Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը
«Կգա ժամանակ, երբ դու կորոշես, որ ամե՛ն ինչ վերջացած է: Դա էլ կլինի սկիզբը»:
Լուիս Լամուր
Կարդացեք նաև
Հարգելի հայրենակիցնե՛ր:
Փետրվարի 18-ն է՝ անցյալի ու ապագայի ջրբաժանը: Ազգային ապստամբության օր է եւ ոչ երբեք՝ պետական արկածախնդրության:
Ուղիղ մեկ տարի է անցել նախագահական վերջին ընտրություններից, որոնք մեկ անգամ եւս ցուցադրեցին Հայաստանում ընտրական ճանապարհով իշխանություն ձեւավորելու թե՛ անհնարինությունը եւ թե՛ դրան մասնակցելու էական իմաստը. պարադոքս չթվա: Պատմության համար մեկ տարին ընդամենն ակնթարթ է, բայցեւ բավականաչափ ժամանակ՝ հաշվետու հայացքով չափելու համատեղ անցած դժվար ուղին, նախընտրական ու հետընտրական վայրիվերումները, դասեր քաղելու մեր վրիպակներից եւ նորովի կշռադատելու հետագա անելիքների զինանոցը:
Արդյոք որտե՞ղ մենք սայթաքեցինք, որո՞նք են մեր շահածն ու կորցրածը, ո՞ւր է մեզ այսօր կանչում մեր քաղաքացիական պարտքի եւ պատասխանատվության զգացումը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին: Ահա հարցերի ոչ լրիվ մի ցանկ, որոնց շուրջ հավաքվել ենք հաշիվ տալու ինքներս մեզ, ներկայացնելու մեր տեսակետները, միասին փնտրելու լուծումներ եւ հավաքաբար գծելու մեր ճանապարհային քարտեզը:
«Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել իր ամեն մի անկումից հետո». այս իմաստնությանն է հանգել ոգորումների ու հաղթանակների բովով անցած աննկուն Նելսոն Մանդելան: Նրա մտքի դիպուկ վերահաստատումն է «Ի-Ճինգի»՝ «Փոփոխությունների Չինական Դասական Մեծն Գրքի» հետեւյալ պատվիրանը. «Երբ հոսող ջուրն իր ճանապարհին արգելքի է հանդիպում՝ այն կանգնում է, ավելացնում ծավալն ու ուժը եւ հետո հոսում դրա վրայով: Հետեւեք ջրի օրինակին»: «Ժառանգությունը» եւ ազատ, անկախ Հայաստանի մյուս ռահակիցները չե՛ն լքել մարտադաշտը, վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը «ուժ ու ծավալ» հավաքելու, էլ ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը տակավին հաղթահարված չէ:
Այս ամբողջ ընթացքում հետընտրական մեր պայքարի թափը երբեք չի կոտրվել. նրա լիցքերը, շնչառությունը, նրա ազդականչերը տեւապես թեւածում էին եւ ե՛ն Ազատության հրապարակում, մայրաքաղաքի փողոցներում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման, ապօրինի շինարարության եւ քաղաքական ու սոցիալական այլեւայլ կամայականությունների դեմ ցասումով լի երիտասարդների, ազատամարտիկների, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հոգիներում եւ շուրթերի վրա: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որեւէ կերպ «Ժառանգությանը» եւ «Բարեւ Երեւան»-ին ետ պահել ազնիվ պայքարի իրենց ուղուց, իսկ հիմնադրման 20-ամյակն այս տարի բոլորող Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին՝ հայաստանյան վերլուծական մտքի առաջնեկի ու քաղաքակրթական արժեհամակարգի կրողի իր պատվավոր առաքելությունից:
Եվ ինչքան էլ ոմանք պատվիրովի արշավներ ձեռնարկեն ընդդեմ վաստակամեծ այդ կառույցների, չեն կարող թաքցնել իրենց մանրիկ, բայց անմաքուր նկրտումները, առավել եւս չեն կարող դրանք իրականացնել, որովհետեւ մեր եւ ժողովրդի հավատն անմար է, ոգին՝ ամրակուռ, ձգտումն՝ արդարացի եւ կամքը՝ անկոտրում: Իրենց հաշվարկներում վրիպեցին այն գործիչներն ու լրատվամիջոցները, որոնք շտապեցին դամբանական հյուսել «Ժառանգությանը»: Թող ոչ ոք զուր հույսեր չփայփայի: «Ժառանգությունը» միշտ եղել է ու այսուհետ եւս կլինի հանրության՝ իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիական հոսանքների եւ մեր պանծալի երիտասարդության կողքին ու նրանց հետ միեւնույն կուռ շարքում:
