Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Դատախազությունը և ՀՔԾ-ն ամեն կերպ փորձում են հովանավորել ոստիկանությանը»

Փետրվար 18,2014 17:27

«Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը դեմ են, որ իմ դեմ բռնություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության: Այդ իսկ պատճառով մեր բազում բողոքները ՀՔԾ և գլխավոր դատախազություն մնացել են անպատասխան և մերժվել»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտում է տեսնում այն փաստում, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու մասին դատարանի որոշումը, այսպես պատասխանեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը, մասնավորապես, գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Երիցյանը Վերաքննիչ դատարան կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի ակտը:

Արգիշտի Կիվիրյանը գնահատական տալով՝ նշում է, որ «ամեն կերպ փորձում են կոծկել իմ դեմ բռնություն կատարած անձանց գործողությունները, հովանավորել նրանց»:

Մանրամասնելով՝ պարոն Կիվիրյանն ասաց. «Խոսքը ոստիկանության մասին է. դատախազությունը և ՀՔԾ-ն ամեն կերպ փորձում են հովանավորել ոստիկանությանը: Իրենք ամեն գնով պայքարում են, որ չհարուցեն քրեական գործ, իսկ եթե հարուցեն էլ, ապա այնպիսի նախաքննություն ընթանա, որ այդ գործերը չբացահայտվեն»:

Հետաքրքրվեցինք` դրդապատճառները քաղաքակա՞ն են: Պարոն Կիվիրյանը պատասխանեց. «Դրդապատճառները քաղաքական են և իմ դեմ հալածանքների շղթայի շարունակությունը: Հիմնական մեղավորն այս ռեժիմն է, ՀՀ-ում իշխող քրեաօլիգարխիկ համակարգը, նրա պարագլուխը»:

Արգիշտի Կիվիրյանը վստահեցրեց, որ բոլոր օրինական ու հնարավոր միջոցներով պայքարելու է ու Վերաքննիչ դատարանում, ինչպես առաջին ատյանի դատարանում բոլոր փաստերով հիմնավորելու է ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության գործողությունների ապօրինությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728