Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Եվրանեսթում մեր պատվիրակները պրոֆեսիոնալ են աշխատել» (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 16:04

Փետրվարի 11-13-ը Բրյուսելում կայացել են Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մի քանի մշտական հանձնաժողովների նիստեր:

Այսօր Եվրանեսթում մեր պատվիրակության՝ հանձնաժողովի նիստերին մասնակցած անդամները ԱԺ-ում ներկայացրին Բրյուսելում իրենց կատարած աշխատանքները:

Պատվիրակության ղեկավարը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, պատմեց ադրբեջանական պատվիրակության մշտական աշխատաոճի մասին. անկախ թեմայից` հակահայկական քարոզչություն տանել: Ըստ Ա. Զաքարյանի՝ «տարեցտարի ադրբեջանական այդ աշխատաոճի հնարավորությունները փոքրանում են, եվրոպական կողմը շատ լավ հասկանում է ադրբեջանական կողմի գործունեությունը»:

Բնականաբար, խոսք գնաց նաեւ Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո՝ Եվրոպական այս հարթակում Հայաստանի հանդեպ վերաբերմունքի մասին: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ինքն այնտեղ էլ է բարձրաձայնել, որ «մեր եվրոպական օրակարգը մնում է կայուն եւ հաստատուն»:

Նա պնդում էր, որ Հայաստանի համար ինտեգրման երկու վեկտորները՝ Մաքսային միություն եւ Եվրամիություն, չեն հակադրվում իրար: Առաջինը՝ տնտեսական է, երկրորդը՝ ժողովրդավարական, իրավական եւ այլ: Ըստ պարոն Զաքարյանի՝ ԵՄ հետ խորը ասոցացումը մնում է մեր առաջնահերթությունների մեջ եւ միակ «տուժողը»՝ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրն էր, որը փոխարինվեց Մաքսային միության շրջանակներով՝ «ավելի ռեալ բանով»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ասաց, թե Եվրոպան ինքն է խոստովանում, որ այն խնդիրները, որոնք մենք լուծում ենք Մաքսային միություն մտնելով՝ ռազմաքաղաքական եւ տնտեսական, դրանք «գուցե իր ուժերից վեր էին»:

Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր խոսքում ասաց, որ կառավարությունը հսկայական անելիք ունի՝ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների կարգավորման առումով. «պետք է Ա. հստակ նշել, թե քանի՞ հարց ունենք Եվրոպայի հետ, Բ. դրանցից քանի՞սն է հատվում Մաքսայինի հետ, Ա-ից հանենք Բ, եւ տեսնենք թե ինչ հարցերի շուրջ պիտի Եվրոպայի հետ աշխատենք»:

Հրանտ Բագրատյանը նկատեց, որ թեեւ Եվրոպայում ընդգծված վերաբերմունք կա Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու կապակցությամբ, այդուհանդերձ, «մեր հաջողությունն է, որ Եվրոպան մեզ չասեց՝ դուք դրսում եք, այլ ասում է՝ շարունակեք, բայց միայն այն հարցերի շրջանակում, որոնց վերաբերյալ Մաքսայինում չունեք ստանձնած պարտավորություններ»:

Նա նաեւ նկատեց, որ հայկական պատվիրակությունը Բրյուսելում պրոֆեսիոնալ եւ համախմբված էր աշխատում՝ «կարող էր լինել ավելի վատ, ինչպես եղավ Ստրասբուրգում »:

Հ.Բագրատյանը նույնպես խոսեց ադրբեջանցիների գործելաոճի մասին, որ անկախ նրանից՝ կա՞ր առիթ, թե ոչ, բարձրացնում էին հակահայկական հարցեր. «Նա մեզ էներգետիկ պարազիտ էր ասում, մենք թվեր էինք բերում, թե ով որքան է ծախսում եւ երեւում էր, թե ո՞վ է պարազիտը: Շատ որակյալ պատասխանում էինք նրանց ամեն հարցի: Ադրբեջանը մեզ մեղադրում էր պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու մեջ, մենք ցույց էինք տալիս փաստերով, կադրերով, թե ով է ոչնչացնում»: Ի դեպ, Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ Եվրանեսթի շրջանակներում քննարկված էներգետիկ համագործակցության հեռանկարներին: Նա ասաց, որ Եվրոպայում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հեռանկարները քննարկելիս ներկայացվել են քամու էներգիայի ստացման նոր մեթոդներ, որոնց շնորհիվ քամուց հնարավոր է չափազանց էժան էներգիա ստանալ: Այս կապակցությամբ նա կրկին արտահայտեց իր վրդովմունքը նախորդ տարի դեկտեմբերին ստորագրված եւ ԱԺ մեծամասնության կողմից ստորագրված գազային համաձայնագրերից, որոնց արդյունքում Հայաստանը պարտավորություն է վերցրել երեսուն տարի շարունակ ապահովել «Գազպրոմի» եկամուտները, այն դեպքում, երբ քամու էներգիայի ստացման վրա աշխատանք տանելու արդյունքում մենք շատ ավելի էժան էլէներգիա կստանայինք:

Մանրամասները՝ տեսանյութում

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728