Արագ փոփոխվող այս աշխարհում, երբ նորարար միտքը, տեխնոլոգիաները, մարդկային հարաբերությունների որակը հրամայաբար արդի կենսաձեւ են թելադրում, մենք չենք կարող դոփել տեղում, ապրել ու շնչել, աշխատել ու մեզ պաշտպանված զգալ խեղաթյուրված մի իրականության մեջ, որտեղ օրենքի փոխարեն իշխում է թայֆայականությունը, արժանապատվության փոխարեն՝ ստորաքարշությունը, պարկեշտության փոխարեն՝ շահամոլությունը, ազգային հպարտության փոխարեն՝ սնափառությունը, միասնության փոխարեն՝ հատվածապաշտությունը:
Ո՞րն է պետության ինքնիշխանության կորստի, անհատի այլասերման հասցնող եւ ամենաթողության ու անարդարությունների շքահանդեսի տանող այս ճանապարհի հաջորդ կանգառը՝ այսպես մենք ո՞ւր կհասնենք: Ինչպե՞ս կասեցնել սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական այս սրընթաց գահավիժումը եւ կերտել մարդակենտրոն, հայաստանակենտրոն նոր իրականություն: Մեր երազանքների իրականությունը:
Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով եւ մի փոքր ավելի հանգամանալից:
Ապօրինի իշխանությունը մեկուսացնում, վարձակալության է տալիս երկիրը
«Անհաջողությունը միայն ժամանակավոր է. հանձնվելով՝ դուք այն դարձնում եք մշտական»:
Ուինսթոն Չերչիլ
Այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի 18-ին ապօրինի վարչախմբի վերարտադրության արդյունքն է: Իր իշխանության արտաքին հովանավորության փնտրտուքներում գործող նախագահը միջազգային հարթակում մեկուսացրեց մեր երկիրը՝ ջուրը թափելով բարեկամ պետությունների եւ դաշնակիցների հետ կապերն արգասավորելու համար ներդրված ջանքերն ու միջոցները՝ էլ չասած անտեղի ժամանակ վատնելու մասին: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցության աշխատաոճը: Հարաբերությունները կառուցվում են՝ ելնելով ազգային շահերի ու երկրի ազգային հարստության հաշվին վարչակարգին ցուցաբերվող արտաքին աջակցության երաշխիքների ձեւավորման նպատակներից:
«Մեկ գիշերվա մեջ» գիծ քաշվեց Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման ծրագրի շրջանակներում կատարված տեւական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային միության մշուշոտ հեռանկարի, որտեղ, ինչպես պարզվեց, Հայաստանին այնքան էլ գրկաբաց չէին սպասում: Գոնե Արցախի ու իր ամբողջականության ճանաչումն ապահովված լիներ: Սա էլ չկա:
Երկիրն ավելի ու ավելի է ընկղմվում տասնամյակների գործողության ժամկետով ստրկացուցիչ պայմանագրերի հորձանուտում: Իսկ դրա ածանցյալներն են՝ գազային հակասահմանադրական պայմանագիրը, «ջրի երես» հանված 300 միլիոնը, որը սոսկ պարտք չէ, այլեւ դավադրություն՝ ուղղված, առաջին հերթին, հայ ազգի եւ, որպես ընտրությունները գողանալու ստոր ու վախկոտ միջոց, կոնկրետ մեր դեմ:
Իշխանությանց նահանգային կախվածությունը մեզ ստիպում է չհամագործակցել բարեկամ երկրների հետ, մասնավորապես՝ էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում: Մեզ փորձում են անընդունելի պայմաններ պարտադրել Արցախի հարցում: Փորձում են մեզ հակադրել հազարամյակների մեր դրացի Իրանին, որը պատրաստակամ է կենսականորեն կարեւոր, փոխշահավետ զորակցություն ցույց տալու Հայաստանին:
