Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ ընտրություններից Րաֆֆի Հովհաննիսյանը յոթ դաս է քաղել

Փետրվար 18,2014 16:36

Այսօր, իր տարեկան ուղերձում, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկեց յոթ դաս, որը քաղել է 2013 թվականի նախագահական ընտրություններից՝ պարտության համար մեղավոր համարելով նաև իրենց. «Պատասխանատվությունը բոլորինս է՝ ինձնից սկսած: Դարձյալ հապաղելը կնշանակի անորոշ ժամանակով հետաձգել պետության կառավարման անկախ հաստատությունների ձեւավորումը: Մեղավոր են առաջին հերթին ընտրությունը կեղծող, գողացող իշխանությունները՝ գործող նախագահի գլխավորությամբ: Իսկ մենք մեղավոր ենք, որ չկարողացանք այդ ծով ցանկությունը վերածել առարկայական երկարատև ուժի»:

Նա նկատեց, որ ընտրական հանձնաժողովների բազմաթիվ անդամներ գնացին մեղսակցության եւ սա թուլացրեց «կուրծք տվող եւ պահողների» դիրքերը: Ասաց, որ եթե մեղսակցություն չլիներ եւ գումարվեր ոչ իշխանական շրջանակների աջակցությունը, որոնք հետին թվով քննադատում եւ խոսում էին, այսօր կունենային բոլորովին այլ Հայաստան՝ ազատ, անկախ ինքնիշխան ու հզորացմանը միտված: «Այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակ ստեղծել։ Շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, ոմանք էլ՝ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչով: Բայց ինչո՞ւ հեռու գնալ. անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում, գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը»,-ասաց բանախոսը։

Նա մեղադրեց նաեւ դիտորդական առաքելություններին, որոնք հերթապահ ձեւակերպմամբ, աչք են փակում կեղծիքների վրա. «Արեւմտյան որոշ շրջանակների եւս ձեռնտու էր գործ ունենալ գրպանային իշխանությունների եւ ազգային շահից զուրկ, վերահսկելի երկրի հետ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրեց ընդդիմությանը, «քաղաքացիական որոշակի խմբերին», որոնք պատրաստ չէին ընտրություններից հետո համատեղ պայքարելու, ասաց, որ ինչպես առաջ, այսօր էլ ինքը նույն մտքին է, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները. «Դարձյալ հաստատում ենք, որ դա պայքարի արդյունավետ միջոցն է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»։ Վստահ է, որ մնացյալ քաղաքական ուժերը շատ շուտով նույն համոզմանը կգան. «Սա ի վերջո, միահեծան ՀՀԿ-ի դեմ պայքար չէ: Մեր պայքարը Հայաստանի ազատագրման եւ մեր ապագայի ու փրկության համար է: Մի հոգու գործ չի, ազգի գործն է, և հաջորդ անգամ ազգովի պատրաստ ենք լինելու։ Ճգնաժամից ազգը կարող է դուրս գալ համազգային կոնսոլիդացիայի պարագայում»։

Բանախոսը ողջունում է կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի հարցով քաղաքական եւ քաղաքացիական համագործակցությունը եւ հույս ունի, որ այն շարունակություն կունենա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728