Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Փետրվար 18,2014 16:22

Ընդունվել է 2014թ. փետրվարի 8-ին,
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում։
Մենք` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ:

Երկրում ընթացող տարբեր քաղաքացիական շարժումների կողմից նախաձեռնված ազատ հավաքների, բողոքի ցույցերի, երթերի մասնակիցների եւ ակտիվիստների նկատմամբ Հայաստանի ոստիկանության կողմից դրսեւորվող ապօրինություններն ուղեկցվում են բռնություններով, չեն բացահայտվում ակտիվիստներին բռնության ենթարկած անհայտ անձինք: Այս ամենը նպատակ է հետապնդում ահաբեկել իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած ակտիվիստներին: Չբավարարվելով այդ ամենով, իշխանությունների հրահանգով ոստիկանությունը քրեական եւ վարչական հետապնդումներ է իրականացնում առավել ակտիվ քաղաքացիների եւ «վտանգավոր» ակտիվիստների նկատմամբ:

2013թ. մայիսի 9-ից պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում իր բողոքի ակցիան արտահայտել էր նստացույցով` կառավարության ուշադրությունը հրավիրելով Արցախյան պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների վրա: Բողոքին միացել էին նաեւ այլ վետերաններ: 2013թ. սեպտեմբերի 20-ին Վ. Ավետիսյանը ձերբակալվեց` մեղադրվելով ՔՕ 178-րդ (խարդախություն) հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: ՀՀ ԱԺ-ի կողմից 2013թ. հոկտեմբերի 3-ին համաներում հայտարարելուց հետո քննչական մարմինը հապճեպորեն նոր մեղադրանք առաջադրեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ` ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասի 5-րդ կետերով: Սրանով նախաքննական մարմինը խափանեց համաներման կիրառման պարագայում Վ. Ավետիսյանի ազատ արձակումը եւ կալանքը երկարացրեց՝ շարունակելով նրան պահել անազատության մեջ:

2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունն ուժով ցրեց խաղաղ հավաքը` բռնություններ գործադրելով ակտիվիստների նկատմամբ։ Կատարվեցին նոր ձերբակալություններ, որոնց թվում էր նաեւ «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանության բաժին տեղափոխելիս ոստիկանության ծառայողները մեքենայի մեջ Արգիշտի Կիվիրյանին արյունահոսելու աստիճանի ծեծի էին ենթարկել, որից հետո նրան տեղափոխել էին մոտակա հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ Ա.Կիվիրյանը եւ իր փաստաբանը հաղորդում էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` ծեծի փաստով քրեական գործ հարուցելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պահանջով: Փորձաքննությունն անցկացվել էր չորս օր անց` օգոստոսի 29-ին, երբ ծեծի հետեւանքների մի մասն արդեն վերացած էին եղել, իսկ հիվանդանոցի գրառումների մատյանում նշում չէր կատարվել, որ Կիվիրյանը լուրջ վնասվածքներ է ունեցել: Օգոստոսի 27-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվել էր, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Ա.Կիվիրյանին ոստիկանության ավտոմեքենայով ոստիկանության բաժին տանելիս վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածք, ինչի հիման վրա Ա.Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել): Ավելի ուշ Ա.Կիվիրյանին նաեւ նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն):

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մի խումբ համակիրների հետ 2013թ. հոկտեմբերի 31-ից նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում` բողոքելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Նոյեմբերի 5-ին` «Անոնիմուսներ» շարժման միջազգային օրը, Շանթ Հարությունյանը կազմակերպել էր «Անոնիմուսներ» դիմակներով երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իր խոսքով` հեղափոխություն կատարելու համար: Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների երթը սկսվելուն պես` ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը: Անհայտ մարդկանց սադրիչ գործողությունների արդյունքում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանների եւ մասնակիցների միջեւ, գործադրվեցին պայթուցիչներ (որոնք միայն ծուխ եւ ձայնային էֆեկտներ են առաջացնում): Արդյունքում` տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եւ 14 անձանց նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր ՀՀ ՔՕ 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:

Վերոնշյալ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, իսկ իրենց՝ թվով 16 անձանց` քաղաքական բանտարկյալներ եւ հալածյալներ:

Ոստիկանությունը դատական հայցեր է ներկայացրել մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստների դեմ, ովքեր բողոքի խաղաղ ցույցերի էին դուրս եկել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, իշխանություններից պահանջելով առուծախի առարկա չդարձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց՝ անօրինական կերպով սահմանափակելով խոսքի, ազատ արտահայտման, երթերի, հավաքների եւ ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքները, ձերբակալելով եւ ոստիկանական բաժիններ տանելով ավելի քան 110 հոգու: Ոստիկանության հայցերով պահանջվում է վարչական պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարներին (ՀՀ ՎԻՎ օրենսգիրք, 1801 15. Հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով), ինչը մենք գնահատում ենք որպես ակտիվիստների հանդեպ գործադրված ֆինանսական ճնշում:

Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ դեկտեմբերի 2-ի ցույցի մասնակիցներն առանց որեւէ օրինազանցության օգտվել են իրենց սահմանադրական իրավունքներից, անցկացրել են խաղաղ ցույցեր եւ երթեր, մինչդեռ ոստիկանները Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, Ամիրյան փողոցում եւ Սախարովի անվան հրապարակում ապօրինաբար փակել են ճանապարհները եւ խոչընդոտել են քաղաքացիների իրավունքների իրացումը:

Ընդսմին, ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ հետ վերցնել խաղաղ ցուցարարների դեմ դատարաններ ուղարկած հայցերը եւ մեկընդմիշտ հրաժարվել այս կամ այլ կերպ քաղաքացիներին ահաբեկելու պրակտիկայից: Ոստիկանությանը կոչ ենք անում ազատ քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործիք չդառնալ, ազատ արձակել կալանավորված` վերոհիշալ բոլոր քաղաքացիներին, կարճել նրանց նկատմամբ հանիրավի հարուցված քրեական գործերի քննությունը եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք սթափվել, գիտակցել երկրի համար օրհասական այս պահը եւ չխաթարել մեր պետության հեղինակությունն ու ապագայի տեսլականը:

Այս ամենի լույսի ներքո, հասարակությանը կոչ ենք անում չընկրկել իշխանությունների հակաժողովրդական գործողությունների առջեւ, գոտեպնդվել եւ պայքարել սեփական իրավունքների ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ապագայի համար:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728