Ռուսաստանի հետ՝ մի երկրի, որին Հայաստանը կապված է խորը եւ երկուստեք շահավետ կապերով, փոխհարաբերությունների համակարգի ձեւավորման չմտածված քաղաքականությունը սպառնում է խախտել տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը: Պաշտոնական Մոսկվան չի խորշում մեր գլխավոր հակառակորդին՝ Ադրբեջանին, զինել նորագույն հարձակողական զենքով: Իսկ Հայաստանի ընտրագող իշխանությունները չեն խորշում մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարը պայմանավորել կրեմլյան շահերով:
Սրա մյուս երեսն էլ նույն իշխանության ստորագրած՝ Թուրքիա-Հայաստան արկածախնդրական արձանագրություններն էին, որոնք Մաքսային միության որոշման հետ մեկտեղ հանդիսանում են 1921թ. թուրք-բոլշեւիկյան խարդավանակ պայմանագրի նորովի կրկնությունը: Եթե միեւնույն հպատակության այս երկու զուգահեռները չփակվեն անմիջապես՝ ուրեմն Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայաստանը հոժարակամ կհեռանա քաղաքական քարտեզից՝ դառնալով ամորֆ, անկարեւոր մի միավոր, որն անելիք եւ ասելիք չի ունենա ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ էլ տարածաշրջանում:
Դրան զուգահեռ՝ հարաճուն թափով հասարակության վզին են փաթաթվում նոր օրենքներ, որոնք իրենցից ներկայացնում են գրեթե «օրինականացված ռեկետ»: Ողջ Երեւան քաղաքի ավտոկայանատեղիներում վճարման պարտադիր համակարգի ներդրում, արագաչափերով արձանագրվող եւ մասնավորի գրպանը մտնող աստղաբաշխական տուգանքների գանձում, պարտադիր կենսաթոշակային հիմնադրամի մասին օրենքի ընդունում, էլեկտրաէներգիայի վարձավճարների եւ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումներ՝ այս ամենը, ըստ էության, հարստահարման մի ծանր շղթա է՝ դրված առանց այդ էլ սոցիալական անտանելի վիճակում գտնվող քաղաքացիների վզին:
Ու քաղաքացիների հետ հաշվի նստելու ոչ մի ցանկություն: Ճիշտ հակառակը՝ փորձ է արվում ամենաբարձր մակարդակով կազմակերպվող ռեկետը ներկայացնել որպես պատմական որոշում: Պետական կառավարման բոլոր մակարդակներում մարդկանց սպասարկելու «մեկ պատուհանի սկզբունք» հորջորջվածը փոխարինվել է «դռնից հեռու՝ աչքից հեռու» կարգախոսով: Ժողովրդի բողոքներին բանի տեղ դնող չկա, իշխանությունների բռնի գործողություններն, ընդհակառակը, ավելացնում են դժգոհողների եւ Հայրենիքից հեռացողների թիվը: Հայցելով իրավակարգի պարկեշտ ծառայողների ներողամտությունը, միաժամանակ չենք կարող չփաստել, որ ոստիկանի ու դատավորի ընդհանուր կերպարը դարձել է մեր ժամանակի խորհրդանիշը:
Ոչ մի արդարացում չունեն հանրության եւ քաղաքականապես ակտիվ անձանց ոչ միայն բառացի, այլեւ տեղեկատվական հալածանքները: Ուզում են մեզ ապակողմնորոշել, խոտորել կյանքի վրա ազդելու, այն վերափոխելու մղումից: Նպատակամիտված սուտն ու կաշառքը բռնատիրական վարչակարգի ներքաղաքական հենարանն են դարձել: Շանթ Հարությունյանը, հավանաբար, վերջին քաղբանտարկյալը չի լինելու. պահանջում ենք նրա եւ մյուսների ազատ արձակումը:
Իշխանական վերնախավը հույս ունի, որ ուշադրություն շեղող կեղծ թեմաներն ուռճացնելու միջոցով կկարողանա զսպել քաղաքացիների եւ քաղաքական առողջ ուժերի համախմբումը: Բայց դարձյալ սխալվում է: Նրան չի օգնի անգամ մեծ տարածում ստացած եւ հասարակությունը մեթոդիկորեն այլասերող անբարոյական արժեքների, բռնատիրական մյուս բարքերի քարոզչությունը:
