փոխնախարարը նշեց, որ ՄՄ անդամակցելուց առավելագույն գնաճը 1.4% է լինելու, լրագրողների այն հարցին թե արժե այդ 1.4%-ի համար բանակցել բացառությունների ցանկի շուրջ, փոխնախարարն ասաց` այո, արժե:
Կարդացեք նաև
Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքները, որոնք մաքսազերծվում են, ավելի էժան են մեր երկրում, քան Ռուսաստանից ներկրվողները, որոնք զրոյական մաքսատուրքով են մտնում մեր շուկա, պարոն Մելքոնյանն ասաց՝ որովհետեւ եվրոպական երկրներում կա արդյունաբերական, տեխնոլոգիական զարգացվածության բարձր մակարդակ, ինչի արդյունքում ապրանքները գնային եւ որակի առումով առավել մրցակցային են. «Ռուսաստանն ու Մաքսային միությունը փորձում են տարիֆային կարգավորման նորմերով պաշտպանել իրենց շուկան»:
Մանրամասն` տեսանյութում
Փոխնախարարի ներկայացմամբ` ՄՄ-ի հետ մաքսատուրքերի դրույքաչափերի շուրջ բացառությունների ցանկում առկա են առավել զգայուն ապրանքները, օրինակ` դեղորայքը, պարարտանյութերը, գյուղտեխնիկան, ավտոմեքենաները, շաքարավազը եւ այլն:
Հարցին էլ, ինչպե՞ս կարող է «Նաիրիտի» արտադրանքը մրցակցել Մաքսային միության շուկայում, եթե գործարանի արտադրանքի ինքնարժեքում գազի գինն ավելին է, քան ՄՄ երկրների նույն արտադրանքի ինքնարժեքում, ասուլիսի մեկ այլ մասնակից, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն այլ պատասխան տվեց`«Գործարանը կաշխատի «Ռոսնեֆտի» հետ, գործարանը միանշանակ կաշխատի»: Մյուս փոխնախարարն էլ միջամտեց պատասխանին եւ փորձեց փրկել գործընկերոջը:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