Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղի երեխաները ստանում են ավելի ցածր որակի կրթություն». Ավագ դպրոցների անհասանելիության մասին. medialab.am

Փետրվար 18,2014 17:46

Թեպետ աշակերտները պնդում են, որ ավագ և միջնակարգ դպրոցների միջև տարբերությունը մեծ չէ, այդուհանդերձ, գյուղական վայրերի երեխաներն ասում են, որ գյուղում ավագ դպրոց լինելու պարագայում իրենք անպատճառ կհաճախեին այդ դպրոց:

Այդ կարծիքին է Տավուշի մարզի Հաղարծին համայնքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցի Արամ Մանուչարյանը:

«Այստեղ ենք ծնվել ու այստեղի դպրոցն ենք գնում, բայց եթե գյուղում ավագ դպրոց լիներ՝ անպայման կգնայի»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հայաստանի 110 ավագ դպրոցները տեղակայված են մեծ ու փոքր քաղաքային վայրերում և գյուղի երեխաները զրկված են ավագ դպրոց հաճախելու հնարավորությունից: Գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ. 770 միջնակարգ դպրոցից 703-ը հենց համայնքներում են:

Բացի այդ 490 հիմնական դպրոցներից 149-ը գործում են հենց գյուղական վայրերում, ինչը նշանակում է, որ այդ գյուղի երեխաները՝ ցանկության դեպքում, 12-ամյա կրթություն ստանալու հնարավորություն չունեն:

Կրթության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ եթե որևէ համայնքում դպրոցը հիմնական է, դա նշանակում է, որ մոտակա գյուղում կամ քաղաքում կա ավագ կամ միջնակարգ դպրոց:

«Սակայն կան բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ,- մեկնաբանում է նա,- քանի որ այս դպրոցներում աշակերտները շատ քիչ են, հետևաբար, ուսուցիչը շատ ժամանակ կարող է ծախսել մեկ աշակերտի վրա»:

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ մեր կրթական ոլորտի ռազմավարական ուղղություններից մեկը հավասարաչափ զարգացումն է:

«Սակայն քանի որ գյուղերում ավագ դպրոցներ չկան, ստացվում է, որ գյուղի երեխաները ստանում են ավելի ցածր որակի կրթություն,- մեկնաբանում է նա,- և հետևաբար, գյուղի ու քաղաքի միջև անջրպետը խորանում է»:

Հաղարծինի հենց հարևանությամբ գտնվող Թեղուտի միջնակարգ դպրոցի ուսմասվար, կենսաբանության ուսուցչուհին Ռայա Թամամյանն ասում է, որ, եթե պետությունը ավագ դպրոց է ստեղծել, ուրեմն պիտի ստեղծի այնպիսի հնարավորություն, որպեսզի գյուղի երեխաները ևս կարողանան օգտվել դրանից:

Թեղուտի միջնակարգ դպրոցում սովորում են 232 աշակերտ, շաբաթական ունեն 34 ժամ:

Տավուշի մարզում տեղակայված 81 հանրակրթական ուսումնական հաստատություններից չորսն են ավագ դպրոցներ, որոնք գտնվում են մարզի չորս քաղաքներում՝ Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Իջևան: 22 հիմնական դպրոցներից 12-ը գտնվում են գյուղերում, և այդ գյուղերի երեխաները ստանում են իննամյա կրթություն:

Նույն դպրոցի աշխարհագրության երիտասարդ ուսուցչուհի Սոնա Հարությունյանն ասում է, որ ավագ դպրոցը բոլորի համար մատչելի չէ:

«Դա շատ ծախսատար է. երեխան օրական ինչքա՞ն տրանսպորտի գումար պիտի ծախսի, որպեսզի հասնի ավագ դպրոց,- մեկնաբանում է նա,- բացի այդ այստեղ նաև սննդի հարց է առաջանում»:

Ի տարբերություն Հայաստանի որոշ փոքր քաղաքների, որոնք տարածքային առումով կենտրոնացված են և քաղաքի մի ծայրից մյուսը հնարավոր է ոտքով գնալ, Դիլիջանը երկարությամբ ձգված քաղաք է ու քաղաքում տեղաշարժվելու համար քաղաքային տրանսպորտն անհրաժեշտ է: Այն չափազանց վատ է աշխատում:

Հարությունյանն ասում է, որ բոլոր ծնողներն էլ ձգտում են, որպեսզի իրենց երեխան 12 տարի սովորի:

«Սակայն եթե մեր դպրոցը միջնակարգ լինելու փոխարեն հիմնական լիներ, մեր բարձր դասարանի 16 երեխաներից ընդամենը 5-6 երեխայի ծնողները կկարողանային տանել Դիլիջան»,- ասում է նա:

Դեպի միջնակարգ կամ մոտակա ավագ դպրոցներ աշակերտների փոխադրումը՝ ըստ ռազմավարական ծրագրի՝ ընկած է մարզպետարանի պատասխանատվության վրա, սակայն չի իրականացվում:

Իսկ լեռնային շրջանների գյուղերում, օրինակ, նույն Թեղուտում, տները, շատ դեպքերում կառուցված են սարերի փեշերին՝ բավական հեռու գյուղի կենտրոնից: Հաճախ նույն գյուղի դպրոց հաճախելու համար երեխաները երկար ճանապարհ են կտրում: Եվ այդ առումով, երեխաների համար գյուղից դուրս գալու և քաղաքում դպրոց հաճախելու հարցը օրակարգից դուրս է:

Թեղուտի դպրոցի ոչ մի աշակերտ չի հաճախում Դիլիջանի ավագ դպրոց: Ընդհանրապես Դիլիջանի ավագ դպրոց հաճախում են միայն Դիլիջանի հիմնական դպրոցներն ավարտած երեխաները: Գյուղի երեխաները որպես հիմնական պատճառաբանություն բերում են հեռու լինելը և միջավայրը չփոխելու ցանկությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728