Մեր նպատակը արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորումն է
«Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միեւնույն է, թե ինչքան է նրա երկարությունը»:
Մարցինովսկի
Վերը նկարագրվածը, ցավոք, մեր քաղաքական կյանքից անպակաս է: Սակայն երկրում աճող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչախմբի ջանքերը դատապարտված են ձախողման, եւ մեր ժողովրդին այլեւս խաբել չի հաջողվի: Մենք չենք լքի մեր երկիրը, մեր դիրքերը եւ ոչ մի տեղ չենք գնա՝ մենք կազատագրենք մեր պետությունը հակոտնյա երեւույթներից ու տարրերից եւ ժողովրդին կվերադարձնենք նրա օրինական իրավունքներն ու ոտնահարված արժանապատվությունը:
Հայաստանի ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել. մենք երկրում կստեղծենք ազատ ընտրությունների անցկացման երաշխիքներ, որոնց միջոցով կընտրենք օրինական իշխանություն եւ պետական հաստատությունները կազատենք կաստայական կապանքներից: Հետայսու ոչ ոք չի հանդգնի ժողովրդից խլել իշխանությունը եւ նվիրել անօրեն վարչախմբերի ամեն կարգի հովանավորներին: Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել կեղծ կողմնորոշիչներով ու պատիր նպատակներով:
Մեր խնդիրը ազատ կամարտահայտության համար պայմանների ապահովումն է
«Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը ամեն հնարավորության մեջ՝ դժվարություններ»:
Ուինսթոն Չերչիլ
Ազատ ընտրությունների հանրակարգ հիմնելու համար անարդյունք պայքարի բազմամյա փորձը շատերի մեջ թյուր համոզմունք է ձեւավորել, թե ոչինչ փոխել հնարավոր չէ: Ոչ, հնարավո՛ր է: Ընտրակեղծարարներն իսկույն անձնատուր կլինեն, եթե հայտնվեն մի իրավիճակում, որտեղ իրենց հնարքներն այլեւս չանցնեն: Մեր խնդիրը հենց այդպիսի իրավիճակի ստեղծումն է: Շատ ժողովուրդներ այդ խնդիրը լուծել են համաժողովրդական խաղաղ անհնազանդության ալիք բարձրացնելու միջոցով, ոմանք էլ փորձում են գնալ այլընտրանքային իշխանական կառույցներ կազմավորելու ճանապարհով:
Բայց ինչու հեռուն գնալ. անցած փետրվարին մեր ժողովրդի կայացրած իրական վճռի ամրագրումից մեզ մի մազաչափ հեռավորություն էր բաժանում: Ընդամենն անհրաժեշտ էր, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված գոնե ընդդիմադիր քաղաքական ուժերի անխտիր բոլոր ներկայացուցիչները՝ նաեւ մերը, իրենց պարտականությունները կատարեին ազնվորեն, օրենքով սահմանված պատասխանատվության ծիրում (ավաղ, բազմաթիվ մարդիկ գնացին մեղսակցության): Եվ եթե ժամանակին դրան գումարվեր նույն ոչ իշխանական շրջանակների, ինչպես նաեւ արդեն ուշացած հետադարձով խոսող-քննադատող հոսանքների համերաշխ սատարումը, այսօր կունենայինք լիովին այլ պետություն՝ ազատ, արդար, ինքնիշխան, հզորացման միտված: Ժողովրդի վճռական ոգին առկա էր, այն ամրագրելու առարկայական ներուժը՝ ցավոք, ոչ: Ծով ցանկությամբ հանդերձ՝ ազգովի պատրաստ չէինք: Այնպես որ, ձեւեր կան, ընդօրինակման արժանի, ինչպեսեւ պարտադիր փոփոխման ենթակա փորձ կա, եւ կարելի է կիրառության մեջ դնել վերջնական մեր հաղթանակի անհրաժեշտ պայմանների համար ամենաարդյունավետը:
Այո՛, մենք ի վիճակի ենք կուսակցապետությանը կանգնեցել այնպիսի իրադրության դեմհանդիման, որ նա անզոր լինի հերթական անգամ բռնանալ ընտրողների կամքի եւ ազատ ընտրությունների ինստիտուտի վրա: Մենք ի զորու ենք մեր երկրում չեզոքացնել ցանկացած եղանակով պետական իշխանության ուզուրպացման հնարավորությունը: Ոչ բռնի ուժը, ոչ կաշառքը, ոչ արտաքին հովանավորչությունը այսուհետ ապօրինի իշխանության վերարտադրության ռեսուրսներ չեն ծառայի:
