Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանողները հանդիպեցին ռեժիսոր Արա Առուշին

Փետրվար 18,2014 16:55

Այսօր՝ փետրվարի 18-ին, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված «Որսորդ» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Արա Առուշի եւ ստեղծագործական խմբի հետ: Ուսանողները նաեւ հնարավորություն ունեցան դիտել ֆիլմը եւ ռեժիսորին ուղղել իրենց հուզող հարցերը:

Ուսանողներին հիմնականում հետաքրքրում էր մանրամասներ ֆիլմի նկարահանումներից՝ ինչպե՞ս է առաջացել գաղափարը, որտե՞ղ է նկարահանվել, ինչքա՞ն ժամանակում, ինչպե՞ս են դերասաններն ընտրվել, ինչո՞ւ  է ֆիլմը ռուսաց լեզվով եւ այլն:

Ֆիլմի գլխավոր հերոս որսորդը, հանդիպելով ֆինանսական խնդիրների, փորձում է լուծել դրանք՝ գնալով գայլի որսի: Սակայն այդ որսի ընթացքում ինքն է հայտնվում զոհի կարգավիճակում, բայց գայլը խնայում է նրա կյանքը, իսկ ինքը, բարձրացնելով հրացանը, չի կարողանում գայլին կրակել: Ֆիլմի գլխավոր դերերում են Աննա Առուշը, Արմեն Գրիգորյանը եւ Էդուարդ Շահնազարյանը:

«Որսորդը» ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի  «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի «Ջագրան» եւ Մերիլինդի «Ֆրեդերիկ» կինոփառատոներում:  Ֆիլմը մասնակցելու է ԱՄՆ-ում Մանհեթնի միջազգային կինոփառատոնին, որտեղ այն ընդգրկված է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ իր աշխատանքներն ուղղված են երիտասարդությանը.

«Բոլոր մեր ֆիլմերը երիտասարդության համար են, եւ իմ ողջ ապագա աշխատանքը ուղղված կլինի երիտասարդությանը: Այս հանդիսատեսը իմ հանդիսատեսն է: Ու ապագայում ես կփորձեմ ավելի ու ավելի երիտասարդների ուշադրությունը գրավել»:

Հանդիպման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական  հասարակական կազմակերպության նախագահ, ԵՊՀ դասախոս, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ շատ լավ առիթ է հանդիպումներ կազմակերպել հայտնի արվեստագետների եւ հանրային կապեր եւ ժուռնալիստիկա սովորող ուսանողների միջեւ.

«Շատ լավ առիթ է նման հնարավորությունները օգտագործելը, այսինքն՝ արվեստագետներին բերել իրենց ֆիլմերը, թատրոնը կամ ինչ տեսքով, որ կա արվեստի գործը, այդ գործը ներկայացվի ապագա լրագրողներին եւ հանրային կապերի մասնագետներին: Կարեւոր էր, որ հիմա, փաստորեն, Արա Առուշը մեկնելու է Մանհեթեն՝ մասնակցելու այդ կինոփառատոնին եւ մրցանակներ պետք է տրվեն, մեկնելուց առաջ նա պետք է հանդիպի ապագա լրագրողի եւ հանրային կապերի մասնագետի եւ հետո նոր մեկնի եւ ստանա: Կարծում եմ, շատ կարեւոր էր, որ ինքը բացահայտեր ինքն իրեն եւ բացահայտեր այն ֆիլմը, որը այսքան մեծ հռչակ է ունեցել»:

Հանդիպմանը ներկա ուսանողներից մեկի կարծիքով՝ հանդիպումը շատ հետաքրքիր էր.

«Եթե նման հանդիպումներ ավելի շատ կազմակերպեն, շատ լավ կլինի, ֆիլմը հետաքրքիր էր, ուղղակի բարձրախոսները վատ էին ու մի քիչ նյարդայնանում էի, բայց դա էլ չխանգարեց, որ ամբողջությամբ հասկանամ ֆիլմը, իսկ վերջում մեկնաբանությունները ավելի համ ու հոտ տվեցին ֆիլմին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728