Պայքարի մեր հանգանակը ժողովրդավար համապարփակ ընդդիմության, ապաեւ իշխանության ստեղծումն է
«Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխավերեւում եւ բարոյական օրենքը սրտի մեջ»:
Գարեգին Նժդեհ
Անցած տարվա ապրիլին մենք ժողովրդի հետ միասին ուխտեցինք չճանաչել կուսակցապետության օրինականությունը եւ հրաժարվել նրա հետ որեւէ գործ ունենալուց: Մեր այդ ուխտն էլ կլինի յուրովի ուղեցույց՝ նորից համոզվելու եւ բոլորին համոզելու անօրինականության հետ երբեք չհամակերպվելու ճշմարտությունն ու քաղաքական նպատակահարմարությունը:
Հիշում եք՝ մենք բոլորին կոչ արեցինք իջեցնել կուսակցական դրոշները եւ ստեղծել համընդհանուր քաղաքացիական ճակատ՝ ունենալով մեկ միասնական նպատակ. կուսակցապետությանը ստիպել հրաժարվել ազատ ընտրությունները կաթվածահար անելուց: Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ դա պայքարի միակ արդյունավետ միջոցն է: Վստահ եմ, որ իրական քաղաքական ուժերը նույնպես շատ շուտով այդ համոզմանը կհանգեն:
Ի վերջո՝ սա միայն միահեծան Հանրապետականի դեմ արշավ չէ. այնտեղ էլ կան երկրի ու ժողովրդի վաղվա օրով մտահոգ առանձին մարդիկ: Մեր պայքարը Հայաստանի ազատագրման եւ մեր ապագայի փրկության համար է:
Յոթ դաս նախագահի ընտրություններից եւ հետընտրական կացությունից
«Դասը, որ ես քաղել եմ ու որին հետեւում եմ ողջ կյանքում՝ փորձելու, փորձելու եւ կրկին փորձելու, բայց երբեք չհանձնվելու մասին է»:
Ռիչարդ Բրենսոն
Նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը չի հաշտվում վերջին նախագահական ընտրություններից հետո երկրում առկա կացության հետ եւ պատրաստ է ջանադրաբար պայքարել իր իրավունքների համար, բոլոր օրինական եղանակներով պաշտպանել իր շահերը: Հասարակության գործուն հատվածն ի զորու է ինքնակազմակերպվել եւ, հավատարիմ մնալով օրենքի տառին ու ոգուն, փաստարկված ձեւով պահանջներ ներկայացնել բոլոր մակարդակի իշխանություններին:
Արդ եկել է ժամանակը՝ դասեր քաղելու եւ ելքեր որոնելու այն իրավիճակից, որում հայտնվել են Հայաստանը եւ նրա ժողովուրդը: Որո՞նք են այդ դասերը.
1. 2013թ. նախագահական ընտրությունները վերջնականապես ապացուցեցին, որ ներկա իրողություններում ժողովրդի կամարտահայտության ապահովումն անհնար է: Վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրությունները կեղծելու համար գործի դրված մեքենան իշխող կուսակցությանը թույլ է տալիս արդեն որերորդ անգամ լիակատար կերպով վերարտադրվել: Ուրեմն՝ առաջին հերթին պետք է հուսալի նախադրյալներ ստեղծել ազատ ընտրությունների անցկացման համար՝ հիմնովին ջարդելով զեղծարարության ու թվանկարչության ընտելացած մեքենան: Անվիճելի է նաեւ, որ ընտրությունների ժամանակ մեզանում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների մեծամասնությունը մշտապես աչք է փակում ակնհայտ կեղծիքի դեմ՝ հերթապահ մի ձեւակերպմամբ, թե «Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին ժողովրդավարացման գործում»: Նպատակը բոլորիս համար պարզ է՝ Արեւմտյան որոշ շրջանակների եւս ձեռնտու է գործ ունենալ «գրպանային» իշխանությունների ու ազգային շահից զուրկ վերահսկելի երկրի հետ: Փույթ չէ, թե Հայաստանի ինքնիշխանության կորուստն աղետալի չափերի է հասցնում նրա տնտեսական, ժողովրդագրական, մտավոր ու ռազմական անվտանգության աստիճանը: Ժողովրդին պատկանող փետրվարի 18-ով պայմանավորված մեծ վերադարձի հեռանկարը դարձել է իրենից գողացված իրավունքի, ուստիեւ խորացող արտագաղթի հերթական կռվանը:
2. Հետագայում ճիշտ հետեւություններ անելու եւ համարժեք գործելու համար հարկ է ամրագրել, որ 2013-ի փետրվարի 18-ին տեղի ունեցավ պետական նշանակության եւս մեկ ակնբախ հանցագործություն՝ ընտրագողություն, որին ստիպողաբար մասնակից դարձրին տասնյակ հազարավոր քաղաքացիների եւ, նույնիսկ, մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին: Ինչ ասել կուզի՝ հազար փառք մեր բանակին, փառք Արմեն Հովհաննիսյանի, այս գիշեր մահվան տասնամյա տարելիցը բոլորող զինվորական սպա Գուրգեն Մարգարյանի նման քաջարի մարտիկներին: Բայց… ստիպված եմ այստեղ կախման կետեր դնել: Ամո՛թ է: Գուրգուրալ է պետք Հայրենիքի սրբազան սահմանները կյանքի գնով պաշտպանող զինվորին, այլ ոչ թե նրան օգտագործել սեփական գծուծ նպատակների համար: Ի՞նչ է կատարվում մեր բանակում, ինչո՞ւ գնալով ավելանում են մահացու դեպքերը սահմանում եւ սահմանից հեռու, ո՞վ է պատասխան տալու խաղաղ պայմաններում զոհված երիտասարդների կյանքի համար եւ, առհասարակ, ո՞ւմ հանցավոր թողտվությամբ են ոմանք փորձում մեր հաղթական բանակը, որը երկրի ու ժողովրդի պաշտպանության պատվարն է, դարձնել անաշխատ եկամտի աղբյուր: Ի՞նչ են այդ մասին մտածում անձամբ գերագույն կոչվող հրամանատարը եւ պաշտպանության նախարարը, թե՞ զինվորի պատիվն ու կյանքի անվտանգությունն իրենց պատասխանատվության ոլորտից դուրս է:
3. Գործնականում պետական կառավարման բոլոր մարմինները՝ «նստավայրը», գործադիրը, Ազգային ժողովը, դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը, դատարանները, ոստիկանությունը, մյուսները աշխատում են ոչ թե հանուն Հայաստանի վարկանիշի ու հզորության բարձրացման, նրա ժողովրդավարական հիմքերի ամրապնդման եւ իրավական պետության ստեղծման, այլ ի շահ մի քանի տասնյակ ընտանեկան կոնգլոմերատների բարեկեցության: Սա նշանակում է, որ օրինազանց իշխանության դեմքով հանդես եկող կուսակցապետության հետ, որն այդ ամենի ճարտարապետն է, խոսելու կամ քննարկելու որեւէ բան մենք այլեւս չունենք, բացառությամբ Սահմանադրության երկրորդ հոդվածի կենսակոչման:
4. Ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ այսօր «քաղաքացիաբար» խրոխտախոսողները, ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո պատրաստ չէին համատեղ երկարաժամկետ պայքարի: Ընդհանուր խնդրի շուրջ միավորվելու մարտավարությունը ոչ մի կերպ չէր ստացվում, խանգարում էին հաճախ աննշան գործոններ՝ կեղծ պատվախնդրությունը, առանձնաբար «փայլելու» մղումը, խանդը եւ նեղկուսակցական մտածողությունը: Արդյունքը եղավ այն, որ կուսակցական կառույցները սկսեցին հետզհետե վարկաբեկվել՝ զրկվելով ժողովրդի աջակցությունից եւ վստահությունից, ինչը վերականգնելու համար ահռելի աշխատանք ու ջանքեր են պահանջվում: Դա վերաբերում է նաեւ քաղաքացիական որոշակի խմբերի, որոնք՝ դատափետելով կուսակցություններին, ըստ էության, նույնպես վերածվում են քաղաքական միավորների: Բացի անվանումից, որեւէ տարբերություն չկա: Այդով հանդերձ՝ ողջունելի է, որ կուտակային կենսաթոշակների, ինչպեսեւ ռուսական գազի ու այս անընտիր իշխանությունների մեքենայությամբ առաջացած պետական պարտքի հարցերով քաղաքական-քաղաքացիական համագործակցությունը վատ չի ստացվում. հուսանք, որ այն ուսանելի դաս կդառնա եւ շարունակություն կունենա: Մեր տեւական կոչի շրջանակում համապատասխան ղեկավարների առաջին հավաքի հրամայականը, կարծես թե, հասունացել է:
5. Մեզ տրվեց բավական ակնառու եւս մեկ հնարավորություն, եւ մենք չկարողացանք այն օգտագործել ի նպաստ երկրի ու ժողովրդի: Դարձյալ հապաղել՝ կնշանակի անորոշ ժամանակով հետաձգել պետության կառավարման ժողովրդավարական հաստատությունների, անկախ դատական համակարգի ձեւավորման, տնտեսական ներուժի ամրապնդման ու «ստվերից» տնտեսության դուրսբերման, փոքր եւ միջին բիզնեսի, գյուղի եւ քաղաքի համաչափ զարգացման, հարկային ու մաքսային նպաստավոր միջավայրի ստեղծման, բնության եւ ազգային ընդերքի պահպանման, Աղետի գոտու լիարժեք վերականգնման, Հայրենիք-Սփյուռք իրական, ստեղծագործ միասնության, իրավունքի եւ, ամենից առաջ, Սահմանադրության գերակայության ապահովման եւ բազում այլ հիմնախնդիրների լուծումը: Դա անթույլատրելի կլինի:
6. Իշխանության բոլոր ճյուղերը, կարեւորագույն պետական հարցեր լուծելու կոչված պաշտոնյաները միանգամայն վստահ են, որ իրենց աշխատանքի ձախողման համար որեւէ պատասխանատվության կամ պատժի չեն ենթարկվի, քանի դեռ հավատարմորեն սպասարկում են իշխանակարգի եւ անձամբ նրա բարձրագույն ներկայացուցիչների շահերը: Այս կարծրատիպը պետք է կոտրվի, եւ դրանում կարեւոր դեր ու աշխատանքի մեծ ճակատ ունեն զանգվածային լրատվամիջոցները: Հիշենք մամուլի «երկու երեսի» մասին Ջոզեֆ Պուլիցերի բնորոշումը, ըստ որի՝ «ունակ, անշահախնդիր, հասարակության առաքինությամբ ապրող» մամուլն ունի ճիշտն իմանալու եւ ժողովրդական կառավարում ապահովելու խելամտություն, իսկ «ցինիկ, վարձկան, ամբոխահաճո» մամուլը՝ ժամանակի ընթացքում իր նման ցածրակարգ ժողովուրդ արտադրելու հատկություն: Ընտրությունը ձերն է: Յուրաքանչյուր ոք պետք է խորապես գիտակցի, որ կատարած զանցանքի համար հատուցումը վաղ թե ուշ վրա է հասնելու: Ընտրագողությունը չունի վաղեմության ժամկետ, ընտրագողությունը ենթակա չէ համաներման: Եվ այն ամբողջացավ, երբ ընտրությունները կեղծող նույն իշխանությունը` «անհաշվետու երիտասարդացմանն» ընդառաջ, միջազգային պատվիրակության կազմից հեռացրեց հայոց շահերը խիզախորեն եւ տեւապես ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնած, տվյալ դեպքում իր խոսքի՝ սահմանադրորեն պաշտպանված ազատությունն իրացնող պատգամավորին:
7. Մեղավորը նաեւ մենք բոլորս ենք՝ մեր անգործունությամբ, անտարբերությամբ եւ կամազրկությամբ: Հետեւենք մեծն Նժդեհի պատգամին. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»: Փորձո՞ւմ ենք մենք միասնաբար հաղթահարել այս ապատիկ վիճակը եւ բարձրանալ տեղից ու բարձրացնել երկիրը, թե՞ սպասում ենք՝ ինչ-որ մեկը դա անի մեր փոխարեն: Ակամայից հիշում ես կաթով լի երկու սափորի մեջ ընկած գորտերի մասին առակը: Նրանցից մեկը կաթնամանի մեջ անընդհատ աշխատելով թաթիկներով, սերուցքից յուղի մի գնդիկ է առաջացնում եւ վրան կանգնելով՝ դուրս ցատկում ու փրկվում: Իսկ երկրորդը, որ ոչինչ չի ձեռնարկում՝ հավանաբար, սպասելով, որ կգան, իրեն կհանեն սափորից, ի վերջո, խեղդվում է: Իմաստուն խորհուրդ ունի՝ հենց փետրվարի 18-ի խորհուրդը. պայքարը բոլորինս է եւ ոչ երբեք՝ անցողիկ կուռք-անուններինը:
Պայքարը շարունակվում է
Մենք բազմիցս ասել ենք եւ էլի կասենք, որ ահագնացող այս ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացման միջոցով: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն այդպիսի ցանկություն չունի: Եվ ոչ էլ ի վիճակի է մեկտեղել բոլոր միավորները, քանի որ ցանկացած քաղաքական ուժի մեջ, թող դա ձեզ տարօրինակ չթվա, տեսնում է իր բիզնես-մրցակցին: Ուրիշ էլ ինչ չափանիշներով կարող է դատել ժողովրդի մասին չմտածող, ազգային հարստությունը մսխող իշխանությունը: Այլ ելք մեզ չի մնում, քան վերականգնել իր իշխանության եւ ապագայի հանդեպ մարդկանց հավատը, հավաքագրել ծառացած մարտահրավերներին դիմակայելու նրանց ներուժը:
Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ՝ սկսած պայքարի նորանոր կենտրոններ եւ դիմադրության բջիջներ, մշտապես գործող քաղաքացիական բաց ֆորումներ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերի եւ հակասահմանադրական ազգային օրենքների չճանաչմամբ: Կարեւորագույն մեր անելիքներից մեկն էլ իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումն է՝ քաղաքական դասի ու հասարակության մեջ այդ երեւույթը խստորեն դատապարտելու եւ դրա շուրջ քաղաքացիական-քաղաքական միասնական ճակատ ձեւավորելու նպատակով:
Ժամն է փետրվարտասնության պատմական փառք ու պատվից, խոնարհումից ու խոտորությունից անցնել ապագա կերտելու գործին: Ինձ ուղղված իր բաց նամակում երիցս իրավացի է մեզ բարին մաղթող մեծարգո բլոգերը՝ շեշտելով «ի շրջանս յուր» վերադարձող հաղթանակի եւ պարտության մեկամյա հետագծից ճշմարտությունը յուրացնելու կարեւորությունը:
Իսկ նրանք, ովքեր հեշտ-հեշտ ու դեմքի խորագիտակ արտահայտությամբ խոսում են փոշիացման մասին, ցավոք, ոչ կապ ունեն ժողովրդի հաղթանակի հետ, ոչ էլ հասկանում են նրա անմար ոգին: Պետք չէ ժողովրդի փոխարեն խոսել: Իսկ մենք՝ գիտակցաբար եւ դափնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք ակնհայտ վստահության քվեն, այլ վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, եւ որպեսզի ճիշտ ժամին ու ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միմիայն իրեն:
Ուրեմն, թանկագին համաքաղաքացիներ, անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական եւ քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ:
Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության, մեր ազատության, ինքնիշխանության եւ ազգային շահի, հանո՛ւն մեր սուրբ նահատակների ու մեր երեխաների՝ հողի եւ ջրի նման անհրաժեշտություն է Միացյալ հրապարակի կայացումը եւ այս չընտրված իշխանությունների հեռացումը՝ մինչեւ վերածննդի ապրիլի 9-ը: Հասկացեք ուղղակի կամ փոխաբերական իմաստով, բայց բոլոր դեպքերում սա ազգային-պետական օրակարգի հիմնական պահանջն է:
Մարդ ենք՝ բնության տված մեր առաքինություններով ու թուլություններով. մերթ նվաճող, մերթ սխալվող, բայց միշտ մաքառող, առաջընթացի, լավի ու նորի, արդարի եւ ճշմարիտի ձգտող: Մեր ժողովուրդը եւ յուրաքանչյուր քաղաքացի երկրորդ հնարավորության իրավունք ունի: Ուստի՝ այն, ինչը միասին արեցինք անցյալ տարի, անժխտելի է. ոչ մեկը կարգավիճակ չունի մեր հաղթանակը մեզնից խլելու: Իսկ այն, ինչը կիսատ մնաց, պարտավոր ենք լրացնել միասնաբար, մեր անձնվեր գործով, եւ՝ ի կատար: Հետո գալու է Սեւակի պատգամած մեր հինգերորդ եղանակը:
Արժե ապրել մինչեւ ապրիլ: Եվ… հավերժող բյուր գարուններ:
Միայն միությամբ կա հայոց փրկություն:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
18 փետրվարի 2014թ.
Երեւան